Հունվարի 11-ին վարչապետ Ն․ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վ․ Պուտինի, ապա՝ Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի հետ։ Չնայած հանրային
ահռելի հետաքրքրությանը և ազգային մեծագույն տագնապներին՝ հանդիպման օրակարգը գաղտնի է մնում՝ ավելի և ավելի սրելով լարվածությունը մարդկանց մոտ, ովքեր նոր ողբերգությունների համար միանգամայն հիմնավոր կանխազգացումներ ունեն․2020 թվականի նոյեմբերի 9-ը՝ վկա։Իսկ հանդիպման ձևաչափը՝ ոչ եռակողմ-միաժամանակյա, այլ՝ առանձին-առանձին, հուշում է, որ Ռուսաստանը դարձյալ իր անկողմնակալության ցույցն է անում՝ չմասնակցելով Ալիև-Փաշինյան հանդիպմանը։ Կարծում եմ՝ կա նաև զուտ մարդկային-հոգեբանական գործոնը․ ի՞նչ հաճույք կարող է ստանալ մարդը (Պուտինը) պարտվածի և հաղթողի, անվերջ տանուլ տվող դիլետանտի և իր երկրի համար անվերջ հաղթանակներ կորզող պրոֆեսիոնալ պետական գործչի հանդիպմանը ներկա գտնվելուց։ Այդ կոնտրաստներից մարդը կարող է նույնիսկ վատանալ։ Ուրեմն՝ կհանդիպեն Ալիևն ու Փաշինյանը։ Եվ մեր ժողովուրդն արդեն նախապատրաստվում է հերթական նվաստացմանը, հերթական աներևակայելի զիջումներին, որոնք հետո մեր աննախադեպի կողմից կմատուցվեն փիլիսոփայական անխռովությամբ ու, բնականաբար, փրկչական բառապաշարով։ Անշուշտ անփոփոխ կմնա նաև մատուցման ձևը՝ տեղեկատվություն լայվի միջոցով, ամենայն հավանականությամբ՝դարձյալկեսգիշերին (կքնեն՝ կմոռանան հոգեբանական «հաշվարկով»)։ Բայց, այնուամենայնիվ, ո՞րն է լինելու հանդիպման օրակարգը։ Կարծում եմ՝ բացի այն, որ օրակարգի թեմատիկան մեծ հաշվով պարզ է, կոնկրետ թեմաների հարցով անորոշությունը կպահպանվի մինչև վերջ՝ մինչև բուն հանդիպումը։ Ավելին, կարծում եմ, որ օրակարգի որևէ մանրամասն հայտնի չէ նաև «մեր» կողմին․ նա դրանք չգիտի՛, դրանց մասին նրան չե՛ն ասել, ուստի որոշակի օրակարգ՝ որպես այդպիսին, գոյություն չունի։ Օրակարգը կձևավորվի բուն հանդիպման պահին և դրա ընթացքում, ընդ որում՝ օրակարգը կձևավորի բռնապետ Ալիևի ծաղրական, նվաստացուցիչ հայացքը՝ ուղղված համաշխարհային ժողովրդավարության վունդերքինդին։ Ահա ալիևյան հայացքի «տրամաբանությամբ» էլ կձևավորվի օրակարգն ու դրանից բխող մնացյալ ամեն ինչը։«Եվ ուրեմն՝ եկեք արձանագրենք», որ մեր ազգային օրակարգերը, ըստ էության, վաղուց կախված են ոչ թե «մեր» ղեկավարի պետականամետ կեցվածքից, այլ հարևան երկրի նախագահի հայացքից։