Քաղաքականություն

Լրջանալու պահը. Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի հնարավոր կարգախոսը

Լրջանալու պահը. Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի հնարավոր կարգախոսը

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամների ֆեյսբուքյան էջերում սկսել է տարածվել կապույտ գույնի պաստառ՝ «ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ» գրվածքով։ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը և վարչության անդամ Տաթև Զորյանն այն տեղադրել են որպես իրենց ՖԲ էջերի ետնանկար։

Պաստառի ձախ կողմում առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմքն է պատկերված, կողքին՝ «ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ», իսկ ներքևի աջ անկյունում՝ ՀԱԿ տարբերանշանը։

Ամենայն հավանականությամբ, հենց այս գրվածքն էլ կլինի կուսակցության կարգախոսը նախընտրական քարոզչության ժամանակ, որը նախորդելու է հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

«Լրջանալու պահը» արտահայտությունը հատվածն է առաջին նախագահի հեղինակած հայտնի հոդվածի, որին հաջորդել էր վերջինիս հրաժարականը։

«Պատերազմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածը հրապարակվել է 1997 թվականի նոյեմբերի 1-ին։ Հոդվածում Տեր-Պետրոսյանն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման իր և իր համախոհների մոտեցմանն ու իր ընդդիմախոսների մոտեցմանը։

«Ղարաբաղի հարցի լուծման միակ տարբերակը փոխզիջումն է, որը նշանակում է ոչ թե մի կողմի հաղթանակ եւ մյուսի պարտություն, այլ հակամարտության հագեցման վիճակում ձեռքբերված հնարավոր համաձայնություն։

Թող չփորձեն ժողովրդին մոլորեցնել, ասելով, թե փոխզիջումն այլընտրանք ունի. փոխզիջման այլընտրանքը պատերազմն է։

Փոխզիջման մերժումը եւ մաքսիմալիզմը (առավելագույնը եւ ոչ թե հնարավորը ձեռքբերելու ձգտումը) Ղարաբաղի իսպառ կործանման եւ Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է։

Խոսքը չի վերաբերում Ղարաբաղը տալուն կամ չտալուն։ Խոսքը վերաբերում է Ղարաբաղը հայկական պահելուն. 3000 տարի այն բնակեցված է եղել հայերով եւ 3000 տարի հետո էլ պետք է բնակեցված լինի հայերով», - հոդվածում նշել էր նա։

Իսկ արդեն 1998 թվականի փետրվարի 3-ին Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց այն ժամանակ վարչապետ (1997-98) Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախարար (1995-99) Վազգեն Սարգսյանի հետ ԼՂ հարցով հակասությունների պատճառով։ 

«Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ։ Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը եւ հայտարարում իմ հրաժարականը։ Զերծ եմ մնում որեւէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով։ Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, եւ ով է իրականում ծախում այն», - իր հրաժարականի տեքստում գրել էր առաջին նախագահը։

Այս տարվա մայիսի 16-ին ՀԱԿ առաջնորդը ելույթ ունեցավ և «ինքնահարցազրույցի» ձևաչափով, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ Արցախյան պատերազմին ու իր հրաժարականի հիմքերին։

«Հարց առաջին. Ո՞րն է Արցախյան վերջին պատերազմում մեր կրած պարտության պատճառը:

Պատասխան. Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին, վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետեւանքով: Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին, այդ իշխանությունների կողմից որդեգրված ստատուս-քվոյի պահպանման եւ ոչ մի թիզ հող չզիջելու հնարավորության սին հավատամքի վրա: Իսկ պարտության ավարտը նշանավորվել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» սադրիչ հայտարարությամբ:
23 տարի շարունակ մեր իշխանությունների կողմից հաշվի չեն առնվել իրատեսական քաղաքականության երեք կարեւորագույն գործոնները, որոնք են՝ ուժերի հարաբերակցությունը, դաշնակիցների առկայության կամ բացակայության հանգամանքը եւ երրորդ, ամենագլխավորը՝ ժամանակի անշրջելիությունը: Այսինքն՝ այն պարզ ճշմարտությունը, որ, եթե մի բան հնարավոր է այսօր, պարտադիր չէ, որ հնարավոր լինի վաղը: Պատկերավոր ասած՝ նրանք դրսեւորել են խաղամոլի վարքագիծ, այսինքն՝ ավելին շահելու ձգտումով նոր խաղադրույքներ են կատարել՝ կորցրելով նաեւ արդեն շահածը:
Չեմ ցանկանում ավելի մանրամասնել, որովհետեւ մտադիր եմ օրերս հանդես գալ այդ հարցին նվիրված ծավալուն հոդվածով:

Հարց երկրորդ. Եթե այս ամենը գիտակցում էի, ապա ինչու՞ չդիմեցի ժողովրդին եւ նախընտրեցի հրաժարվել նախագահի պաշտոնից:

Պատասխան. Նախեւառաջ, ժողովրդին բացեիբաց դիմել եմ «Պատերա՞զմ, թե խաղաղություն» հոդվածով, իսկ նախագահի պաշտոնից հրաժարվել եմ՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով: Խաղաղության իմ ծրագիրը տապալելուն ուղղված իրենց գործողություններում, իշխանության ներսում ձեւավորված խմբավորմանը հաջողվել էր քայքայել խորհրդարանական մեծամասնությունը եւ ինձ զրկել քաղաքական ուժերի աջակցությունից: Այս առիթով ուզում եմ մի գաղտնիք բացահայտել: Անշուշտ, իշխանության ներսում ոչ բոլոր ուժերն էին, որ գոհ էին իրադարձությունների նման զարգացումից: Շատերի՝ այդ թվում բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակների կողմից ես ստացել եմ աջակցության լուրջ առաջարկներ: Աջակցության առաջարկ եմ ստացել նաեւ Ռուսաստանից՝ հանձին նախագահ Ելցինի, ինչի մասին վերջինս հրապարակավ հանդես է եկել իմ հրաժարականի հաջորդ օրը (տեսագրությունը կարող եք տեսնել համացանցում): Ես մերժել եմ աջակցության բոլոր այդ առաջարկները, կրկնում եմ՝ բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image