Քաղաքականություն

«Հրապարակ». Ինչպե՞ս է կառավարությունն իմանալու, թե որ արցախցու բանկային հաշվին ինչքան գումար կա

«Հրապարակ». Ինչպե՞ս է կառավարությունն իմանալու, թե որ արցախցու բանկային հաշվին ինչքան գումար կա

Կառավարությունը որոշում է կայացրել, որ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր բոլոր հայրենակիցները կստանան 50 հազարական դրամ՝ առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով: Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Սակայն նա մի վիճահարույց բացառության մասին եւս հայտարարեց, ըստ որի` ում բանկային հաշվի վրա կլինեն «բավականաչափ խնայողություններ»՝ չհստակեցնելով, թե ինչքան խնայողությունն է համարվելու բավականաչափ, այդ գումարները չեն ստանա։ Խաչատրյանը հայտնել է, որ իրենք սահմանաչափը հետո կհայտնեն, եւ արցախցիները կտեսնեն սահմանաչափի գումարը, կհամեմատեն իրենց բանկային հաշիվների հետ եւ եթե տեսնեն, որ իրենք շահառու չեն, չեն դիմի: Հիմա հարց է ծագում` մարդկանց բանկային հաշիվներն արդյո՞ք պաշտպանված չեն, եւ այդ տեղեկությունը չի պատկանում բանկային գաղտնիքի ոլորտին։

«Այստեղ որեւէ հակասություն չկա, եւ ամեն ինչ իրականացվելու է օրենքի սահմաններում: Կառավարությունը եւ համապատասխան մարմիններն այդ անձանց բանկային հաշիվներին որեւէ հասանելիություն չունեն, ինչպես օրենքն է պահանջում: Մենք կնախատեսենք դիմումների կարգ եւ կունենանք նախապես գրանցման համակարգ: Երբ կառավարությունը կհայտարարի, թե որ սահմանաչափը գերազանցող բանկային հաշիվների մնացորդ ունեցող մեր հայրենակիցներն են, որ աջակցության շահառու չեն լինի, այդ մարդիկ կտեսնեն եւ իրենց համապատասխան դիմումները չեն ներկայացնի՝ իմանալով, որ իրենք շահառու չեն հանդիսանում»,- ասել է Խաչատրյանը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, դիմեն, կառավարությունն ինչպե՞ս է ստուգելու` դիմողը շահառո՞ւ է, թե՞ ոչ, այլ կերպ ասած՝ ինչպե՞ս է ստուգելու՝ նրա բանկային հաշիվներին բավականաչափ գումար կա՞, թե՞ ոչ։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ պետությունը որեւէ օրինական ճանապարհով չի կարող մարդկանց բանկային հաշիվները ստուգել` առանց նրանց համաձայնության։ «Կառավարությունը որեւէ հնարավորություն չունի՝ օրինական կարգով ճշտելու, միակ եղանակը հետեւյալն է, որ այն մարդիկ, որոնք լինելու են այդ սոցիալական օգնության շահառուները, նախօրոք տան համաձայնություն, որ կառավարությունը հարցում անի նրանց բանկային հաշիվների առկայության եւ դրանց մնացորդների վերաբերյալ։ Համաձայնությունից հետո կառավարությունն այդ գործողությունն անի, ստանա այդ տեղեկատվությունը, նոր որոշի վճարման կամ չվճարման վերաբերյալ։ Առանց շահառուների, այսինքն՝ բանկային գաղտնիքի իրավատերերի համաձայնության դա օրինական կարգով անելը հնարավոր չէ, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը նման հնարավորություն չի տալիս, իսկ եթե այդպիսի կարգ չեն նախատեսել, եւ Տիգրան Խաչատրյանը չիմանալով է այդ միտքն ասել, ապա ինձ թվում է՝ ինքը կսրբագրի իր դիրքորոշումը, եւ այդ որոշումը կվերանայեն։ Ճիշտն ասած՝ ես ուզում էի Կենտրոնական բանկին հարցում անել եւ Ձեզ էլ խորհուրդ կտամ, որ հարցում անեք՝ հասկանալու համար, թե արդյոք բա՞ն է փոխվել, եւ Հայաստանում կառավարությունը կարողանո՞ւմ է Կենտրոնական բանկի միջոցով կամ առեւտրային բանկերի հետ ուղիղ շփման եղանակով տեղեկանալ, թե ով ինչքան փող ունի, կամ բանկային հաշիվների մասին Նիկոլ Փաշինյանին զեկուցո՞ւմ են»,- ասաց Հարությունյանը։
Փաստաբանը մեկ այլ հանգամանք էլ նշեց, որ արցախցիների թույլտվությունը ստանալու, նրանց բանկային հաշիվները ստուգելու դեպքում էլ վտանգ կա, որ այդ գումարի կարիքն ունեցողները կարող են ժամանակին չստանալ աջակցությունը․ «Ենթադրում եմ` սոցիալական օգնության կարգն է լինելու այդպիսին։ Եթե պետությունը սոցիալական օգնության ծրագիր է ընդունում, այդ ծրագրով այդպիսի նախապայմաններ կարող է սահմանել, որ, օրինակ, եթե դու հաշվիդ ունես 1 միլիոն դրամ, ապա քեզ 50 հազար դրամ չենք տալիս, բայց եթե այդ պահանջի իրագործումն օրենքի խախտմամբ է լինելու կամ իմ նշած բարդ եղանակով ու երկար է տեւելու, մարդիկ այդ գումարը շատ ուշ են ստանալու, ապա դա արդարացված չէ, ավելի լավ է բոլորին տալ, որպեսզի այն մարդիկ, որոնք այդ 50 հազար դրամի կարիքն ունեն, վայրկյան շուտ ստանան այդ 50 հազար դրամը»։

Փաստաբանին հարցրինք նաեւ, թե ինչն է խանգարում քաղաքացուն՝ իր բանկային հաշիվները կանխիկացնել եւ զրոյական բանկային հաշիվ ներկայացնել, որ դառնա այս ծրագրի շահառու։ «Իհարկե, եթե մարդը նախօրոք պետք է համաձայնություն տա, որ բանկային գաղտնիքը նայեն, ապա այդ գումարը կկանխիկացնի, հետո նոր այդ համաձայնությունը կտա։ Անկեղծ եմ ասում՝ անիմաստ վարժություն է, եթե դու չունես դա իրագործելու գործիքակազմ։ Այո, արդար է, երբ մարդը 1 միլիոն դրամ ունի հաշվին, իրեն 50 հազար դրամ տալը գուցե արդարացի չէ, արդար կլիներ, որ չունեցողին ավելի շատ տային` ունեցողներին չտալու խնայողության հաշվին, բայց եթե դա չեն կարողանալու նորմալ կազմակերպել, ապա ավելի լավ է այդպիսի խնդրահարույց հայտարարություններ չանեն»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image