Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու անդրանիկ նիստում համայնքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանը:
Նշենք, որ ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք» կուսակցությունները եւ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը քաղաքապետի պաշտոնում առաջադրեցին «Հայք» կուսակցությունից Դավիթ Մանուկյանի թեկնածությունը:
Տավրոս Սափեյանն ստացավ 11 կողմ ձայն, Դավիթ Մանուկյանը՝ 10 կողմ ձայն:
Ավագանու անդամները դահլիճից վրդովված դուրս եկան ու լրագրողներին ասացին՝ «Գրեք, որ Թալինում հաղթեց Չաղ Ռուստամը»։
«Հայք» կուսակցությունն առաջնորդած Կարեն Գրիգորյանի մեկ ձայնը վճռորոշ եղավ, որ ընտրվի Տավրոս Սափեյանը։ Նշենք, որ նրա վրա օրերս ահռելի ճնշումներ էին գործադրում։
Գրիգորյանը Սափեյանին ասաց. «Տավրոս, դու լավ գիտես, որ քաղաքապետ չես ընտրվել, սակայն ամբողջ ծանրությունը վերցնում եմ ինձ վրա ու կատարում ընտրությունս»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ավագանու անդրանիկ նիստից մեկ օր առաջ՝ Թալինում ողջ գիշեր ոստիկանական ուժերն ուժեղացված «հսկողություն» են իրականացրել «Հայք» կուսակցությունն առաջնորդած Կարեն Գրիգորյանի բազմաբնակարան շենքի տարածում, իսկ քրեածին տարրերը Ռուստամ Ստեփանյանի՝ Չաղ Ռուստամի գլխավորությամբ շարունակել են հոգեբանական ճնշումները թեկնածուի վրա: