Հայաստանում այսօր, որպես թավշյա հեղափոխության մեկամյակն ամփոփող տոն, նշվում է Քաղաքացու տոնը, որն ամրագրվեց հայոց տոնացույցում։
ԽՍՀՄ օրոք այլախոհ, բանաստեղծ Մերուժանից հետաքրքրվեցինք, թե որքանով կարող է Քաղաքացու տոնը հետագա տարիներին էլ դառնալ համախմբող օր եւ նպաստել քաղաքացու կերտմանը։
«Թավշյա հեղափոխությունը կատարվեց բռնկումի, նախկին իշխանությունների նկատմամբ բարոյական եւ հոգեբանական օրգանական ատելության միջոցով։ Եվ պատճառը որեւէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի եւ իր ընկերների կատարած հեղափոխության հետ։ Դա իրոք հեղափոխություն էր, եւ ժողովուրդը հասավ իր հետապնդած նպատակին։ Բայց արդյո՞ք արդարացնում է այդ նպատակը այսօրվա իշխանությունը՝ չեմ կարող ասել։ Հեղափոխության նպատակը լինում է ժողովրդի բարօրությունը, երաշխավորել նրա ապագան, ինչը ես չեմ տեսնում»,- ասաց Մերուժանը։
Հարցին, թե մեկ տարվա ընթացքում չե՞ն կատարվել նշանակալից փոփոխություններ, բանաստեղծն արձագանքեց․ «Այն, ինչ կատարվել է մեկ տարվա ընթացքում, ես շնորհակալ եմ դրա համար։ Սակայն դա բավարար չէ ժողովրդի գոհունակությանն արժանանալու համար։ Ժողովուրդը պահանջատեր է։ Ժողովուրդը երեխա է։ Երբ դու նրան լավ չես պահում, բախվում է դժվարությունների, նա այդ հեղափոխությունը չի համարում բարեհաճ։ Ի վերջո, ովքե՞ր են այսօր իշխանության եկած երիտասարդները։ Իշխանությունը պետք է հաստատվի ժողովրդի երախտավորների միջոցով։ Ի՞նչ երախտիք ունեն այդ երիտասարդները անցյալում կամ ներկայում, որ նրանց համարենք արժանապատիվ իշխանություն։ Նույնիսկ երիտթուրքերի մեջ անցյալի նկատմամբ երախտիքով ապրող մարդիկ են եղել։ Ո՞ւր են մեր միջի երախտավորները, որոնք արժանիք ունեին եւ դեր ունեին երկրի ծաղկման մեջ։ Չկան նրանք։ Պարզապես ես այս օրը չեմ համարում համաժողովրդական տոն եւ այդ տոնախմբությանը չեմ մասնակցում»։
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ խորհուրդ կարող է ունենալ այս տոնը քաղաքացու ձեւավորման համար։
«Որեւէ խորհուրդ չունի։ Քաղաքացու ձեւավորման համար պետք է համաժողովրդական , իմաստուն, ժողովրդավար քաղաքականություն։ Այդպիսի քաղաքականություն չկա։ Երբ ես լսում եմ Նիկոլ Փաշինյանի ելույթները, հիշում եմ Ցիցերոնի նշանավոր խոսքերից մեկը․ «Ամբոխին ավելի շուտ հասնում է նրա ձայնը, ով բարձր է խոսում, քան նրա ձայնը, ով ճիշտ է խոսում»։ Այդ ճշմարտությունն արտահայտողը չգտնվեց այդ հեղափոխության ժամանակ։ Պահանջատեր եղավ, բողոքական եղավ, բայց ճշմարտությունը չբարձրաձայնվեց»,- նշեց Մերուժանը։