Հարցազրույց

Ալիևին թողնում ենք իր մտքերի հետ՝ մենք ենք որոշելու մեր ճակատագիրը

Ալիևին թողնում ենք իր մտքերի հետ՝ մենք ենք որոշելու մեր ճակատագիրը

Hraparak.am-ը զրուցել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի հետ:

-Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքներ  է իրականացնում: Ի՞նչ սպասել: 

-Պատերազմից առաջ տեղի ունեցող բանակցային գործընթացներից մենք տեղյակ ենք այնքանով, ինչքանով համապատասխան չափի կամ համապատասխան մարդիկ հասարակությանը տեղեկացրել են: Ինչքանով, որ մենք ենք տեղյակ այդ քննարկումները գնում էին սկզբում 5 շրջանների, հետո՝ երկու շրջանի և Լաչինի միջանցքի մասով: 44 –օրյա պատերազմն իր սրբագրումներն է արել երևի թե նախկին պայմանավորվածությունների մեջ կամ միգուցե,երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ բանակացությունները սկսել է իր կետից, երևի այդ կետը հենց ի նկատի ուներ: Իսկ ինչու հանձնեցին, որովհետև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ համապատասխան կետով նշված էր, որ հանձնում են 7 շրջանները և Հայաստանի հետ կապը պահպանվում է Լաչինի միջանցքով:Լաչինի միջանցք ասելով՝ երևի թե կողմերը նկատի են ունեցել նախկին ԼՂԻՄ սահմանագծից մինչև Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության սահմանն ընկած այդ ճանապարհը, որն առաջին ազատամարտի ժամանակ կոչվեց «Կյանքի ճանապարհ»: Այն էլ, երբ ազատագրվեց Լաչին-Բերձորը, Արցախը կարողացավ շունչ քաշել, կապվել ցամաքային կայում կապով մայր հայրենիքի հետ, որն էլ  հետագայում հանդիսացավ այն հիմնական պորտալարը, որի միջոցով Արցախը ստանում էր համապատասխան միջոցներ և հնարավորություն ստեղծվեց շարունակել պայքարը, կռիվը, պատերազմը և հասնել հաղթանակի: Խոսքը գնում է նոյեմբերի 9-ի հայտնի եռակոմ հայտարարության կետերով նախատեսված պայմանավորվածությանը՝ այն է, որ Լաչինի միջանցքը 5 կմ լայնքով անցնում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ և իրենք են պատասխանատուն, ինչպես նաև կետ կա, որ Ադրբեջանը և խաղաղապահներն են պատասխանատու բեռների, մարդկանց անվտանգ տեղաշարժի մասով: Եվ կետ կա, որ երեք տարվա ընթացքում կողմերի համաձայնությամբ ընտրվելու է նոր ճանապարհ, նոր երթուղի: Եվ իմ կարծիքով, այսօր Լաչինի միջանցքում նոր կառուցվող ճանապարհը հենց այդ պայմանագրի կետով նախատեսված ճանապարհն է:Իսկ դեկտեմբերի 1-ին, երբ պայմանագրով նախատեսված էր, որ Քաշաթաղի շրջանի հյուսիսային մասը, քանզի հարավայինը արդեն գրավված էր պատերազմի ընթացքում, նույնպես հանձնվել է և մի խումբ քաշաթաղցիներ Աղավնոյում, Սոսում և Բերձորում որոշեցին դուրս չգալ իրենց բնակավայրերից, օջախներից և մնացին առ այսօր:Եվ հիմա երևի թե այդ պայմանագրերի շրջանակներում նոր կառուցվող ճանապարհը փոխարինելու է Լաչինի միջանցքի հին ճանապարհին:

- Ի՞նչ ճակատագիր է սպասվում Բերձորի, Աղավնոյի համայնքների բնակչությանը:

- Մենք ունենում ենք բավականին բարդ մի իրավիճակ, երբ Լաչինի միջանցք կոչվող այդ տերմինը, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, պետք է ունենա 5 կմ լայնք:Այդ 5 կմ լայնք կոչվածի մեջ, եթե հիմա հաշվարկենք նոր ճանապարհից, մնում է Աղավնոյի մի մեծ մասը, մի մասը դուրս է գալիս այդ 5 կմ սահմանագծման տրամաբանությունից, այսինքն՝ ճանապարհի աջ և ձախ կողմերից 2.5 կմ շառավղով պիտի լինի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:Աղավնոյի և Բերձորի մեկ-երկու գյուղ մնալու են այդ երկուսուկես կիլոմետրի տրամաբանության մեջ: Բայց Բերձորը դուրս է գալիս:Աղավնոյի մի մասը մնում է:

- Իսկ այդ մարդկանց անվտանգությունն ի՞նչ միջոցներով է ի վիճակի լինելու ապահովել իշխանությունը: Չէ՞ որ 2.5 կմ շառավղից դուրս այլևս ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո չեն բնակվելու այդ մարդիկ:

-Հիմա, ինչքան գիտեմ որոշակի բանակցություններ են տեղի ունենում այդ մարդկանց ճակատագրի հետագայի մասով, բայց մենք պարտադրված ենք, կապանքված ենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ և այս պահի դրությամբ, գոնե թե ինձ համար հետագան ինձ համար անհասկանալի է: Ես չգիտեմ հնարավորություն կունենանք, պետությունը ի վիճակի կլինի ապահովելու այն մարդկանց անվտանգությունը, ովքեր  կշարունակեն մնալ Բերձորում կամ Աղավնոյում:Այստեղ տրամաբանական հարց է գալիս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյաննը հայտարարում է, որ խնդիրը մարդկանց անվտանգությունն է և իրավունքներն են, որ պետք է երաշխավորի Ադրբեջանը։ Իսկ Ադրբեջանի նախագահն էլ հայտարարում է, որԱրցախի հարց այլևս չկա և արցախահայությունը նույն իրավունքներից է օգտվելու, ինչ Ադրբեջանում մյուս էթնիկ խմբերը:Դա, միանշանակ մեզ համար ընդունելի չի:Ալիևին թողնում ենք իր տեղը, իր մտքերի հետ՝ մենք ենք որոշելու մեր ապագան, մեր ճակատագիրը:Եվ եթե պետք լինի զենքով կանգնենք, արցախահայությունը պատրաստ է դրան: Արցախի իշխանությունները սկզբնական շրջանում ոչ բավարար, բայց այս վերջին շրջաններում մի քիչ ավելի ակտիվ ընդգրկված են Բերձորի և Աղավնոյի համայնքների  բնակչության խնդիրների լուծման ուղղությամբ: Սա փաստ է, դա չենք կարող չնկատել:Նրանք, ովքեր զբաղվում են Բերձորով և Աղավնոյով, իրենք գիտեն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image