Հարցազրույց

«Հրապարակ». Վիգենը չէր կարող «վարձկան լինել»՝ նա Հայաստանի քաղաքացի է

«Հրապարակ». Վիգենը չէր կարող «վարձկան լինել»՝ նա Հայաստանի քաղաքացի է

Հոկտեմբերի 23-ին փաստաբաններ Լուսիանա Մինասյանը (Արգենտինա) եւ Այտոր Մարտինես Խիմենեսը (Իսպանիա) դիմում են ներկայացրել Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբին (UNWGAD)՝ Բաքվի բանտում ապօրինաբար կալանքի տակ գտնվող Վիգեն Էուլջեքջյանի անհապաղ ազատ արձակման պահանջով: Լիբանանահայ Վիգենը. հիշեցնենք, ձերբակալվել է 2020 թ. նոյեմբերի 10-ին, Շուշիում (այժմ՝ օկուպացված), 2020 թ. հայ-ադրբեջանական պատերազմի հրադադարից մեկ օր անց։ 2021 թ. հունիսի 14-ին Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «վարձկան գործունեության» եւ «ահաբեկչության» մեղադրանքներով։

«Հրապարակը» երկու հարց է հղել արգենտինահայ փաստաբան, Տուկումանի համալսարանի ցեղասպանության ուսումնասիրությունների պրոֆեսոր եւ Բուենոս Այրեսի Սենատի թեկնածու Լուսիանա Մինասյանին, որը զբաղվում է տուժած հայերի շահերի պաշտպանությամբ:

- Դուք եւ Ձեր իսպանացի գործընկերը պահանջում եք անհապաղ ազատ արձակել Բաքվի բանտում ապօրինաբար կալանքի տակ գտնվող Վիգեն Էուլջեքջյանին՝ մատնանշելով միջազգային իրավունքի լուրջ խախտումներն ու նրա կյանքը վտանգող կալանքի ծանր պայմանները։ Երկու փաստարկ եք վկայակոչել. որո՞նք են դրանք:

- Մեր պնդումը հիմնված է այն փաստի վրա, որ Վիգենը Հայաստանի քաղաքացի է, ինչն ուղղակիորեն հակասում է այն պնդմանը, որ նա գործել է որպես վարձկան։ Իր երկրի անունից միջազգային զինված հակամարտությանը մասնակցող քաղաքացին ճանաչվում է որպես օրինական մարտիկ, այլ ոչ թե վարձկան։ Որպես մարտիկ՝ նա իրավասու է զենք կրել, ռազմական գործողությունների համատեքստում հատել վիճելի տարածքների սահմանները, եւ նրա կարգավիճակը հստակորեն պաշտպանված է Ժնեւի կոնվենցիաներով։ Հետեւաբար, Վիգենի մասով վարձկանի որակումն իրավաբանորեն անհիմն է եւ հիմնարար կերպով անհամատեղելի է հաստատված միջազգային մարդասիրական իրավունքի հետ։ Մեր պնդումը նաեւ ընդգծում է, որ նույնիսկ եթե Վիգենը համարվեր վարձկան, ինչն ակնհայտորեն այդպես չէ, նա, միեւնույն է՝ չէր կարող օրինականորեն դատվել ռազմական դատարանում։ Միջազգային իրավական չափանիշները պահանջում են, որ ենթադրյալ վարձկանները դատվեն սովորական քաղաքացիական դատարաններում, քանի որ նրանք չեն ճանաչվել զինված ուժերի անդամներ եւ չեն կարող ենթարկվել ռազմական իրավասության։ Սա հաստատում է, որ նրա դեմ վարույթը ոչ միայն հիմնված է եղել նրա կարգավիճակի սխալ դասակարգման վրա, այլեւ իրականացվել է միջազգային իրավունքի հիմնարար դատավարական երաշխիքների խախտման վրա։

- Բացի այդ, պահանջել եք աշխատանքային խմբի անդամ Գաննա Յուդկիվսկայի ինքնաբացարկը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ նրա մասնագիտական կապի եւ Ադրբեջանի հետ անձնական կապերի պատճառով առաջացող շահերի հնարավոր բախման պատճառով։ Ալիեւի ռեժիմի եւ նրա ազդեցության պայմաններում դա հնարավո՞ր է:

- Այո, ընթացակարգային առումով հնարավոր է դիմել ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբին՝ Գաննա Յուդկիվսկային գործից բացարկելու խնդրանքով, եթե կա շահերի բախման հավաստիություն: WGAD-ի կանոնները պահանջում են, որ անդամները պահպանեն անաչառություն եւ դուրս գան կոնկրետ գործերից, երբ նրանց անկախությունը կարող է ողջամտորեն կասկածի տակ դրվել: Կոնկրետ գործից բացարկելը իրատեսական միջոց է: Աշխատանքային խմբից պաշտոնապես հեռացումը չափազանց հազվադեպ է եւ լուծվում է միայն Մարդու իրավունքների խորհրդի մակարդակով, ուստի ակնկալիքները պետք է կենտրոնանան նրան այս վարույթից բացառելու, այլ ոչ թե նրա պաշտոնը չեղյալ համարելու ակնկալիքի վրա:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image