Հունիսի 19-ին ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Ապարանի Նիգավան համայնքում։ «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ էր ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 7 քաղաքացի։ Ըստ մամուլի հրապարակումների, կրակողները ՔՊ-ականների հարազատներն են եղել, ովքեր կրակել են վարչապետ Փաշինյանին հայհոյած մարդկանց վրա։ Այն, որ Հայաստանում հասարակությունը դեռեւս 2018-ի հեղափոխությունից հետո բաժանվեց սեւերի եւ սպիտակների, բոլորիս է հայտնի։ Բայց որ այդ սեւերի եւ սպիտակների միջեւ ատելությունն այն աստիճանի կխորանա, որ կսկսեն միմյանց կյանք խլել, ոչ մեկի մտքով չէր անցնի։ Թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։
- Հայաստանում, այո, Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ կողմնակիցներ ունի, ովքեր պատրաստ են առաջին իսկ բացասական խոսքի դեպքում ուղղակի կրակել, որովհետեւ հակառակորդներին ընկալում են որպես թշնամիներ։ Այո՝ հասարակությունը երկպառակված է։ Հայաստանում կա ահռելի քանակով ապօրինի զենք, եւ ոստիկանությունը բոլորովին այլ գործերով է զբաղվում։ Այնպես որ, այո, գործնականում կարող էր լինել այդպիսի բան։ Եվ եթե անգամ դա կենցաղային հողի վրա է եղել, ինչպես հայտարարեց ոստիկանությունը, ինչը, իմ կարծիքով, քիչ հավանական է, ապա, միեւնույն է՝ մենք պետք է հասկանանք, որ ներքաղաքական մթնոլորտն է այդպիսին։ Հիշո՞ւմ եք, ժամանակին Սերժ Սարգսյանն ասում էր՝ հասարակության մեջ տիրում է գաղջ մթնոլորտ, այ, հիմա այդ մթնոլորտը շատ ավելի գաղջ է։
- Դեռ ոչ մի պաշտոնյա հանդես չի եկել քննադատությամբ կամ ներողություն չի խնդրել, ցավակցություն չի հայտնել զոհերի հարազատներին։
- Իհարկե, իշխանություններն են առաջին հերթին մեղավոր, որ երկրում այսպիսի մթնոլորտ է։ Եվ չի բացառվում, որ եթե այս ամեն ինչը շարունակվի, այսպիսի բախումները գնալով ավելի ու ավելի հաճախակի կդառնան եւ ավելի սուր բնույթ կկրեն։ Ես չգիտեմ՝ ինչու չարձագանքեցին։ Ամեն դեպքում, հասկանո՞ւմ եք խնդիրը որն է՝ որ որեւէ վստահություն չկա ո՛չ իշխանությունների նկատմամբ, ո՛չ իրավապահ համակարգի։ Դրա համար էլ անգամ պաշտոնապես իրավապահ համակարգը՝ ոստիկանությունը, ինչ-որ պարզաբանումներ է տալիս, բայց դրան որեւէ մեկը չի հավատում։ Սա է պրոբլեմը։ Որովհետեւ, նախաքննության մարմին կլինի կամ հետագայում դատ կլինի, միեւնույն է՝ այդ համակարգերի նկատմամբ վստահություն չկա։ Եվ անգամ՝ անկախ նրանից, թե ինչ կպարզվի կամ ինչ հայտարարություն կանեն, միեւնույն է՝ հասարակության մեջ շարունակելու է այդ անվստահությունը, եւ մարդիկ դա ընկալելու են որպես քաղաքական հողի վրա բախում, ընդհուպ մինչեւ քաղաքացիական բախումներ։ Այսինքն՝ պրոբլեմն իշխանությունների նկատմամբ անվստահությունն է, եւ երկրորդ պրոբլեմը՝ հասարակության բաժանումը սեւերի ու սպիտակների միջեւ, որը, կարծում եմ, այս իշխանությունների հասցրած ամենամեծ վնասներից մեկն էր։ Ընդհանրապես, պատկան կառույցները կաթվածահար վիճակում են։ Պետություն չկա, չի գործում, իշխանությունները չեն գործում։ Պետական կառույցները զբաղված են բացառապես իրենց իշխանությունը պահպանելով եւ իրենց անձնական բարեկեցությունն ապահովելով։ Այն, ինչ վերաբերում է պետության խնդիրներին, 2-րդ, 3-րդ պլան են մղել։