Ֆրանսիական հումանիտար բեռների ավտոշարասյան շարժը դեպի Արցախ զգացմունքային մեծ ալիք բարձրացրեց հայերիս մոտ. հիշեցինք, որ Ֆրանսիան բոլոր դժվար պահերին՝ սկսած երկրաշարժից մինչեւ 44-օրյա պատերազմ, եղել է Հայաստանի կողքին: Անհերքելի է, որ այս երկիրը Հայաստանի համար դժվար ժամանակներում մեծ հումանիզմ է դրսեւորել: Այս անգամ, հայկական համայնքի նախաձեռնությամբ եւ առաջարկով, ֆրանսիական վեց խոշոր քաղաքների ղեկավարների աջակցությամբ, Փարիզի քաղաքապետի ուղեկցությամբ, բեռնատարներն ուղեւորվեցին դեպի Արցախ:
Բեռնատարների շարասյունը Ֆրանսիայից շարժվեց եւ ուղեւորվեց դեպի Արցախ՝ մեծ պաթոսով, Արցախ մտնելու վճռականությամբ եւ համոզվածությամբ: Թվում էր, թե նրանց առաջ բոլոր արգելքները ջարդվելու են, դռներն ու ճանապարհները բացվեու են՝ ի՜նչ Լաչինի միջանցք, ի՜նչ Հակարի ու ի՜նչ արգելք… վերջապես արցախցիներին կհասնի երկար սպասված հումանիտար օգնությունն ու նրանց դուրս կբերի սովահարության ճիրաններից: Թե որտեղից էր այդ վստահությունը, հասկանալի չէ, երբ մինչ այս ճանապարհը բացելու բոլոր քայլերն ապարդյուն են անցել: Սակայն եղավ այն, ինչը լինում է արդեն մի քանի ամիս. ֆրանսիական ավտոշարասյունը եկավ ու համալրեց այնտեղ կանգնած եւ Արցախ չմտած մյուս բեռնատարների շարքը: Իսկ Լաչինի միջանցքի մուտքի մոտ նման բեռնատարների պակաս չկա: Հայաստանն էլ ունի շարասյան երկարությունն անիմաստ մեծացնելու հնարավորությունը: Նման մի ավտոշարասյուն էլ ադրբեջանական կողմից է կանգնած՝ Աղդամի ճանապարհին, որի մուտքն արգելված է արցախցիների կողմից: Ի դեպ, այս կողմից ճանապարհի բացման կողմնակիցներից է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը…
Այս քայլով ի՞նչ հարց լուծեց իր համար Ֆրանսիան․ կամա, թե ակամա, ստացվեց բավականին հաջողված փիառ՝ առանց կոնկրետ արդյունքի: Մինչդեռ հայ հասարակությունը Եվրոպայի ամենաազդեցիկ երկրներից մեկից՝ Ֆրանսիայից, սպասում է ավելի կոնկրետ, հստակ քայլեր՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ բերել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւը, ստիպել, որ միջազգային հանրությունը ոչ թե դատարկ կոչեր հնչեցնի, հույս հայտնի ու հորդորի ագրեսորին, այլ գործուն միջոցներ ձեռնարկի: Հակառակ դեպքում հումանիստական ակցիաներով ո՛չ Արցախի շուրջ ստեղծված խնդիրները կհանգուցալուծվեն, ո՛չ էլ արցախցիները դուրս կգան հումանիտար աղետից…