Հասարակություն

«Հրապարակ»․ Փաշինյանի այցելած ձեռնոցի գործարանը մարտից չի աշխատում

«Հրապարակ»․ Փաշինյանի այցելած ձեռնոցի գործարանը մարտից չի աշխատում

Այս տարվա մարտից Բերդ քաղաքի ձեռնոցի գործարանը հարկադիր պարապուրդի մեջ է, քաղաքի եւ նույն համայնքի ավելի քան 200 աշխատող զրկվել է հանապազօրյա եկամտից։ 2018թ․ օգոստոսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բերդում «Տավուշ Տեքստիլ» ընկերության ձեռնոցի գործարան էր այցելել, ձեռնարկության գործունեության մասին երկար զրուցել Մոսկվայում բնակվող սեփականատեր Սուրեն Երիցյանի հետ։ 

Ծնունդով Արծվաբերդ գյուղից, Ռուսաստանում գործարարությամբ զբաղվող Սուրեն Երիցյանը, բացի Բերդ քաղաքից, ձեռնոցի գործարաններ է ստեղծել, գործարկել Բերդ համայնքի սահմանամերձ Արծվաբերդ, Չորաթան, Պառավաքար գյուղերում։ Լրատվամիջոցները նշում էին, որ այդ գործարանների աշխատանքով Բերդի սահմանագոտում 1500 աշխատատեղ է ստեղծվել։ 

Այս տարվա մայիսին անձամբ զանգահարել եմ Բերդի ձեռնոցի գործարանի տնօրեն Միքայել Եզեկյանին, հարցրել, թե ինչ պատճառով են գործարանի աշխատանքը դադարեցրել։ Ասաց, որ դադարեցումը ժամանակավոր է, հարցրի՝ իսկ ինչո՞ւ եք գործարանից հաստոցները տեղափոխել։ Ասաց՝ ինչո՞ւ եմ հետաքրքրվում դրանով, ինչո՞ւ չեմ գրում նոր բերված հաստոցների մասին։ Այս տարի Բերդ քաղաքի ձեռնոցի  գործարանի տնօրինությունը գրավոր դիմել է Բերդի համայնքապետարան՝ հայտնելով, որ գործարանը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը, չնշելով, թե երբ այն կվերսկսի։ Այդ գրությունն  ուղարկվել է, որպեսզի գործարանի աշխատած ժամանակահատվածի համար տեղական հարկեր, տուրքեր չհաշվարկվեն։ «Տավուշ Տեքստիլի» ձեռնոցի գործարաններում աշխատանքի ճիշտ կազմակերպման, անվտանգության կանոնների պահպանման խնդիրներ կան։ 

2015թ. հոկտեմբերից  «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ում որպես օպերատոր-մեքենավար աշխատող, Արծվաբերդ գյուղի բնակչուհի, 1990թ. ծնված Լիաննա Զարգարյանը, չանցնելով հրդեհատեխնիկական հրահանգավորում, 2016թ. հուլիսի 8-ին ինքնակամ, շանը փրկելու նպատակով մտել է Արծվաբերդի գործարանի տարածքում առկա՝ թափոնների այրման եղանակով ոչնչացման համար նախատեսված փոսը, ստացել ջերմային եւ առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:

Մեկ այլ դեպք էլ եղել է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին․ Արծվաբերդի ձեռնոցի գործարանում աշխատող 19-ամյա երիտասարդն ընկել է վերելակի նկուղային հարկը, նրան տեղափոխել են Բերդի բժշկական կենտրոն։ Իսկ 2024 թվականին Արծվաբերդի ձեռնոցի գործարանում հրդեհ է եղել։ Արծվաբերդի բնակիչներն ասում են, որ հրդեհի հավանական պատճառը եղել է կայծակի հարվածը։ Գյուղի բնակիչների խոսքերով՝ հրդեհի հետեւանքով այնտեղ գտնվող արտադրական հաստոցները չեն վնասվել, կրակից այրվել, ծխահարվել, վնասվել է գործարանի տանիքի մի մասը։ Սակայն հենց այդ ժամանակից Արծվաբերդի ձեռնոցի գործարանը չի աշխատում, գործարանի տարածքը ծառայում է որպես պահեստ։
Նոյեմբերի 19-ին կրկին զանգահարեցի Բերդի ձեռնոցի գործարանի տնօրեն Միքայել Եզեկյանին։ Ասաց, որ Բերդի ձեռնոցի գործարանը կսկսի աշխատել, խնդիրների լուծումն ընթացքի մեջ է, սակայն այդպես էլ  գործարանի վերագործարկման որոշակի ժամկետ չնշեց եւ ոչինչ չասաց գործարանի չաշխատելու պատճառների մասին։ Բերդի ձեռնոցի գործարանի չաշխատելու պատճառների մասին տարբեր վարկածներ կան։  Կարծիքներ կան, որ այն չի գործում Ուկրաինայում ընթացող պատերազմով պայմանավորված Ռուսաստանի ֆինանսական խնդիրների, ռուսական  ռուբլու փոխարժեքի անկման պատճառով։ 

Շատ բարվոք չէ վիճակը նաեւ «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ի ձեռնոցի գործարանում, որտեղ բանվորներն աշխատում են օրական 12 ժամ՝ 20-30 րոպե ընդմիջումով, գիշերային հերթափոխի աշխատողները հավելյալ չեն վարձատրվում, աշխատավարձը բարձր չէ։  Բայց սահմանագոտու բնակիչները հարկադրված  համաձայնում են այդ  պայմաններին, որովհետեւ չհամաձայնելու այլընտրանքը գործազրկությունն է։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image