Բարձրագույն դատական խորհրդի կողմից Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի բազմափորձ դատավորներ Սուրեն Անտոնյանի, Տիգրան Պետրոսյանի եւ Արտակ Բարսեղյանի լիազորությունների դադարեցումից հետո այժմ այս պալատում դատավորի 3 թափուր տեղ կա, 7 անդամից 4-ն է մնացել: Եվ այդ հաստիքների համալրման համար ԲԴԽ-ն հուլիսի 7-ին հայտարարություն է տարածել։ Մեր տեղեկություններով՝ վճռաբեկի քաղաքացիական պալատի դատավորի տեղի համար պայքարում են ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանն ու Նաիրա Հովսեփյանը։ Նաիրա Հովսեփյանը դատավոր է աշխատում 1996-ից, այսինքն՝ 10 տարվա աշխատանքային փորձ, որից 5 տարին՝ դատավոր, նա ունի։ Վիգեն Քոչարյանը ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ է, նա էլ ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան եւ 2006-2014 թթ. եղել է ԵՊՀ Եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչը, Սանկտ Պետերբուրգի համալսարանում ստացել է իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան, ուստի նա էլ է համապատասխանում օրենքի պահանջներին։
Բայց սա նշանակում է, որ ԲԴԽ անդամները, դադարեցնելով գործող դատավորների լիազորությունները, իրենք իրենց համար են տեղ ազատել:
Եվս 1 թափուր տեղ կա Վճռաբեկ դատարանի քրեական պալատում։ Թափուր տեղն առաջացել է այն բանից հետո, երբ քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը տեղափոխվել է հակակոռուպցիոն պալատ եւ ընդգրկվել հակակոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմում։ Վճռաբեկի քրեական պալատի թափուր հաստիքի համար էլ պայքարում է ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Դավիթ Խաչատուրյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը, ում համար տեղ ազատեցին` Ելիզավետա Դանիելյանին ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան, քանի որ եղբայրներից մեկը չէր կարող աշխատել Հակակոռուպցիոն կոմիտեում, մյուսը` հակակոռուպցիոն դատարանում։ Դա արդեն չափից դուրս շահերի բախում կլիներ, իսկ այս իշխանությանը բավարար է Կարեն Անդրեասյանի եւ Գրիգոր Մինասյանի փաստը:
Քաղաքացիական պալատի թափուր տեղի համալրման համար պահանջները նույնն են, ինչ քրեական պալատի դեպքում, այսինքն՝ Դավիթ Խաչատուրյանը պետք է ունենա գիտական աստիճան, 8 տարի բուհում իրավագիտություն դասավանդած լինի կամ վերջին 12 տարում մասնագիտական աշխատանքի 10 տարվա փորձ ունենա։ Խաչատուրյանն իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան է ստացել 2000-ին, 2013-2020 թթ․ դասավանդել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնում, 2004-ին՝ Սլավոնական համալսարանում: Եթե սրան գումարենք նաեւ Սորոսի հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնը, որը նա երկար տարիներ զբաղեցրել է, ապա տվյալներն ավելի քան համապատասխանում են օրվա պահանջներին։