Քաղաքականություն

Իսրայել-Իրա՞ն, թե՞ ԱՄՆ-Չինաստան պատերազմ

Իսրայել-Իրա՞ն, թե՞ ԱՄՆ-Չինաստան պատերազմ

Հունիսի 13-ի գիշերվանից սկսած, արդեն հինգ օր՝ մենք լսում եւ կարդում ենք, թե ինչպես Իսրայելը հարվածներ հասցրեց Իրանի տարածքին, իսկ Իրանը պատասխանեց: Թվում է, թե պատերազմն Իսրայելի եւ Իրանի միջեւ է, եւ պատերազմի նպատակն էլ Իրանի միջուկային եւ հրթիռային ծրագրերի զարգացման խափանումն է. Իսրայելն ուզում է թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա, իսկ զարգացած հրթիռային տեխնոլոգիաները նրան կօգնեն այդ միջուկային զենքը հասցնել իր նպատակակետին: Ահա՝ աշխարհի, այսպես կոչված, խոշոր յոթ տնտեսություն ունեցող երկրները`ԱՄՆ-ն եւ նրա վեց վասալները, որ սովորաբար կոչվում են Մեծ յոթնյակ, հաստատեցին Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, որ նախահարձակ լինելով` նա ընդամենը պաշտպանվում է Իրանից: Իրանն էլ պաշտպանում է իր ինքնիշխանությունը, ուզում է, որ ինքը գտնվի ոչ թե ինչ-որ մեկի թելադրանքի տակ, որն իր փոխարեն կորոշի, թե իրեն ինչ է կարելի եւ ինչ չի կարելի, այլ սեփական կամքով որոշումներ կայացնի՝ ելնելով իր ազգային եւ պետական շահերից: Միայն թե կան մի քանի հարցադրումներ, որոնք հուշում են, որ այն, ինչ տեսանելի է կողքից, գուցե չի արտահայտում ծավալվող իրադարձությունների պատճառահետեւանքային կապը:

Ամենամեծ հարցականն այն է, թե ինչու Իսրայելը հարվածեց Իրանին, այն ժամանակ, երբ Իրանն ակտիվ բանակցություններ էր վարում ԱՄՆ-ի հետ, եւ բանակցությունների թեման Իրանի միջուկային ծրագիրն էր: Իրանն էլ պատրաստ էր գնալ զիջման եւ հայտարարում էր, որ չի ցանկանում միջուկային զենք ստեղծել, պատրաստ է իր միջուկային օբյեկտները դնել միջազգային վերահսկողության տակ: Եթե Իսրայելի կամ ԱՄՆ-ի նպատակն իսկապես Իրանին միջուկային զենք ստեղծելուց հետ պահելն էր, արդյո՞ք ավելի արդյունավետ չէր լինի՝ բանակցությունների միջոցով հասնել Իրանի միջուկային ծրագրերի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն, չէ՞ որ պատերազմը նախ անկանխատեսելի է արդյունքի առումով, երկրորդ` զգալի նյութական եւ մարդկային կորուստների է բերելու ոչ միայն հարձակման թիրախի, նաեւ՝ հարձակվող կողմի համար: Միջուկային ծրագիրը խափանելն ընդամենը պատրվակ էր, իսկ պատերազմի պատճառն այլ է:

Դոնալդ Թրամփն ինչպես իր նախագահության առաջին շրջանում, այնպես էլ երկրորդ շրջանի սկզբում ԱՄՆ-ի հիմնական թշնամի հռչակեց Չինաստանին, որն իսկապես սպառնում է ամերիկյան հեգեմոնիային: Թրամփը սկզբում ուզում էր Չինաստանին՝ որպես թշնամի եւ հակառակորդ, ճնշել տնտեսական լծակներով` տարիֆներ սահմանելով չինական ապրանքների արտահանման վրա, ինչը պետք է կրճատեր Չինաստանի արտահանման հնարավորությունները, իբրեւ թե` խթաներ արդյունաբերությունն ու արտադրությունը հենց ԱՄՆ տարածքում: Շատ կարճ ժամանակում ԱՄՆ իշխանությունները հասկացան, որ բարձր մաքսային տարիֆները չեն կարող արդյունավետ պայքարի գործիք լինել, որովհետեւ, նախ, Չինաստանն իր արտադրությունը տեղափոխում է այլ երկրներ, այդ թվում՝ եվրոպական, օրինակ` Հունգարիա, եւ այդ դեպքում ԱՄՆ-ն ստիպված պետք է լինի նման մաքսային տարիֆներ սահմանել Չինաստանի հետ համագործակցող բոլոր երկրների նկատմամբ, իսկ դրանց ցանկը բավական մեծ է։ Երկրորդ․ երբ ինչ-որ երկրի դեմ մաքսային արգելքներ ես սահմանում, նրանք էլ պատասխանում են նույն ձեւով, եւ դրանից տուժում են նաեւ ամերիկյան արտադրողները: Միացյալ Նահանգները որոշեց, որ Չինաստանին զսպելու գործում պետք է գնալ ավելի արմատական լուծումների` զրկել էժան հումքից եւ ենթակառուցվածքներից, որ չինական ընկերությունները չկարողանան արտադրության համար անհրաժեշտ հումքային բազա ունենալ եւ, ամենակարեւորը` չկարողանան իրենց արտադրանքն արտահանել:  

Տեւական ժամանակ գտնվելով ամերիկյան պատժամիջոցների տակ՝ Իրանը ստեղծել էր նոր, այսպես կոչված, էկոհամակարգ`տնտեսական նոր գործընկերներ, որոնք չէին վախենում ամերիկյան պատժամիջոցները շրջանցելուց, պատրաստ էին Իրանի հետ առեւտուր անել՝ անկախ այդ պատժամիջոցներից: Եվ այդ երկրների ցանկը գլխավորում է Չինաստանը: Իրանական հիմնական արտահանվող ապրանքի` նավթի հիմնական գնորդը Չինաստանն է, Իրանն էլ չինական ապրանքների իրացման մեծ շուկա է, որտեղ արեւմտյան ընկերությունների մուտքն արգելված է, չինական ընկերություններն Իրանում գրեթե մենաշնորհային կարգավիճակ ունեն: 

Իրանը Չինաստանի համար ոչ միայն էժան հումքի եւ արտահանման շուկա է, նաեւ՝ անփոխարինելի ենթակառուցվածքային նախագծերի իրականացման գործընկեր: Չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագիծը տարբեր երթուղիներ ունի, բայց Իրանով անցնող տարբերակը Չինաստանի համար ամենահուսալին է, քանի որ այն ամենակարճն է եւ, բացի դա, անցնում է մի երկրի տարածքով, որի վրա ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցներն ազդեցություն չունեն: ԱՄՆ-ն կարող է Ղազախստանին կամ Ադրբեջանին կարգադրել կամ ճնշել՝ փակել չինական ապրանքների անցումն իրենց տարածքով, բայց Իրանին կարգադրություն անել չի կարող, Իրանն ամերիկյան վասալ չէ, անկախ երկիր է: 

Ամենայն հավանականությամբ, ամերիկյան կողմը Իրանի հետ բանակցությունների ժամանակ փորձել է Իրանին ստիպել՝ ընդունելու իրենից վասալային կախվածություն, ԱՄՆ պայմաններով միջուկային գործարքը միայն սկիզբն էր լինելու, որից հետո Իրանը պարտավորվելու էր կատարել ԱՄՆ վերադասից իջեցված ցանկացած հրահանգ, այդ թվում՝ Չինաստանի հետ հարաբերություններ խզելը, բայց Իրանի իշխանությունները չեն ենթարկվել իրենց երկրի ինքնիշխանությունը կամովին զիջելու պարտադրանքին: Միացյալ Նահանգներն էլ Իսրայելի միջոցով հարձակվել է Իրանի վրա՝ այդ երկիրն իրենց հնազանդեցնելու, այդ երկրում ամերիկյան գերիշխանությունն ընդունող վարչակազմ հաստատելու նպատակով:

Չինաստանում հասկանում են, որ Իսրայելի հարձակումն Իրանի դեմ ԱՄՆ-ի հարձակումն է Չինաստանի դեմ, Իրանի պարտությունը կնշանակի, որ Չինաստանը զրկվում է իր հիմնական դաշնակիցներից մեկից: Չինաստանն աջակցում է Իրանին՝ պաշտպանվել,  չվերածվել հերթական ամերիկյան գաղութի: Բայց արդյո՞ք այդ օգնությունը բավարար է, որ Իրանը կարողանա ոտքի վրա մնալ, դիմակայել ԱՄՆ-Իսրայել հարձակմանը: Երբ մի կողմը նախաձեռնություն է դրսեւորում եւ անցնում է հարձակման, իսկ մյուս կողմը զգուշավորություն է դրսեւորում, միշտ հաղթում է նախաձեռնություն դրսեւորողը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image