Քաղաքականություն

Վերցնե՞լ, թե՞ հրաժարվել մանդատներից

Վերցնե՞լ, թե՞ հրաժարվել մանդատներից

Ընտրությունների անսպասելի արդյունքներից հետո երեկ տեւական ժամանակ խորհրդավոր լռություն իջավ խորհրդարան անցած «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների վրա։ Դաշինքի երբեմնի ակտիվ ներկայացուցիչներն ընդհատակ էին անցել եւ լռում էին իրենց անելիքների վերաբերյալ։ Իսկ այդ ընթացքում սոցցանցերում ակտիվ քննարկումներ էին ծավալվել՝ վերցնե՞լ մանդատները, թե՞ հրաժարվել՝ առաջացնելով սահմանադրական եւ քաղաքական ճգնաժամ։ Կողմ արտահայտվողների փաստարկն այն էր, որ երկու դաշինքների, իսկ նախկինում՝ Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների գլխավոր առաքելությունը Նիկոլ Փաշինյանից ազատվելն էր, ինչն անհնարին է դառնում, եթե այդ դաշինքները խորհրդարանական փոքրաթիվ ընդդիմությունով մտնեն խորհրդարան։ Հետեւաբար՝ պետք է կրկին փողոց վերադառնալ ու իշխանություններին պարտադրել հեռանալ։

Նշենք, որ երեկ վաղ առավոտից այս հարցով ակտիվ քննարկումներ են ծավալվել երկու շտաբներում էլ, սակայն մանդատները չվերցնելու փաստարկները հիմնավոր չեն, եւ, ըստ ամենայնի, ընդդիմությունը կվերցնի մանդատները՝ փաստարկելով, որ չպետք է երկիրը թողնել իշխող ուժի արկածախնդիր կառավարմանը, որպեսզի ներսից պայքարեն նրա դեմ եւ օգտագործեն խորհրդարանական ամբիոնը։ Այսօր առավոտյան «Հայաստան» դաշինքի առաջնորդներն ասուլիսով հանդես կգան, կպատասխանեն բոլոր հարցերին։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն առաջիններից է, որ նման կոչ-առաջարկով հանդես եկավ։ «Ըստ մեր օրենսդրության՝ խորհրդարանը չի կարող չունենալ ընդդիմություն: Մանդատներից հրաժարվելու դեպքում դրանք չեն կարող փոխանցվել 4-րդ կամ 5-րդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերին:

Առաջանում է սահմանադրական ճգնաժամ, որի լուծումը Սահմանադրությամբ նախատեսված չէ: Ազգային օրակարգի պահպանման համար այդ ճգնաժամը կունենա մեծ նշանակություն: Մանդատ վերցնելը միայն կօգնի կապիտուլյանտին՝ մինչեւ վերջ հասցնել իր ազգակործան ծրագիրը»,- ֆեյսբուքյան իր էջում գրեց նա:

Սահմանադրագետ Վարդան Այվազյանն էլ, ով, ի դեպ, Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած «Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժի երկրորդ համարն էր եւ մասնակցում էր ընտրություններին, մեզ հետ զրույցում կրկնեց, թե ստեղծված իրավիճակում հրաժարումը միակ լուծումն է, եթե ոչ՝ ապա հետո ուշ կլինի։ «Սա նաեւ գրեթե բոլոր ուժերի համար մի վերջին հնարավորություն է՝ ապացուցելու, որ իրենք այս գործընթաց են մտել երկիրը փրկելու ազնիվ ցանկությամբ, ու մի կողմ թողնեն անձնական ու գաղափարական տարաձայնությունները»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ եթե «մանդատների բոյկոտով» խորհրդարանը լուծարելու հիմքեր չառաջանան, ավելին՝ իշխանությունն ունի սահմանադրական մեծամասնություն՝ թե՛ կառավարություն ձեւավորելու, թե՛ սահմանադրական նախագծեր ընդունելու համար, ի՞նչ կտա ընդդիմության բոյկոտը, պատասխանեց․ «Խորհրդարանում առաջանալու է հակասահմանադրական իրավիճակ։ Այո, խորհրդարանը կշարունակի աշխատանքները, բայց մեր Սահմանադրությամբ խորհրդարանը չի կարող մեկ ուժով գործել, 1/3-ն էլ պարտադիր պետք է ընդդիմադիր լինեն։ Հիմա, եթե այդպիսի իրավիճակ առաջանա, խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում դա կնշանակի․․․ չգիտեմ ոնց բնութագրեմ։ Պատկերացրեք, որ երեխան ծնվի՝ երկու ոտքերն էլ աջ լինեն»։

Մեր հաջորդ դիտարկմանը, որ իշխող թիմն այդ խեղված վիճակով էլ կշարունակի աշխատել, թեկուզ «երկու աջ ոտքով» կգործի հինգ տարի, պատասխանեց «Ինքը կաշխատի որպես հերմոֆրոդիտ խորհրդարան՝ այնքան, որքան կձգի։ Իսկ կձգի հինգ տարի, թե պակաս՝ կախված կլինի մեր ընդդիմությունից»։

ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ, «Հայրենիք» կուսակցության անդամ Արա Սահակյանը լիներ խորհրդարան անցած ընդդիմադիրների փոխարեն, անպայման կվերցներ խորհրդարանական մանդատները։ «Անպայման պետք է մանդատները վերցնել եւ ըստ իրադրության եւ համազգային, պետական շահերին համահունչ՝ օգտագործել խորհրդարանական պայքարի բոլոր ձեւերը, այդ թվում՝ նաեւ նիստերին չմասնակցելը»,- ասաց պարոն Սահակյանը։ Բայց չէ՞ որ ընդդիմության թիվ մեկ նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն էր, մանդատները վերցնելով չե՞ն փաստի, որ պարզունակ աթոռակռիվ էին մղում։ «Իհարկե ոչ»,- ասաց Սահակյանը՝ շարունակելով․ «Ճիշտ է՝ ասվում էր, որ ամբողջական կառավարություն ձեւավորելու, մանդատ ստանալու դեպքում կվճռվի պետականության հարցը։ Բայց եթե չստացվեց, առավելագույնին չհասան, ապա պետք է սկսել մասնավորից։ Քաղաքականության մեջ աննշմար հնարավորությունն անգամ պետք է օգտագործել»։

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, «Հայաստան» դաշինքին աջակցություն հայտնած մտավորականներից մեկի՝ Գագիկ Ղազինյանի գնահատմամբ էլ՝ մանդատներից հրաժարվելու խնդիրն ավելի շատ քաղաքական է, քան իրավական․ «Խնդիրը վերաբերում է երկրի կայունությանը, անվտանգությանը, ինչի կբերի հրաժարվելը, սահմանադրական ճգնաժամը․․․»։ Այլ հարց է, որ, Ղազինյանի խոսքով, ընդդիմադիրներն ընտրությունների արդյունքները պետք է անպայմանորեն վիճարկեն Սահմանադրական դատարանում․

«Դրա մասին երկրորդ կարծիք լինել չի կարող»։ «Այդ վիճարկումը  կարող է հետեւանքներ առաջացնել։ Եթե հանկարծ բողոքները ճանաչվեցին հիմնավոր, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, դա կբերի հասկանալի իրավական հետեւանքի։ Խոսքը վերաբերում է ամբողջ գործընթացին։ Նույն վարչապետի պաշտոնակատարը, օրինակ, իրավունք ունե՞ր մնալ պաշտոնակատարի կարգավիճակում կամ՝ նախընտրական քարոզչությունը չսկսած՝ քարոզ անել։ Սրանք բոլորն ազդել են ընտրությունների վրա, հետո արդեն քարոզչության փուլում թույլ տրվածները, էլ չեմ ասում՝ քվեարկության ընթացքում ինչ է եղել։ Այնպես որ, խոսքը միայն այն մասին չէ, թե որքան քվեաթերթիկ է կեղծվել։ Եթե քաղաքական ուժերն այդ բոլոր խախտումները ֆիքսել են եւ կարողանան ՍԴ-ում փաստարկված ներկայացնել, կառաջացնի նոր իրավիճակ՝ իր հնարավոր հետեւանքներով»։

ՀԳ․ Իրավաբանների, սահմանադրագետների մեծ մասը պնդում է, որ խորհրդարանում ընդդիմության՝ մեկ երրորդով ներկայացվածության իմպերատիվ պահանջը վերաբերում է միայն խորհրդարանի ձեւավորման պահին, իսկ եթե մեկ ամիս կամ մեկ շաբաթ անց այդ ընդդիմությունը որոշում է հրաժարվել, բոյկոտել խորհրդարանի աշխատանքները, ապա դա խորհրդարանի լուծարման չի հանգեցնում, քանի որ մեծամասնություն կա, եւ օրենքների ընդունման հետ կապված ոչ մի խնդիր չի կարող առաջանալ։ Ի դեպ, «Քաղպայմանագրի» հավաքած քվեների քանակն այնքան է, որ նրա առաջադրած վարչապետի թեկնածուն մեխանիկորեն ստանձնում է պաշտոնը՝ առանց մյուս ուժերի աջակցության։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image