Հարցազրույց

Ջհանգիրյանի արտահայտություններից հետո դատարանը չի կարող քննել Ռոբերտ Քոչարյանի գործը

Ջհանգիրյանի արտահայտություններից հետո դատարանը չի կարող քննել Ռոբերտ Քոչարյանի գործը

Փաստաբան  Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Փաստացի ձայնագրության մեջ արտացոլված խոսակցությունը կարծում եմ հասարակության մեջ  որևէ տարակուսանք և որևէ նորություն չպետք է բացահայտեր։ Բոլորս գիտենք, որ իրականում միշտ էլ այդպես է եղել։ Ուղղակի  հիմա բառացի լսեցինք այն, ինչ օբյեկտիվ իրականության մեջ միշտ եղել Է։ Ինձ այդ ձայնագրությունը որևէ կերպ  չզարմացրեց, որովհետև ես միշտ էլ իմացել եմ՝ մեր դատաիրավական համակարգում նման խայտառակ իրավիճակ է տիրում։ Ես նման բառամթերքով օգտագործված խոսակցությունը մեկնաբանելու առումով կդժվարանամ և իրավական տեսանկյունից, և նորմալ մակարդակում։

Միգուցե այլ անձինք հնարավորություն ունենան, ես չունեմ, հավատացեք։ Բառամթերքին մեկնաբանություն տալը՝ ես որպես մարդ, որպես մասնագետ, արժանի չեմ համարում։ Ավելին ասեմ՝ այն հայտարարությունները, այն ձևակերպումները, որոնք, որ տրված են երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, ընդամենը մի բան կասեմ այդ  հատվածի տեսանկյունից՝ հիմա այդ դատական համակարգը տվյալ քրեական գործի շրջանակներում ուղղակի ունակ չէ օբյեկտիվ անկախ և անաչառ լինել։ Իսկ քանի որ Գագիկ Ջհանգիրյանը ղեկավարում է դատական իշխանությունը, հետևաբար իր տվյալ հայտարարության շրջանակներում, ամբողջ դատական համակարգը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործով, ուղղակի ունակ չի լինելու անկախ լինել։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում չկա դատական համակարգ, որը կարող է այդ գործը քննել և հասարակության և միջազգային հարթություններում  երևալ որպես անկողմնակալ, անաչառ դատարան»։

Թե ինչպիսի ազդեցություն կունենա իրավական համակարգի վրա նման ձայնագրության հրապարակումը, փաստաբանն ասաց․ «Իրավական համակարգը Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից այս կողմ, կարելի է ասել, ամբողջությամբ ոչնչացված  վիճակում է գտնվում։ Սրանից վատ իրավիճակ ես էլ չեմ պատկերացնում։ Հետևաբար այս ձայնագրությունն իր ուրույն դերը կունենա այս ամեն ինչի մեջ, թե՝ ոչ, ես չեմ կարող ասել»։

«Մենք փաստաբաններս ամեն ինչ անում ենք, որպեսզի այս ոլորտը, եթե գտնվում է ինչ-որ չափով ոչնչացված վիճակում, ամբողջությամբ չոչնչանա։ Դրա միակ երաշխավորը միակ գործիքը՝ դատական համակարգի, դատական իշխանության անկախ լինելն է։ Բայց մենք տեսնում ենք, որ դատական իշխանությունը երբեք անկախ չի եղել, իսկ այժմ՝ էլ ավելի ոչ անկախ վիճակում է գտնվում։ Հետևաբար՝ այս իրավիճակից դուրս գալու ինչ-որ հնարավորություն, ես այս պահին կդժվարանամ ասել՝ կա՞, թե՞ ոչ։ Այսինքն, տվյալ անձինք անում են ամեն ինչ, որպեսզի իրավական  ոլորտում աշխատողներս այլևս մտածենք այլ մասնագիտություն ունենալու, այլ աշխատանք փնտրելու ուղղությամբ։ Որովհետև նման ձևով, նման դատական իշխանությունից սպասել արդար, ողջամիտ մոտեցումներ անհնար է արդեն»,-ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image