Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը մտքափոխվե՞լ է ռեյտինգային ընտրակարգի հարցում

Նիկոլ Փաշինյանը մտքափոխվե՞լ է ռեյտինգային ընտրակարգի հարցում

Չնայած արտահերթ ընտրությունների շուրջ սկսված քաղաքական խորհրդակցություններին, իշխանությունը կոնկրետ քայլեր չի ձեռնարկում Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու ուղղությամբ: Թեեւ խոսվում է անգամ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մայիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, սակայն փոփոխված օրենսգրքից դեռ ձայն-ծպտուն չկա։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, հետպատերազմական իրողություններով պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանն ու թիմն այլեւս նպատակահարմար չեն գտնում ռեյտինգային համակարգից պարզ համամասնական ընտրակարգի անցնելը, ինչի մասին 2․5 տարի թմբկահարում էին՝ ասելով, որ ռեյտինգային համակարգը Սերժ Սարգսյանը ստեղծել է իր համար, որպեսզի օլիգարխների միջոցով վերարտադրվի։ Իսկ հիմա Փաշինյանն այն իր իշխանության վերարտադրությանն է ուզում ծառայեցնել։

Գաղտնիք չէ, որ ռեյտինգային ընտրակարգ կոչվածը ձեռնտու է ցանկացած իշխանական ուժի, քանի որ այն հնարավորություն է տալիս վերահսկել իր համար գործ անողների, այդ թվում՝ իշխանությանը կից օլիգարխիայի, թաղային հեղինակությունների աշխատանքը։ Իշխանական թիմի ներկուլիսային քննարկումների համաձայն՝ Փաշինյանի հույսը հատկապես գողականներն են, որոնց դեմ ոչ վաղ անցյալում իբր պայքարում էին, նույնիսկ խորհրդարանը քրեական ենթամշակույթի դեմ օրենք ընդունեց, մինչդեռ այսօր մենք տեղեկություններ ենք ստանում, որ գողական որոշ շրջանակներ առավոտից երեկո Փաշինյանի կեցավայրին հարակից առանձնատներում հանդիպումներ են ունենում։ Նրանց աշխատանքն էլ համակարգում է ԱԺ հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ «Շիշ բռնող» մականվամբ։

Ռեյտինգային ընտրակարգի դեպքում այս անձինք կնշանակվեն տարբեր ընտրատարածքների պատասխանատու, ու ոչ մեկը չի կարող գլուխ պահել, քանի որ կատարված աշխատանքների արդյունքը պարզ երեւալու է։ Ուշագրավ է, որ պատերազմից հետո ԸՕ բարեփոխումների առաջամարտիկ Դանիել Իոաննիսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ նախագիծը մինչեւ դեկտեմբերի վերջը պատրաստ կլինի, փետրվարին էլ խորհրդարանում կընդունեն, եւ մարտին արդեն կարող ենք արտահերթ ընտրություններ անել՝ չսպասելով Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, քանի որ, իր խոսքով, գործ ունենք աննախադեպ իրավիճակի հետ։ Իսկ երեկ նա մեզ փոխանցեց, որ ինչ-ինչ խնդիրների պատճառով նախագծի մշակումը ձգձգվում է, վստահեցրեց, որ խնդիրները տեխնիկական են, եւ որ մոտ օրերս նախագիծը կհրապարակվի, ու աներկբայորեն նոր ԸՕ-ում կամրագրվի համամասնական ընտրակարգը, ընդ որում՝ դասական տարբերակը եւ ոչ թե վարկանիշային, որպեսզի ընտրողն ինքը որոշի, թե համամասնական ցուցակից ում նախապատվություն տա, եւ թեկնածուները մանդատ ստանան ոչ թե ցուցակում հաջորդականությամբ, այլ ով ավելի շատ  ձայն կստանա։

Ի դեպ, Իոաննիսյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստանը» նման առաջարկ էր ներկայացրել, բայց իրենք մերժել են, քանի որ այն բազմաթիվ խութեր կառաջացներ։ «Ուստի լինելու է սովորական համամասնական ընտրակարգ։ Քաղաքացին գնալու է ընտրատեղամաս, քվեարկելու է կուսակցության կամ դաշինքի օգտին, եւ ինչքան ձայն որ հավաքել է կուսակցությունը կամ դաշինքը, ստանում է այդքան մանդատ, ու ցուցակի հաջորդականությամբ էլ մանդատները ստանալու են»,- ասաց նա։ Հետաքրքրվեցինք, թե իշխող ուժից այս ընթացքում ստացվե՞լ են այլ առաջարկներ։ Բացասական պատասխան տվեց՝ հիշեցնելով  անցած շաբաթ ԱԺ-ում «վարչապետի» ունեցած ելույթը, որ «Իմ քայլում» որոշել են՝ իրենք համամասնական ընտրակարգի կողմնակիցն են։

Նկատեցինք՝ առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը մի բան ասում է, այլ բան անում։ Հարցրինք նաեւ, թե իր եւ իմքայլականների շփումներից ինչ տպավորություն է ստացել, օրինակ՝ հնարավո՞ր է, որ նրանք կողմ չքվեարկեն նոր ԸՕ-ին։ «Ինձ թվում է՝ չէ, բայց ես ի՞նչ իմանամ, պետք է իրենց հարցնեք»,- ասաց Իոաննիսյանը։

Ի դեպ, նա ասաց նաեւ, որ նախագիծը, իր հաշվարկներով, կընդունվի ապրիլի վերջերին։ «Մարտին Վենետիկի հանձնաժողովի հերթական նսստաշրջանն է, նախագիծը, ամենայն հավանականությամբ, այդ նիստում կքննարկեն, ինչ-որ ողջամիտ ժամկետ էլ պետք է՝ կարծիք կներկայացնելու համար, միաժամանակ նախագիծը հանրային քննարկումներով կանցնի ու, ինձ թվում է, ապրիլի վերջին կընդունվի»։

Հիշեցրինք, որ մեր նախորդ զրույցի ժամանակ Իոաննիսյանը կարծիք էր հայտնել, թե կարելի է չանսալ Վենետիկի կարծիքին, քաղաքական որոշո՞ւմ է կայացվել, որ պետք է ներկայացնել, եւ արդյո՞ք դա նշանակում է, որ դրանից հետո մոտ մեկ տարի էլ ընտրություն չի լինի։ «Այդ որոշողը ես չեմ, բայց ոնց որ թե՝ այո, սպասելու են Վենետիկին»։ Իոաննիսյանն ասաց, որ չնայած ԸՕ-ն ընդունելուց մեկ ամիս հետո էլ «ֆիզիկապես» հնարավոր է ընտրություն անցկացնել, բայց դա «խիստ» անցանկալի է․ «Ցանկալի է գոնե մի կես տարի սպասել ընդունվելուց հետո»։

ՀԳ․ Ի դեպ, չի բացառվում, որ իմքայլական մեծամասնությունը խորհրդարանում տապալի նոր ԸՕ-ի ընդունումը, ինչպես դա եղավ 2018-ին, երբ անհայտ ու անհասկանալի պայմաններում ընդամենը մեկ ձայն պակասեց, որ նոր ԸՕ-ն ընդունվեր։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image