Թեեւ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցի ժամանակ պնդեց, որ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է, ըստ ինչ-որ կազմակերպության մոնիթորինգի՝ 7-րդն է, բայց թշնամին շարունակում է հայկական դիրքերի` ՀՀ սուվերեն տարածքի վրա կրակել, ու մենք զոհեր ենք տալիս: Զրուցել ենք Սյունիքի նախկին մարզպետ, ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ, Պնախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի հետ:
- Ի՞նչ իրավիճակ է Սյունիքում:
- Այս պահին հանգիստ է, բայց ես վատառողջ եմ, այնտեղ չեմ հիմա:
- Որոշ շրջանակներ համառորեն տարածում են, թե ԵԿՄ-ականները՝ հարբած, կրակել են ադրբեջանական կողմի ուղղությամբ, եւ հենց դա է միջադեպի պատճառը:
- Նման բան չի կարող լինել, հարբեցող մարդն ի՞նչ գործ ունի սահմանի վրա:
- Իսկ նման տեղեկություններ տարածելու նպատակը ո՞րն է:
- Դե, դարեր շարունակ ներսից, դրսից այդպես քանդել են, որ հասել ենք էս վիճակին: Ճակատագիր է….
- Կարո՞ղ ենք սա դիտարկել որպես ԵԿՄ-ի դեմ ուղղված քայլ:
- ԵԿՄ-ն իր պարտականությունն ու առաքելությունն է կատարում, անկախ դիրքից, տարիքից՝ այդ մարդիկ իրենց գործն են անում: Ղալաթ են անում, որ նման բաներ են ասում, չկա նման բան, ԵԿՄ-ն իր գործն է անում:
- Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդագրություն տարածեց եւ ասաց, որ գտնելու են մեղավորներին եւ պատժեն: Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, չե՞ք պարզել:
- Զինվորական գործում ցանկացած արտառոց դեպքի վերաբերյալ պետք է ուսումնասիրություն կատարվի, նոր որոշում կայացվի: Բանակում կարգն այդպես է: Ծառայողական քննություն պետք է կատարվի:
- Նորմա՞լ է, երբ հայկական կողմն ինքն իր վարքը կասկածի տակ է դնում:
- Նման բան չկա, ծառայողական քննություն կլինի, կպարզվի:
- Հարձակումից 1 օր առաջ Ադրբեջանը հայտարարեց, որ վիրավոր ունի, ի պատասխան՝ Ռազմական ոստիկանությունն ասաց, որ հետաքննություն է սկսելու: Գուցե այս հայտարարությունը նույնպե՞ս նպաստեց հարձակմանը:
- Ես չգիտեմ: Որ մի բան չգիտես, չպետք է կյանքից առաջ ընկնես:
- Այս պահի դրությամբ պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք:
- Ոչ: Նման հոտառություն այս պահին չկա:
- Այդ դեպքում ինչո՞ւ է ադրբեջանական կողմը կրկին սադրում:
- Հազարավոր պոստեր կան: Այնտեղ կանգնածներն էլ հո բոլորը նույն դաստիարակությունը չե՞ն ստացել: ԽՍՀՄ-ի ժամանակ էլ ընդհարումներ եղել են: Հարեւանները հարեւանների հետ միշտ են այդպես վարվել, դա բնական է:
- ՊՆ-ի աշխատանքը համարում եք արդյունավե՞տ: ԵԿՄ-ի հետ ինչպե՞ս է ստացվում համագործակցությունը:
- Եթե համագործակցություն չլինի, ԵԿՄ-ն էլ ի՞նչ խնդիր է կատարում: Համագործակցություն կա, եթե առաքելություն է կատարվում: Առանց հրամանի ո՞նց կարող են գնալ սահման ու մարտական հերթապահություն իրականացնել: Ամեն ինչ նախարարության թույլտվությամբ է լինում: Բարձր մակարդակով համագործակցություն կա: Մի ազգ, մի գաղափար:
- Նորմա՞լ է, երբ անվերջ խաղաղության մասին է խոսվում, սակայն անգամ ոչ պատերազմական վիճակում այսքան զոհեր ենք ունենում:
- Դա լինելու է: Ունենք հազարավոր պոստեր, հեռավորությունն էլ շատ քիչ է: Մեկը կարող է մի անդաստիարակ քֆուր տա, մեկն այլ բան անի, եւ առաջանա լարվածություն: Դու պետք է համեստ ձեւով քո ծառայությունը կատարես, դա է խնդիրը:
- Այսինքն` եթե ադրբեջանցին հայհոյում է, պետք է հայ զինվորը լռի՞:
- Ադրբեջանցին էլ քեզ կարող է հունից հանել, ամեն ինչ էլ կարող է լինել: Բնական է:
- Իշխող թիմի ներկայացուցիչները գուցե ոչ լրիվ բացահայտ, սակայն մեղադրում են հայ զինվորականներին` ԵԿՄ-ականներին, ադրբեջանցիների վրա կրակելու համար: Նորմա՞լ երեւույթ է սա:
- Ղալաթ են անում: Եթե հակառակորդը սահմանը խախտում է, ի՞նչ պիտի անենք, չկրակե՞նք: Ի՞նչ է նշանակում սա: Պետք է փառքով ու պատվով քո առաքելությունը կատարես, հո սահման չե՞ս գնացել, որ «ստոյկի» նման կանգնես, գնացել ես, որ զգոն պահես: Դարեր շարունակ անվերջ` դրսից ու ներսից մեզ դավաճանել են, մենք ենք մեղավոր, մեր ազգի մոլախոտերը: Իրենց կաբինետներում նստում են ու խոսում, հո էդպես չի՞: Մեր տղաներն իրենց պարտականությունը կատարում են ու լավ են կատարում: Պետք է ամեն ինչ անենք, որ միասնական լինենք իրար հետ, ազգի փրկությունը դա է: Դարեր շարունակ, երբ միասնական ենք եղել, հասել ենք հաջողության, իսկ երբ պառակտվել ենք, հակառակորդը դա օգտագործել է մեր դեմ: Ավելորդ խոսելը լավ բան չէ, եթե այս գործի մեջ չեն, չեն իմանում, չեն քրտնել էստեղ, անիմաստ լուրեր տարածել էլ պետք չէ, ես դա համարում եմ անընդունելի:
Արեգ Մարգարյան