Երեկ գրել էինք, որ Ալավերդիում քաղաքական հողի վրա ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել, որից ժամեր հետո՝ մեկ այլ վայրում, կրակել են պատգամավորին հարվածած միջադեպի մասնակիցների վրա: «Հրապարակ»-ին դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Ծեծկռտուքից հետո թեման շարունակվել է Ալավերդիի երկաթգծի կայարանի թաղամասում: Հաշվեհարդար տեսնելու եւ հարցին վերջնական «իտոգ» տալու համար միջադեպի մասնակիցներից Ալեքսանդր Մելիքյանը 5-6 անգամ կրակել է «հակառակորդներից» Զորայր Շահվերդյանի, եւ այդ պահին այդտեղ գտնվող այլ անձնանց ուղղությամբ: Ալեքսանդր Մելիքյանը փորձել է սպանել Զորայր Շահվերդյանին: Մեզ ասացին, որ նա է եղել Արեն Մկրտչյանին ենթադրաբար ծեծած ալավերդցին: Ըստ ամենայնի՝ իշխանամերձ շրջանակները փորձել են հաշվեհարդար տեսնել նրանից:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության լրատվականից հաստատեցին տեղեկությունը, նշելով, որ նյութերն ուղարկվել է Քննչական կոմիտե:
Ավելի վաղ գրել էինք, որ Ալավերդիի «գողականները» ծեծել են ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Ըստ մեր աղբյուրի՝ վեճը եղել է քաղաքական հողի վրա: Բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»: Խոստումը չի կատարվել:
Արեն Մկրտչյանի մասնացությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» ՔՊ-ական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի: Դեպքից ժամեր հետո Ալավերդիում կրակել են Արեն Մկրտչանին ծեծի ենթարկած տղերքից մեկի մեքենայի վրա: Մեր տեղեկություններով՝ մարզի ոստիկանությունը կրակոցի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ է ստացել ու գնացել տաք հետքերով:
Ի դեպ, Արեն Մկրտչյանը երեկ փորձել է հերքել իրեն ծեծի ենթարկելու տեղեկությունը, սակայն կատարվածի մասին ամբողջ Ալավերդին գիտի և այս կրակոցներն ու քրեական գործն էլ դրա անմիջական հաստատումն են:
Ալավերդիի ՔՊ-ական քաղաքապետ Դավիթ Ղումաշյանը պարզվում է իր ղեկավարած քաղաքից տեղյակ չէ, կրակոցների մասին էլ տեղեկություն չունի:
«Ես, իմ տեղակալը եւ աշխատակազմից երկու աղջիկներ երեկ եղել ենք հեռավոր Ջիլիզայում: Տեղյակ չեմ ոչ մի բանից, մամուլից եմ իմացել, որ նման դեպք է եղել»,-ասաց Դավիթ Ղումաշյանը: