Կապանի գյուղերում լարվածությունը շարունակվում է։ Բնակիչներն իրենց բնակավայրերը լքելու մասին են խոսում․ նախօրեին հայտնի դարձավ, որ Կապանի գյուղերի սահմանագծով տեղակայվելու է թշնամին, որը մի քանի հարյուր մետրից վերահսկողության տակ է պահելու մեր համայնքները։ Մարդիկ վախ ունեն՝ ինչպե՞ս են ապրելու «թուրքի» հետ այսքան մոտ։
Նախորդ առավոտյան Սյունիքի մարզի Քարահունջ համայնքում էին միջպետական ճանապարհը փակել՝ պահանջելով չեղարկել Կապանի դիրքերը թշնամուն հանձնելու ՀՀ ՊՆ որոշումը։ 6,5 ժամ Մ2 մայրուղին փակելուց հետո բնակիչները որոշել էին բացել այն, որպեսզի հանդիպեն ՊՆ ներկայացուցիչների հետ։ Պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել էր մարզի համայնքների ղեկավարների հետ եւ ասել, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, ՀՀ տարածքից որեւէ մետր չի զիջվելու։ Ավելի ուշ Շուռնուխ գյուղի համայնքապետ Հակոբ Արշակյանը հանդես էր եկել տեսաուղերձով, կոչ արել կամավորներին՝ զենքով գալ-միանալ իրենց՝ գյուղն ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար․ «90-ականներին Շուռնուխից է սկսվել, հիմա էլ Շուռնուխի հարցն է: Խնդրում եմ, բոլորիդ կոչ եմ անում՝ վաղը, ժամը 10:00-ին զենքով լինել Շուռնուխում` մեր պոստերը պահելու համար: Եկեք-միացեք մեզ, մեր հողերը պահենք, հետո ուշ կլինի»: Ասել էր, որ բանակի զորամիավորումները եւ ռազմական տեխնիկան գյուղից տարվել են, եւ իրենց հույսը կամավորական ջոկատներն են։
Գյուղապետը մեզ հետ զրույցում ասաց, որ իր կոչին մոտ 50 հոգի արձագանքել է, այժմ նրանք դիրքերում են․ «Գորիսից եկել են կամավորները, մեր մարտական ընկերները, եկել են, գյուղում ենք, գյուղի ջոկատի հետ ենք։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ ենք անելու, եթե ՊՆ-ն թողնի բարձիթողի վիճակում, մեր խելքն ինչ կտրում է, անում ենք, ամեն դեպքում, աշխատում ենք գյուղը պահենք մեր վերահսկողության տակ։ ՊՆ-ից հենց նոր ասեցին, որ մեր դեմը պոլնի ազատ ա, վերջին զորքը դուրս եկած ա, իրենք հանել են, ասում են՝ հետ եկեք գյուղ։ Գյուղը վերահսկողության տակ է լինելու՝ իր սահմաններով։ Մեզ տեղեկացրին, որ սենց ա լինելու։ Ասում են՝ հետ եկեք գյուղ, մենք դեռեւս չենք հասկանում՝ հետ գա՞նք, թե՞ ոչ»։ Նաեւ նշեց, որ որոշել են կանանց եւ երեխաներին գյուղից տարհանել՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար․ «Ընդհանուր, մոտ կլինեն 150 հոգի, չգիտեմ՝ ուր կգնան, ուր աչքները կտրի։ Որ գան Երեւան, մենակ չասեք՝ դուք էլ շուռնուխեցի եք, գորիսեցի եք, ոնց ղարաբաղցիքին եք ասում»։ Խոսելով ՊՆ նախարարի հետ հանդիպման մասին՝ նա նշեց, որ վերջինս հստակ ոչինչ չի ասել․ «Նա ասում էր՝ դեռ քննարկվում է, ուրիշ ոչ մի բան չի ասել, ի՞նչ պիտի ասի, ասեց, որ GPS-ով այդ գործողությունները կատարվելու են, Ալիեւի GPS-ը դնելու են, որ իրենք կանգնեն, գլխին էլ մենք ենք կանգնելու։ Ռուսը՝ ոչ մի բան, ընդամենը մայրուղին պիտի վերահսկի, քանի հոգով, ոնց՝ չենք հասկանում»։
Պատերազմի ընթացքում մի քանի անգամ ռմբակոծված Դավիթ Բեկ գյուղից դիրք չի հանձնվելու, գյուղն արդեն սահմանամերձ է դարձել։ «Հոկտեմբերի 20-ից մենք մեր սահմանում ենք, հիմա ի՞նչ պիտի հանձնվի։ Ձախ կողմում դիրք կա հանձնվելու, որը Շուռնուխ գյուղի մեջ է մտնում»,- նշեց գյուղապետ Բեմիամին Պողոսյանը։ Նա իրենց գյուղի վերաբերյալ մեկ կարեւոր խնդիր բարձրաձայնեց՝ Կապան-Գորիս ճանապարհը փակվելու է, անցնելու է թշնամու վերահսկողության տակ։
- Գյուղում հիմա սահմանապահներ կա՞ն։
- Կան։
- Հանդա՞րտ է։
- Գյուղի մեջ նորմալ է։ Սպասում ենք, ձյուն է գալիս, ամպամած է, թուրքն էլ որ ուզի գա, չի գա, ցեխ է։ Մեր պրոբլեմը միայն այդ ճանապարհն է, որ մտնում է իրենց տարածքի մեջ, դա էլ ռուս խաղաղապահը պետք է պահի, ռուսը չի գալու մեր դիրքը պահի։
- Այսինքն՝ կապն արտաքին աշխարհի հետ կկտրվի՞։
- Չեմ կարող ասել, դե, ռուսը կպահի, էլի։ Բայց լավ, ասենք ռուսը ո՞նց կպահի, որ այդ ճանապարհով գնան-գան, ամեն օր կարա՞ պահի՝ 1, 2, 3, 4, 5 օր պահի, հետո՞։ Ամեն 10 մետրի վրա հո մարդ չի՞ կանգնելու։
- Այս հարցով կառավարությանը դիմե՞լ եք։
- Կառավարությանն ի՞նչ դիմեմ։ Դե, ի՞նչ խնդիր են լուծել, որ սա էլ լուծեն։
- Իրենք են ստորագրողները եղել։
- Կգա՞, կլուծի՞ էդ հարցը։
- Վարչապետը ո՛չ ես եմ, ո՛չ Դուք, ինքը պետք է լուծի այդ հարցերը։
- Ինքը թող մի օր գար, ինձ հետ նայեր՝ ինչ ա կատարվում, հետո նոր խոսեր։ Ամեն դեպքում, այստեղ վտանգ կա, լրիվ անհանգիստ վիճակ է մեզ մոտ։