Թեհրանում դեկտեմբերի 24-ի երեկոյեան, Սբ. Ծննդյան տոների առթիվ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Իրանում քրիստոնյա համայնքների՝ հայերի եւ ասորիների հոգեւոր եւ ազգային ներկայացուցիչներին:
Շնորհավորելու քրիստոնյաների Ս. Ծնունդը եւ Ամանորը, Փեզեշքիանը համայն աշխարհին ցանկացել է խաղաղություն, անվտանգություն եւ բարեկամություն: Նա մեջբերումներ է արել Ղուրանից, ընդգծել, որ բոլոր մարգարեները ավետել են արդարություն ու ճշմարտություն: Ընդգծել է, որ թշնամանքը և պատերազմները արդյունքն են եսասիրության։
«Եկել եմ ասելու, որ մենք ձեզ հետ ենք եւ բոլորս ցանկանում ենք միասին ապրել հասարակության մեջ, հանուն խաղաղության, բարօրության, արդարության, ճշմարտության, եւ սիրո։ Աստված առաքեց մարգարեներին, որպեսզի մենք միասին ապրենք խաղաղությամբ, ու բարօրությամբ եւ չպատերազմենք միմյանց հետ», -իրանահայ «Ալիք» օրաթերթի փոխանցմամբ ասել է Փեզեշքիանը։ Իրանի նախագահն այցելել է նաև Իրան-Իրաք պատերազմի ժամանակ զոհված երկու հայ նահատակների տուն, որտեղ հանդիպել է նաև մյուս զոհված իրանահայերի ընտանիքներին, այս մասին տեղեկանում ենք իրանական IRIBNEWS.COM պետական լրատվամիջոցից։