Հասարակություն

«Հրապարակ»․ Դղյակի պատը քանդվել է, տուրիստներին արգելում են լուսանկարել այն

«Հրապարակ»․ Դղյակի պատը քանդվել է, տուրիստներին արգելում են լուսանկարել այն

Լոռու մարզի Ախթալա քաղաքում հառնում է գեղեցիկ շինություն, որը կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ շվեյցարական ոճով, հայ գործարար, բարեգործ Միքայել Արամյանցի կողմից։ Այդ շքեղ ամառանոց-դղյակը միակն է Հայաստանի պահպանված նմանատիպ կառույցների մեջ՝ Վանաձորում գտնվող Թաիրովների տան հետ միասին։ Դղյակը շուքով է կառուցված՝ հարստությամբ ու նրբագեղությամբ, եւ ժամանակին ծառայել է ոչ միայն որպես բնակարան, այլեւ` մշակութային կենտրոն։ Այստեղ հանգստացել են Հովհաննես Թումանյանը, Խրիմյան Հայրիկ կաթողիկոսը, օպերային երգիչ Շալյապինը, ռեժիսոր Մեյերխոլդը եւ այլք։ 

Արամյանցի դղյակը Հայաստանի եզակի պատմաճարտարապետական կառույցներից է եւ 2016 թվականից ընդգրկված է ՀՀ պատմամշակութային հուշարձանների պետական ցանկում։ Այն ոչ միայն ճարտարապետական արժեք է, այլեւ Միքայել Արամյանցի բարեգործական եւ ազգային գործունեության  վկայությունն է։ Այդ շենքը 1992 թ. Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիան սեփականության իրավունքով հանձնել է Տուրիզմի եւ էքսկուրսիաների հանրապետական խորհրդին, որն էլ իր հերթին 2005-ին 1 միլիոն 200 հազար դրամով վաճառել է ամերիկահայ գործարար, հետագայում  մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի «Մեթըլ  Փրինս» ընկերությանը: Սերոբ Տեր-Պողոսյանի մահվանից հետո սեփականությունը տնօրինել է կինը` Մադլեն Թաշճյանը: Հետագայում ամառանոցը սեփականության իրավունքով անցել է «Լոզե» ՍՊԸ-ին, իսկ 2013 թվականից հիpոթեքի պայմանագրի հիմքով գրավադրվել  է «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում։ 

Կառավարությունը 2016թ․ դեկտեմբերի 22-ի նիստում հավանություն է տվել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ «Միքայել Արամյանցի տուն (ամառանոց)» պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանը եւ դրա տարածքը բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու առաջարկին։ Նիստում նախարար Արմեն Ամիրյանը հայտնել է․ «Օտարվող գույքի արժեքի փոխհատուցումը կիրականացվի ՀՀ կառավարության 2017 թվականի պահուստային ֆոնդից։ Խնդրում ենք հաստատել նախագիծը եւ խնդրում ենք եռօրյա ժամկետ` որոշ տեխնիկական հարցեր ֆինանսների նախարարության հետ քննարկելու համար»։ Որոշման նախագծում նշվել է, որ գերակա հանրային շահ ճանաչելու դեպքում հուշարձանը հնարավոր կլինի օգտագործել իր սկզբնական եւ մշակութային, ինչպես նաեւ` գիտական, կրթական եւ ճանաչողական նպատակներով, հնարավոր կլինի իրականացնել սեփականության իրավունքի արդյունքում կառուցվածքային փոփոխությունների ենթարկված պատմամշակութային արժեքի նախնական տեսքի վերականգնման եւ նորոգման աշխատանքներ, հնարավորություն կստեղծվի լուծել դրա զբոսաշրջային նպատակով հետագա օգտագործման հարցը։ Բացի այդ, որոշման նախագծում գրված է, որ հուշարձանի օտարումը եւ վերականգնումը կնպաստեն համայնքի կողմից մշակութային ծրագրերի իրականացմանը, ինչը հնարավորություն կտա Ախթալայի, ինչպես նաեւ՝ մոտակա համայնքների բնակչությանը՝ լիարժեք մասնակցել մշակութային եւ զբոսաշրջային ծրագրերի իրականացմանը, Արամյանցի ամառանոցի շենքի գիտականորեն հիմնավորված վերականգնումը գրավիչ կդարձնի հուշարձանը, կնպաստի դեպի հուշարձան այցելությունների աճին եւ բնակչության զբաղվածության ապահովմանը: 

Արամյանցի դղյակն այժմ տնօրեն ունի` Արթուր Գիգոլյան, որն Ալավերդու բնակիչ է։ Նա ասաց, որ ներկայացնում է «Լոզե» ՍՊԸ-ն, եւ Արամյանցի դղյակն արդեն մեկ տարի գործում է որպես տուրիստական վայր, մինչեւ 7 տարեկան երեխաների մուտքն անվճար  է, 7-15 տարեկանների համար վճարը՝ 1000, 15-ից բարձր անձանց համար` 1500 դրամ։ Բայց զբոսաշրջիկների հոսքը մեծ չէ, քանի որ Ախթալան, որպես տուրիստական ուղղություն, այնքան էլ զարգացած չէ։ Հարցին, թե դղյակն իրենք ումից, ինչ գնով են ձեռք բերել, Ա․ Գիգոլյանն ասաց, որ հեռախոսով նման հարցերի չի կարող պատասխանել, առաջարկեց այցելել եւ տեղում զրուցել։ Ախթալայի վարչական ղեկավար Սեւակ Սարգսյանը դեռ մեկ տարի առաջ մեզ ասել էր. «Որքան գիտեմ, այս պահին Լուսինե Սահակյանն է տնօրինում դղյակը»: Խոսքը փաստաբան Լուսինե Սահակյանի մասին է, որն այն ստացել է Սերոբ Տեր-Պողոսյանի պաշտպանությունն իրականացնելուց հետո:

Ախթալայի բնակիչները մեզ հայտնեցին, որ խորհրդային ժամանակ այդտեղ՝ մի քանի հեկտար տարածքում առողջարան է գործել, որին կից եղել են մշակույթի ակումբ, ճաշարան, խանութ, վարչական շենք։ Անցյալ դարի 50-60-ականներին կառուցված այդ շենքերն այժմ կիսաքանդ, թալանված վիճակում են։ Ախթալացիների խոսքերով՝ Սերոբ Տեր-Պողոսյանն Արամյանցի դղյակի մոտ առանձնատուն է կառուցել, որի մի մասը հյուրատուն էր։ Բնակիչների վկայությամբ՝ այժմ այստեղ գործում է հյուրանոցային մի քանի սենյակ։ Ամռանը, շաբաթ-կիրակի օրերին Արամյանցի դղյակն օրական 300-400 այցելու է ունենում։ Բնակիչներն ասում են, որ դղյակը շատ վատ վիճակում է, 2 տարի առաջ մի պատը փլվել է։ Գուցե դղյակի վատ վիճակն է պատճառը, որ զբոսաշրջիկներին արգելված է այն լուսանկարել, տեսանկարահանել։

Ինչպե՞ս է պատահել, որ 2016թ․ դեկտեմբերին հանրային գերակա շահ ճանաչված Արամյանցի դղյակը մնացել է որպես մասնավոր ընկերության սեփականություն, ինչո՞ւ ԿԳՄՍ նախարարությունը բավարար ուշադրություն չի դարձնում պատմամշակութային հուշարձանին եւ դրա վիճակին։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մշակութային երկիր Հայաստանում վերացրել է մշակույթի նախարարությունը, ուստի դժվար է այդ առումով ակնկալիքներ ունենալ իշխանությունից։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image