Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան- Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների և ոստիկանների միջև տեղի ունեցան բախումներ, ինչի հետևանքով հիվանդանոցներ էին տեղափոխվել մեծ թվով քաղաքացիական անձինք, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներ։ Մենք հետաքրքրվեցինք նրանց առողջական վիճակով։
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից տեղեկացրին, որ շտապօգնության մեքենայով դեպքի վայրից իրենց մոտ տեղափոխված քաղաքացու մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել, հետևաբար վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից։ «Լուրերը, թե լուրջ վնասվածք է ունեցել քաղաքացին իրականությանը չի համապատասխանում»,- ասացին Մալայանի կենտրոնից։
ԵՊԲՀ հանրային կապերի պատասխանատու Շուշան Դանիելյանից էլ տեղեկացանք, որ հունիսի 3-ի միջադեպով պայմանավորված իրենց կլինիկա տեղափոխված 34 անձանցից 33-ը դուրս են գրվել։ 1 քաղաքացի, որը ենթարկվել է գլխի վիրահատության դեռ գտնվում է հիվանդանոցում։ Մեր այն հարցին, թե ինչպես են գնահատում բժիշկները քաղաքացու առողջական վիճակը, Շուշան Դանիելյանն ասաց, որ դեռ վաղ է որևէ գնահատական տալը։ Նախապես հաղորդվել էր, որ քաղաքացու վիճակը ծանր է։ ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից մեզ տեղեկացրին, որ այս պահի դրությամբ՝ հունիսի 3-ի միջադեպով պայմանավորված, ընդամենը մեկ քաղաքացի է գտնվում Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրում։
Քննչական կոմիտեի հանրային կապերի պատասխանատու՝ Վարդան Թադևոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հունիսի 3-ին տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվածների թիվը ժամ առ ժամ փոխվում է։ Այս պահին որևէ ստույգ տվյալ չունեն։ Վերջնական տվյալների մասին կտեղեկացնեն ավելի ուշ։ Նշենք, որ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններ։ Ձերբակալվածների շահերը պաշտպանելու են հանրային պաշտպաններ և տարբեր փաստաբաններ։