Հայաստանում հուլիսի 15-ից օգոստոսի 5-ը անցկացված Քանդակագործության միջազգային փառատոնի առիթով Երեւան ժամանած հյուրերից իտալացի արվեստագետ, արվեստի պատմաբան եւ քննադատ Ֆրանչեսկո Գալլոն եւ քանդակագործ, պոետ, Ֆլորենցիայի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Մասսիմո Լիպպին ընթացիկ շաբաթ այցելել են նաեւ Կարեն Դեմիրճյանի թանգարան:
Միջազգային փառատոնի առիթով Հայաստան էին ժամանել քանդակագործներ Իտալիայից, Իրանից, Հնդկաստանից, Լեհաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Վրաստանից, ովքեր փառատոնի քսան օրերին աշխատեցին Երեւանին մերձակա Փարաքար բնակավայրում տրամադրված տարածքում եւ Իտալիայի Կարրարա քաղաքից Հայաստան բերված հռչակավոր Կարրարայի մարմարից արարեցին խաղաղության թեմատիկայով իրենց քանդակները, որ նվիրեցին Հայաստանին:
Փառատոնի նախաձեռնողը եւ կազմակերպիչը, ում հրավերով Հայաստան էին ժամանել տարբեր երկրներից հայտնի քանդակագործները եւ նվիրաբերվել էր Կարրարայի մարմարը, Ֆլորենցիայում ապրող մեր հայրենակից, քանդակագործ Վիգեն Ավետիսն էր: Նա Իտալիայում եւ Եվրոպայում հայտնի արվեստագետ է, ով դեռ տարիներ առաջ Ֆլորենցիայում Միքելանջելոյի անավարտ գործերից մեկը (Սան Լորենցո տաճարի քանդակախումբը) շարունակելու եւ ավարտին հասցնելու առաջարկությանը եւ պատվին է արժանացել, իսկ անցյալ տարի Իտալիայի արվեստում ունեցած ներդրման համար Սավոյան արքայատան կողմից պարգեւատրվել է Իտալիայի արքա Վիտորիո Էմանուելի խաչով:
Փառատոնի վերջին օրերին Երեւան ժամանած արվեստաբան Ֆրանչեսկո Գալլոն փառատոնում ելույթից եւ Հայաստանի Ազգային պատկերասրահում ունեցած դասախոսությունից բացի, Վիգեն Ավետիսի հետ այցելել է Կարեն Դեմիրճյանի թանգարան, ծանոթացել թանգարանի ցուցադրությանը, Դեմիրճյանի եւ Խորհրդային Հայաստանի մասին պատմող ցուցանմուշներին:
Հայտնի արվեստաբանը խնդրել էր նստել Դեմիրճյանի գրասեղանի մոտ` ասելով, թե «դա իր համար պատիվ է, այդպես մի կարճ ժամանակ իրեն զգաց Հայաստանի ազգային հերոսի դերում» եւ գրառում էր կատարել Պատվավոր հյուրերի մատյանում:
Փառատոնի ավարտից հետո մինչեւ Իտալիա մեկնելը Վիգեն Ավետիսի ուղեկցությամբ թանգարան էր այցելել նաեւ Իտալիայում եւ աշխարհում հայտնի քանդակագործ եւ պոետ Մասսիմո Լիպպին, ով իր գործերից մեկը նվիրաբերել է թանգարանին եւ Պատվավոր հյուրերի մատյանում իտալերեն, էքսպրոմտ ծնված մի բանաստեղծություն գրառել, որ ձոն էր Կարեն Դեմիրճյանին եւ այսպիսի տողեր ուներ. «Ինձ թվում է միշտ եմ Ձեզ ճանաչել, թեեւ միայն այսօր ծանոթացա Ձեզ հետ»:
Ավելի վաղ թանգարանին իր քանդակած Կարեն Դեմիրճյանի կիսանդրին էր նվիրել նաեւ Վիգեն Ավետիսը: Հաճելի է, որ Հայաստան ժամանող արվեստագետները նաեւ պաշտոնական ծրագրերից դուրս թանգարաններ այցելելու ժամանակ եւ հետաքրքրություն են ցուցաբերում, ինչը, հուսանք նշանավոր հյուրերին Հայասատանին մերձեցնող հերթական կամուրջի է վերածվում: