Հարցազրույց

Արեւմուտքը գործում է «եկեք թույլ չտանք Ուկրաինային պարտվել», այլ ոչ թե՝ «օգնենք հաղթել» պարադիգմով

Արեւմուտքը գործում է «եկեք թույլ չտանք Ուկրաինային պարտվել», այլ ոչ թե՝ «օգնենք հաղթել» պարադիգմով

Ռուս-ուկրաինական պատերազմի 1000-րդ օրվա ֆոնին ԱՄՆ-ն հաստատեց, որ Բայդենը թույլատրել է Կիեւին՝ ամերիկյան հեռահար զենք օգտագործել՝ Ռուսաստանի խորքերը հարվածելու համար: Նման որոշումներ կայացրել են Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, խոսվում է նաեւ այլ երկրների մասին: Զելենսկու արձագանքը լակոնիկ էր՝ «հրթիռներն իրենք կխոսեն իրենց մասին»: Կրեմլն էլ զգուշացնում է՝ երկրի նոր դոկտրինով Մոսկվան իրեն իրավունք է վերապահում, ի պատասխան ագրեսիայի, միջուկային զենք կիրառել: «Հրապարակի» զրուցակիցն ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդան է:

- Հեռացող Բայդենն առաջին անգամ արտոնեց Կիեւին՝ ամերիկյան ATACMS հեռահար հրթիռներ օգտագործել՝ Ռուսաստանի խորքերը հարվածելու համար: Փարիզն ու Լոնդոնը եւս միացել են այս որոշմանը, Բորելն էլ պնդում է, թե որոշ երկրներ նույնպես համանման որոշում են կայացրել, թեպետ՝ դեռ ոչ հրապարակավ: Բայդենի որոշումը սպասելի՞ էր, այն դեպքում, երբ նրա նախագահության «տխուր ժառանգություններից մեկը» Ուկրաինայում պատերազմն է: 

- Կարծում եմ՝ ռուս-ուկրաինական պատերազմը «Բայդենի ժառանգությունը» չէ, այլ՝ Պուտինի քաղաքականության արդյունքը, նրա՝ Ուկրաինան իր վերահսկողության տակ վերցնելու եւ մեր երկիրն արեւմտյան երկրների հարձակման ռեսուրսի վերածելու արդյունք։ Ուստի այստեղ կարեւոր է չշփոթել պատճառներն ու հետեւանքները:
Եթե խոսենք Բայդենի վարչակազմի եւ Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի՝ Ուկրաինային Ռուսաստանի տարածքում հեռահար հրթիռներ օգտագործելու հնարավորություն տալու մասին որոշումից, ապա պետք է հասկանալ, որ դրան նախորդել է ուկրաինական տարածքում հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի համակցված հարվածը, որի հետեւանքները զգացվեցին ողջ հանրապետությունում։ Ցավոք, Արեւմուտքը շարունակում է գործել «Եկեք թույլ չտանք Ուկրաինային՝ պարտվել», այլ ոչ թե «Օգնենք Ուկրաինային՝ հաղթել» պարադիգմով։
Այս քաղաքականությունը միայն ընդգծում է Ուկրաինայի դիվանագիտական ջանքերի նպատակահարմարությունը՝ կազմաքանդելու Ռուսաստանի՝ որպես ագրեսիվ եւ խաղաղությանը վտանգ ներկայացնող քաղաքական ռեժիմը:

- Զելենսկին, անդրադառնալով ԱՄՆ-ի որոշմանը, նշել է՝ «հրթիռներն իրենք կխոսեն իրենց մասին»: Պետդեպը պնդում է, որ դրանց կիրառմամբ Մոսկվային կնստեցնեն բանակցությունների սեղանի շուրջ՝ Կիեւին ձեռնտու պայմաններով։ Իսկ ի՞նչ են ակնկալում Ուկրաինայում: 

 - Կարծում եմ, որ Արեւմուտքն Ուկրաինա չի փոխանցի այդքան մեծ հեռահարության հրթիռներ, որպեսզի լրջորեն փոխի իրավիճակը ճակատում։ Սրա համար քաղաքական կամք չկա, բայց ցանկություն կա Կրեմլի հետ businee as usual-ը պահպանել՝ նույնիսկ առանց բարձրաձայնելու։ Սակայն Ուկրաինայի զինված ուժերը կփորձեն հնարավորինս արդյունավետ օգտագործել թեկուզ փոքր քանակությամբ հեռահար հրթիռները։

- Փորձագիտական հանրությունն ահազանգում է՝ այս ամենը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի: Նման մտավախություն չունե՞ք:

 -  Ոչ, քանի որ Ուկրաինան արդեն 1000 օր է՝ ապրում է ժամանակակից աշխարհի ամենամեծ պատերազմի պայմաններում, այդ թվում՝ ռուսական հրթիռների հարվածներից գրեթե ամեն օր երեխաներ են զոհվում։ Էլ ինչպե՞ս Ռուսաստանը կարող է մեզ վախեցնել։ Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա նա լուրջ էսկալացիա չի ծրագրում, սա ակնհայտ է։

- Կրեմլի արձագանքը հետեւյալն է՝ Մոսկվան միջուկային զենք կօգտագործի, եթե Կիեւը գնա Ռուսաստանի խորքերն արեւմտյան զենքով հարվածելու քայլին: Նույնը՝ Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում: Պատահական չէ, որ հենց նոյեմբերի 19-ին Պուտինը հաստատեց ՌԴ-ի նոր միջուկային դոկտրինը: 

- Հիշեցնեմ, որ Պուտինն առաջին անգամ նման հայտարարություն արեց երկու ամիս առաջ, երբ նոր էր քննարկվում ռուսական տարածքի վրա հեռահար հրթիռային հարձակման հեռանկարը։ Դրա շնորհիվ Ռուսաստանը շահեց երկու ամիս ժամանակ՝ ազատ ձեռքեր ունենալու, սակայն այսօր Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բրյանսկի մարզում գտնվող զինանոցի վրա։ Ուզում եմ հիշեցնել, որ Պեկինում ապրողները եւ աշխատողները միջուկային պատերազմի ֆանատիկոսներ չեն, եւ Մոսկվան պետք է հիշի դա իր միջուկային խաղերում։

- ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփը կրկնել է՝ 24 ժամում կկարողանա վերջ տալ Մոսկվայի եւ Կիեւի ռազմական առճակատմանը: Իսկ նրա որդին իմբիցիլներ է անվանել Բայդենին եւ մյուս երկրներին՝ մեկնաբանելով ՌԴ-ին հարվածելու վերոնշյալ որոշումները: Կհաջողվի՞ Թրամփին՝ կասեցնել վտանգավոր ընթացքը, հաստատելով բաղձալի խաղաղություն:

- Դոնալդ Թրամփը խոստացել էր ԱՄՆ նախագահ ընտրվելուց անմիջապես հետո դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը, սակայն դա տեղի չունեցավ։ Այժմ «Ժամ X»-ը տեղափոխվել է 2025 թվականի հունվար՝ երդմնակալությունից հետո։ Ես կցանկանայի հասկանալ, թե ինչ կարող են առաջարկել Դոնալդ Թրամփն ու նրա թիմը Պուտինին, որի զորքերը շարունակում են առաջխաղացումը դեպի Ուկրաինայի տարածք։ Պետք չէ հավատալ ժամանակակից աշխարհի ամենամեծ պատերազմի անմիջական ավարտին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image