Հարևան Վրաստանի Հանրապետության խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում երեկ քննարկումներ են եղել «Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության մթնոլորտի վրա» թեմայով:
Ի՞նչ է քննարկվել Արցախի շուրջ, շատ քիչ բան հնարավոր եղավ գտնել, այն էլ ոչ վրացական մամուլից։
Ռուսական «Մոսկվա-Բաքու» տեղեկատվական պորտալը (moscow-baku.ru) հղում է արել (12․04․2021) «վրացական Report բյուրոյին՝ նշելով, որ վերջինն էլ իր հերթին հղում է կատարել օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը։
Տարածված տեղեկատվության համաձայն՝ հանձնաժողովի անդամները լսել են Վրաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Շալվա Լոմիձեին:
Կայքի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահ Իրակլի Բերայան ասել է, որ «ձեռք բերված համաձայնությամբ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում ավելացավ»։ Ըստ երևույթին, Բերայան նկատի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9/10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորգարված եռակողմ հայտարարությունը։
«Բանախոսը տրամադրել է տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վերաբերյալ ու մանրամասն տեղեկություններ համաձայնագրի արդյունքների վերաբերյալ», - գրել է «Մոսկվա-Բաքու»-ն:
Արտաքին հետախուզության ծառայության Վերլուծական վարչության տնօրեն Գիվի Թումանիշվիլին ասել է, որ հանձնաժողովի անդամները ծանոթացել են պատրաստված վերլուծություններին ու գնահատականներին, քննարկել են այն խնդիրները, որոնց Վրաստանը կարող է բախվել տարածաշրջանում առկա իրավիճակի հետ կապված: