Երեկ գրել էինք, որ դժբախտ դեպք է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում գտնվող «Երազ» այգում, որտեղ զիպլայնից քաղաքացի է ընկել՝ 7 մետր բարձրությունից, տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ, որտեղ և գիտակցության չգալով մահացել է։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ քաղաքացին, որը պատահարի հետևանքով մահացել է հենց զիպլայնի տնօրենն է, նրա քույրը՝ լրագրող Տաթևիկ Աբրահամյանը ֆեյսբուքում հայտնել էր, որ որևէ անվտանգային խնդիր չի եղել՝ դեպքի մեղավորը հաճախորդն է եղել։
Կապ հաստատեցինք «Երազ» այգու ադմինիստրացիայի հետ, լրատվության բաժնից մեզ հայտնեցին․
«Մեր կողմից ինֆորմացիա կարող ենք տրամադրել միայն այնքանով, որ դեպքը այգու տարածքում է եղել, բայց զիպլայնի հատվածը վարձակալությամբ է տրված, այսինքն՝ ֆիրման մերը չէ, մենք պատասխանատվություն չենք կրում՝ ո՛չ ներկա ենք գտնվել այնտեղ, ո՛չ վկաներ կան։ Մեր տեղեկությամբ, դժբախտ դեպք է տեղի ունեցել ու տնօրենն է եղել, որը տվյալ պահին փորձել է օգնել քաղաքացուն թռչի, բայց թռիչքի ընթացքում ոչինչ չի եղել, այսինքն, անվտանգության հետ կապված խնդիր էլ չի եղել, ուղղակի դժբախտ պատահար է եղել, որ այդ պահին ինքն ընկել է զիպլայնի հարթակից՝ ոչ թե ճոպան է պոկվել կամ որևէ նման բան»։
Ոստիկանության լրատվության բաժնից էլ Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին քննություն է կատարվում՝ մանրամասներ հայտնել դեռ չեն կարող։