Աշխարհի առաջնորդները ողջունել են ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված համաձայնագիրը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը համաձայնագիրը անվանել է «չափազանց կարևոր քայլ պատերազմը դադարեցնելու, տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու և Հորմուզի նեղուցը բացելու գործում»։ Սթարմերը կոչ է արել «վերականգնել առանց մաքսատուրքի նավարկության ազատությունը»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ ասել է հետևյալը. «Ծովային նավարկության վերականգնումը առանց սահմանափակումների կամ վճարների կարևոր է տարածաշրջանային կայունության և համաշխարհային տնտեսության համար»։
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հույս է հայտնել, որ «Հորմուզի նեղուցում ազատ և անվտանգ նավարկությունը իսկապես կապահովվի»։ The New York Times-ը նշում է, որ Ճապոնիայի նավթի 95%-ը գալիս է Մերձավոր Արևելքից։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է երկու կողմերին համաձայնագրի կապակցությամբ, որը «կծառայի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության կայուն մթնոլորտի հաստատմանը»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ կարծիք է հայտնեկ, որ համաձայնագիրը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության համար։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համաձայնագիրն անվանել է «հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կարևոր քայլ»։