Այլ

Վենսի այցը Երևան․ պահ, որը չի կարելի բաց թողնել

Վենսի այցը Երևան․ պահ, որը չի կարելի բաց թողնել

Այցի դիվանագիտական ենթատեքստը, Դավոսում կայացած կամ չկայացած երկկողմ հանդիպումները կարելի է ժամանակավորապես մի կողմ դնել։ Նույնպես՝ մի կողմ թողնել այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը, ինչպես միշտ, կփորձի օգտագործել ներքաղաքական PR-ի և սեփական «միջազգային լեգիտիմության» ցուցադրության համար։

Կա մի փաստ, որը շատ ավելի կարևոր է բոլոր այս դրվագներից։

ԱՄՆ փոխնախագահը գալիս է Երևան։ Եվ առավել կարևոր՝ նրա տարածաշրջանային այցի շրջանակում Բաքուն նույնպես ընդգրկված է․ կամ Վենսը Բաքու կայցելի Երևանից առաջ, կամ Երևանից հետո։

Այս հանգամանքը ստեղծում է հազվադեպ քաղաքական պատուհան, որը Հայաստանը վերջին տարիներին գրեթե չի օգտագործել։

Հարցն այս պահին հետևյալն է․ ի՞նչ պետք է անեն ընդդիմությունն ու պարզապես Հայաստանի քաղաքացիները։
Պետք է կազմակերպել հզորղ ակցիա՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների և նրանց անհապաղ ազատ արձակման պահանջով։ Այնպիսի ակցիա, որը չի կարող աննկատ մնալ ոչ ԱՄՆ փոխնախագահի, ոչ նրա պատվիրակության, ոչ միջազգային լրատվամիջոցների համար։

Սա չպետք է լինի հերթական խորհրդանշական հավաքը կամ հերթապահ հայտարարությունը։ Սա պետք է լինի քաղաքական ուղերձ՝ հասցեագրված ոչ թե միայն Երևանին, այլ Վաշինգտոնին։ Ուղերձ, որի մեջ պահանջը հստակ է․ ԱՄՆ փոխնախագահը պետք է օգտագործի իր քաղաքական կշիռը և ճնշում գործադրի Ադրբեջանի նախագահի վրա՝ հայ գերիներին ազատ արձակելու համար։

Այստեղ խոսքը ոչ թե հույզերի, այլ սառը հաշվարկի մասին է։

Ալիևը միջազգային ճնշումից խուսափում է միայն այն դեպքում, երբ այդ ճնշումը իրական չէ կամ տեսանելի չէ։ Իսկ ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցի ֆոնին զանգվածային քաղաքացիական ակցիան դառնում է հենց այն գործոնը, որը Բաքուն ստիպված կլինի հաշվի առնել։

Եթե ընդդիմությունը կարողանա հանդես գալ միասնական ուժերով, նման ակցիա կազմակերպելը լիովին իրատեսական է։ Եվ դա ունի առնվազն երկու կարևոր հետևանք։

Առաջինը՝ սա կարող է իրական շանս ստեղծել, որ միջազգային ուշադրության և ամերիկյան ուղիղ ազդակների պայմաններում Ալիևը գնա գերիների ազատ արձակման։ 

Երկրորդը՝ ընտրություններից մի քանի ամիս առաջ սա կարող է դառնալ լակմուսի թուղթ՝ ցույց տալու համար, որ Հայաստանի ընդդիմությունը ունակ է միավորվել ոչ թե անձնական հավակնությունների կամ ցուցակների շուրջ, այլ գոյաբանական հարցերի՝ մարդու կյանքի, արժանապատվության և ազգային պատասխանատվության շուրջ։
Գերիների հարցը չի կարող և չպետք է մնա միայն իշխանության ձեռքին, առավել ևս՝ իշխանության, որը երկու տարուց ավելի չի կարողացել կամ չի ցանկացել հասնել լուրջ արդյունքի։

Եթե այս պահը ևս բաց թողնվի, ապա հետագայում որևէ մեկը իրավունք չի ունենա խոսել «կորցրած հնարավորությունների» մասին։ Այս հնարավորությունը արդեն կա։ Հարցը միայն այն է՝ կգտնվի՞ քաղաքական կամք և քաղաքացիական խիզախություն այն օգտագործելու համար։

Նույն այդ ակցիայում  կարելի է բարձրացնել նաև քաղբանտարկյալների  և կալանավորված սրբազանների հարցը։

Ազա Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image