Ես իմ հաշվարկներն ունեմ, հույսս էլ Վահագն Հովակիմյանի վրա չեմ դրել: Ո՞վ է Նիկոլի նախկին օգնական Հովակիմյանը, որ ես նրան հավատամ: Ես նույնիսկ Նիկոլին չեմ հավատում: Արդ, ուրեմն, իմ հաշվարկներով՝ ԱԺ անցողիկ շեմը հաղթահարել է ոչ թե երկու, այլ 3 ընդդիմադիր ուժ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ընդ որում՝ այս ուժերը հավաքել են այնքան ձայն, որքան պահանջվում է Նիկոլ Փաշինյանին կառավարության շենքից հեռացնելու համար: Ճշմարտությունը սա է, իսկ թե արդյունքների մասին ինչ կասեն ու կխոսեն Նիկոլից մինչեւ Վահագն Հովակիմյան, իմ, շատ կներեք` հորս չագուճին չէ:
Ինչո՞ւ եմ համոզված, որ Նիկոլը ստախոս է, իսկ Վահագը՝ ընտրակեղծարար: Նրա ստախոսության վրա շատ չեմ կենտրոնանա, քանի որ այս ուղղությամբ նոր հայտնագործություններ անելու, ինչ-որ դժվար թեորեմներ ապացուցելու խնդիր չկա: Նրա կառավարման 8 տարիներին ՀՀ 3 միլիոն քաղաքացիները 3 միլիոն անգամ վկա են եղել նրա ստախոսության փաստերին: Ինչ ասել է՝ սուտ է եղել, սկսած այն պահից, որ մեզ նշանակեց ՀՀ վարչապետ՝ վարչապետը դու ես, վարչապետը դու ես… Թող 3 միլիոն քաղաքացիներից հենց հիմա մեկն ինձ ասի, որ ինքն այս 8 տարում գոնե 8 վայրկյան վարչապետ է եղել: 8 տարում քանի՞ սուտ կարող էր ասել, հը՞… Ես կանդրադառնամ նրա ամենավերջին ստերին՝ հունիսի լույս 8-ի գիշերվա եւ հունիսի 11-ի առավոտյան ստերին: Հունիսի 8-ին, գիշերը 2:00-ին մտավ եթեր, թե բա՝ 54 տոկոս խփել ենք (ԿԸՀ-ի կայքը հենց այդքան էր ցույց տալիս): ՔՊ-ն էլ ծափ տվեց՝ «Նի-կոլ, վարչապետ, Նի-կոլ, վարչապետ»: Պարզվեց, չէ՞, որ սուտ է, որ ընտրության մասնակիցների կեսից ավելին մերժել է նրան… Մարդն այսօր դեռ պայքարում է 50+1 տոկոսի համար, Վահագն Հովակիմյանի հետ նկարում ու նկարում է, որ մի բան ստացվի: Բա ասում էիր` 54 տոկոս… Ո՞ւր է: Հունիսի 11-ին էլ, իմ ծննդյան օրը, առանց ամաչելու հայտարարեց, որ Էդիկ Անդրեասյանը ընտրակաշառք է վերցրել եւ ընտրել «Հայաստան» դաշինքին: Այդպես էլ ասաց՝ ՔՊ-ի քվեները 100 տոկոսով օրգանիկ քվեներ են, իսկ ընդդիմադիրների քվեները՝ 100 տոկոսով ընտրակաշառքով ստացված: Եվ նման բան ասել է աթոռը կորցնելու վախից տակը լցրած մեկը, երբ իմացել է, որ 500 հազարից ավելի մարդ քվե է տվել ընդդիմությանը: Բա չասե՞ս՝ տո այ ստախոս, 500 հազար մարդով կաշառակերություն կլինի՞, որ դու մեզ զրպարտում ու կաշառակեր ես անվանում: Մյուս կողմից էլ՝ այդ ինչպե՞ս եղավ, որ ՔՊ-ի 700 հազար նկարովի քվեն դարձավ օրգանիկ: Երբ ես այդ թվից հանում եմ բոլոր անճարներին՝ դպրոցի տնօրեններ, ուսուցչական կոլեկտիվներ, մանկապարտեզի վարիչներ ու դայակներ, համայնքային նոմենկլատուրա, թոշակառուներ, 65-ը լրացած բիձեք, վարչապետի աշխատակազմ, տակը մնում է մի ստվար բազմություն, որ ՔՊ-ին ձայն է տվել բացառապես շահով-փողով` թոշակ, վիրահատություն, վարկ-մարկ: Սա՞ է քո 100 տոկոս օրգանիկ ընտրազանգվածը…
Վերեւում արդեն ակնարկեցի, որ Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Հովակիմյանը, ստախոս լինելուց բացի, նաեւ ընտրակեղծարար են: Այս պարագայում հարցը կարելի է նաեւ այլ կերպ դնել՝ նրանք ընտրակեղծարար ծնվե՞լ են, թե՞ դարձել: Կարծիքներն այստեղ կիսվում են: Նրանք, որ Նիկոլի քաղաքական ծնունդը հաշվում են 1996 թվականից, համարում են, որ նա այդպիսին ծնվել է: Ես ավելի շատ հակված եմ երկրորդ տարբերակին՝ Փաշինյանն ընտրակեղծարարության նուրբ արվեստը սկսել է յուրացնել 2018 թվականից, երբ պատահաբար դարձավ վարչապետ եւ իր առջեւ խնդիր դրեց այլեւս չիջնել այդ աթոռից: 2021-ին, շնորհիվ իր քաղաքական հայրերի եւ արեւմտյան միսիոներների, նա արդեն ոչ այնքան վարժ ընտրակեղծարար էր` այդ ժամանակ դեռ Մուկուչյանն էր նրան օգնում: Հետո սկսեց պարապել մանր-մունր ընտրությունների վրա, փոփոխական հաջողություններով համայնքապետեր էր ընտրում, քաղաքապետեր, որտեղ պարտվում էր` հաղթողներին բռնել էր տալիս, նստեցնում, հետապնդում եւ այլն: Նա պռավալին շատ մոտ էր Երեւանի վերջին ընտրություններում, բայց նրան փրկեց ՔՊ-ի սատելիտ ուժերից մեկը՝ Դոգը, քաղաքապետ դարձնելով Ավինյանին: Հետո եղան Գյումրի, Փարաքար… Պարտվեց: Վաղարշապատում մի կերպ հաջողություն արձանագրեց, բայց ոչ ոք դա չնկատեց, որովհետեւ դրանից օրեր առաջ խայտառակ պարտվել էր Մայր Աթոռից: Մի խոսքով՝ հեշտ չի եղել ընտրակեղծարար դառնալու նրա անցած ճանապարհը: Փոխարենը Փաշինյանն իր նոր մասնագիտության մեջ փայլեց 2026-ին՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ եւ ընտրություններին հաջորդած օրերին: Ձայների հաշվարկը չավարտված կեղծեց` հայտարարություն արեց, հաջորդ օրը կեղծեց, երրորդ օրը կեղծեց, հունիսի 11-ին դեռ կեղծում էր՝ քաղաքական ուժերի քվեաթերթիկները մի տրցակից մյուսի վրա դնելով: Էն խեղճ ԲՀԿ-ին տարան-բերին, տարան-բերին, անցնում է-չի անցնում, անցնում է-չի անցնում: Հիմա չասե՞մ՝ տո այ օրգանիկ ընտրակեղծարար, դու ի՞նչ գործ ունես Վահագն Հովակիմյանի թղթերի մեջ, քիթդ կոխել՝ խառնում ես, որ ի՞նչ անես: Տեղդ նստիր ու սպասիր վերջնահաշվարկին, եթե վստահ ես, որ հաղթել ես:
Եվ ես, իմ հաշվարկներից ելնելով, Նիկոլ Փաշինյանին հայտարարում եմ ընտրակեղծարար՝ գող մարդու իրավունքների բոլոր երանգներով. թվի գող, քվեի գող, իշխանության գող, հայրենիքի գող, իրավապահ կառույցների գող, դատարանների գող, արդարության գող եւ, վերջապես՝ ՀՀ ավելի քան 500 հազար քաղաքացիների բարի համբավի գող: