«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում Երեւանի բնակիչ, 2001թ․ ծնված, միջնակարգ կրթությամբ՝ «Բերի հաուս» ՓԲԸ գործադիր տնօրեն Յուրի Վաչիկի Քոքոբելյանի վերաբերյալ 4 դատավարություն կա։ Նա Նիկոլ Փաշինյանի եղբոր՝ Արմեն Փաշինյանի գործընկեր Վաչիկ Քոքոբելյանի որդին է։
Նրան մեղադրանք է առաջադրվել, որ, զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, 2024 թ․ մայիսի 6-ին, ժամը 01:00-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում վարել է տրանսպորտային միջոց, ինչը հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայողի կողմից: 2024թ․ հունիսի 28-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատավոր Դավիթ Սարգսյանը վճռել է Յուրի Քոքոբելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ պատիժ նշանակել տուգանք` իր ամսական եկամտի հնգապատիկի` 398 հազար 125 դրամի չափով։
Մյուս մեղադրանքն առաջադրվել է Յու․ Քոքոբելյանին՝ 2024 թ․ ապրիլի 24-ին, ժամը 12։50-ի սահմաններում Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի վարչական տարածքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, իսկ 2024 թ․ հունիսի 20-ին, ժամը 16:55-ի սահմաններում Իջեւան-Սեւան-Երեւան ավտոճանապարհի 136 կիլոմետրի հատվածում «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենա վարելու համար։ Քանի որ նա զրկված է եղել մեքենա վարելու իրավունքից, դրա վերաբերյալ եւս կազմվել են արձանագրություններ, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ 2024թ․ նոյեմբերի 21-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Գոռ Շահբազյանը Յուրի Քոքոբելյանի նկատմամբ պատիժ է նշանակել տուգանքի ձեւով` մի դրվագով ամսական եկամտի հնգապատիկի` 420 հազար 656 դրամի չափով, 2-րդ դրվագով՝ ամսական եկամտի հնգապատիկի` 430 հազար 281 դրամի չափով, ընդհանուր հաշվով՝ 850 հազար 937 ՀՀ դրամի չափով։ Դրան գումարվել է նախորդ տուգանքը, եւ վերջնական պատիժ է նշանակել տուգանքի ձեւով՝ 1 միլիոն 50 հազար 562 դրամի չափով։ Այդ գումարը վճարելու համար սահմանվել է 1 տարի ժամկետ:
Բայց Յուրի Քոքոբելյանը, հավանաբար, շատ է սիրում մեքենա վարել եւ մեկ տարվա ընթացքում, երբ զրկված է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ 2023 թ. հոկտեմբերի 24-ից մինչեւ 2024 թ. դեկտեմբերի 6-ը, եւ ծանուցված լինելով այդ մասին, շարունակել է մեքենա վարել ու բազմիցս պատժվել։ Այսպես․ նա 2024 թ. ապրիլի 13-ին, ժամը 01:00-ին Երեւանի Խորենացու փողոցում վարել է «Մերսեդես» մակնիշի 20 NN 202 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի վերաբերյալ պարեկային ծառայության պարեկի կողմից նույն օրը կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Ապա 2024 թ․ մայիսի 4-ին, ժամը 21:45-ին Երեւանի Աճառյան փողոցում վարել է նույն ավտոմեքենան, որի վերաբերյալ նույնպես պարեկները կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Հաջորդ անգամ նրան հայտնաբերել են 2024 թ. հունիսի 23-ին, ժամը 03:40-ին, Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վարելիս, որի վերաբերյալ եւս կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Նորից Յու․ Քոքոբելյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Դատարանում մեղադրյալը եւ նրա պաշտպանը միջնորդել են կիրառել արագացված վարույթ: 2025թ․ հուլիսի 25-ին Երեւանի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանը վճռել է Յուրի Քոքոբելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով՝ 3 դրվագով, վերագրվող արարքներից 1-ին դրվագով պատիժ նշանակել տուգանք՝ վերջինիս ամսական եկամտի հնգապատիկի՝ 420 հազար 656 դրամի չափով, 2-րդ դրվագով պատիժ նշանակել տուգանք՝ ամսական եկամտի հնգապատիկի՝ 425 հազար 250 դրամի չափով, 3-րդ դրվագով պատիժ նշանակել տուգանք՝ ամսական եկամտի հնգապատիկի՝ 438 հազար 156 դրամի չափով, եւ վերջնական պատիժ նշանակել տուգանք՝ 1 միլիոն 284 հազար 62 դրամի չափով։
Նույն դատավորի՝ Գոռ Շահբազյանի վարույթում է գտնվում Յու․ Քոքոբելյանի վերաբերյալ եւս մեկ քրեական գործ։ Քոքոբելյանը 2024 թ․ նոյեմբերի 26-ին, ժամը 02.00-ի սահմաններում նույն մեքենան վարել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում, նրան կանգնեցրել են տվյալ տարածքում ծառայություն իրականացնող պարեկները, կրկին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 344 հոդվածի 1-ին մասով։ Այս քրեական գործով դատավարության 2026թ․ հունվարի 19-ի նիստը չի կայացել՝ դատավարության մասնակիցների բացակայության պատճառով։ Հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 7-ին։
Իսկ ո՞վ է այսքան իրավախախտումներ արած Յուրի Վաչիկի Քոքոբելյանը, եւ ինչո՞ւ են դատարաններն այդքան բարեհոգի նրա հանդեպ՝ բավարարվում են միայն տուգանք նշանակելով, չնայած նա համառորեն անտեսում է արգելքներն ու դատարանի որոշումները։ Վանաձորը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը, Մարց գետի վրա եկամտաբեր՝ տարեկան ավելի քան 200 հազար դոլարի արտադրանք թողարկող փոքր հիդրոկայանը 2021թվականին ընդամենը 50 հազար դրամով վաճառեցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդուն՝ Յուրի Քոքոբելյանին։ Նույն օրը եւեթ այդ ընկերության տնօրեն է դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, որը բնակվում էր Ռուսաստանում եւ Հայաստան է վերադարձել 2018-ի իշխանափոխությունից հետո։