Քաղաքականություն

«Հրապարակ»․ Կառավարման ապաշնորհություն եւ կոլեկտիվ խուճապ

«Հրապարակ»․ Կառավարման ապաշնորհություն եւ կոլեկտիվ խուճապ

Նախօրեին ձյան պատճառով իսկական «արմագեդոն» էր Երեւանում՝ կաթվածահար փողոցներ, խուճապահար մարդիկ, ցայտնոտում գտնվող քաղաքային իշխանություն, որն իրավիճակին ուղղակի չէր տիրապետում:  

Օդերեւութաբանները տեղումները կանխատեսել էին օրեր առաջ, բայց, ինչպես մյուս ոլորտներում, այստեղ էլ իշխանությունը փայլեց իր ողջ «պերճանքով ու թշվառությամբ»: Աշխատանքային օրվա ավարտին ավտոբուսները կանգնած էին, տեղեկություն տարածվեց, որ ձմեռային անվադողեր չունեն, տաքսիների գները միանգամից աստղաբաշխական դարձան, աշխատանքից տուն շտապող քաղաքացիներին այլ ելք չմնաց, քան ոտքով ճանապարհ ընկնելը:

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը միայն օրվա վերջում հայտնվեց ու ֆեյսբուքյան եթերում փորձեց իրավիճակը փրկել. հայտարարեց,  թե մեկ օրում տեղացել է մեկ ամսվա նորմային համապատասխան ձյուն, թեեւ ասֆալտին ձյան շերտը հազիվ մեկ թիզ լիներ, թե 24/7 ռեժիմով աշխատում են, հավաստիացրեց՝ գործի է դրվել 40 միավոր տեխնիկա, հերքեց, որ տրանսպորտային միջոցներն առանց ձմեռային անվադողերի են, պնդեց. «Թե՛ տրոլեյբուսների, թե՛ ավտոբուսների անվադողերը կա՛մ ձմեռային են, կա՛մ համասեզոնային, բայց դա չի նշանակում, թե առատ ձյան տեղումների դեպքում հանրային տրանսպորտը խնդիրներ չի ունենում»:

Ժամը 23-ին ԿԳՄՍՆ-ն հայտարարեց, որ հաջորդ օրվա դասերը հետաձգվում են, առանձին մասնավոր ընկերություններ, հավանաբար, հետեւելով Ավինյանի հորդորին, աշխատակիցներին տեղեկացրին, որ հեռավար կաշխատեն... Կարճ ասած՝ մեկ օրվա թեթեւ ձյունը բացահայտեց, մի կողմից, քաղաքապետարանի անգործությունն ու իշխանությունների ապաշնորհությունը եւ ապացուցեց, որ ամենապարզ խնդիրներն անգամ նրանք ձախողում են, մյուս կողմից` ի ցույց դրեց մեր՝ որպես հասարակության, հավաքական իմունիտետի իսպառ բացակայությունը: Սոցցանցերում կոլեկտիվ խուճապ էր, կարծես մենք արեւոտ Աֆրիկայում էինք ապրում, եւ ձյունն անոմալ երեւույթ էր: Երեւանցիների բողոքներն ու նվնվոցը շատերին «մութ ու ցուրտ» տարիների խիստ ձմեռները հիշեցրին, երբ պատերազմ էր, վառելիք, հոսանք չկար, բայց մարդիկ այդքան չէին տրտնջում, աշխատանքի էլ էին գնում, դասի էլ: Եվ սա ցույց է տալիս, թե սեփական հանրությանն ուր են հասցրել իշխանությունների վարած քաղաքականությունն ու բոլոր ոլորտներում ձախողումները, այն հասարակության, որն անորոշության, ապագայի հանդեպ անվստահության ու վախի մթնոլորտում է ապրում եւ անգամ եղանակի պատճառով կարող է խուճապի մեջ ընկնել: 

Քաղաքապետարանի երեկվա ձախողումը Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը պայմանավորում է մեկ հանգամանքով՝ քաղաքային իշխանությունը տեղում չէ, համակարգերը չեն աշխատում, ու սա միայն տեղային խնդիր չէ: «Տեսանք, որ Ավինյանը գնացել էր կուսակցական ժողովի՝ փոխանակ զբաղվեր մայրաքաղաքի խնդիրներով: Փողոցներում բարձիթողի վիճակ էր, շատ տեղերում լուսացույցերը չէին աշխատում, պարեկներ չկային, մաքրող, մշակող տեխնիկա գոյություն  չուներ, ուղղակի սպասեցին, մինչեւ քաղաքը կաթվածահար եղավ: Պաշտոնապես  հայտարարեցին, որ ավտոբուսների կոմպլեկտացիայի մեջ ձմեռային անվադողեր չեն լինում, մնում է ենթադրել, որ իրենք ճակատագրի ու բնության հետ պետք է պայմանագիր կապեն, որ Երեւանում մեծ ծավալի տեղումներ չլինեն, որ ավտոբուսներն աշխատեն, թե՞ երեւանցին պետք է նայի՝ եթե ձյուն է, դասի ու աշխատանքի չգնա, որովհետեւ Երեւանի քաղաքապետարանի ապահոված տրանսպորտը նախատեսված չէ ձյան համար: Սա անհեթեթություն ու խայտառակություն է: Ձնից մեկ օր առաջ էլ ցույց էին տալիս Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրման հիմնարկում կուտակված աղի եւ ավազի պաշարները, հիմնարկի տնօրենի եւ Կամո  Արեյանի շրջայցը, մեզ թվաց՝ վերջ, ձյունը դեռ չտեղացած, փողոցներն աղի ու կարմիր ավազի գորգով են պատելու, բայց տհաճորեն արձանագրում ես, որ այս մարդկանց մոտ հաճելի անակնկալն էլ չի ստացվում»,- հեգնում է ավագանու ընդդիմադիր անդամը: «Այն մարդիկ, որոնք քիչ թե շատ լոյալ էին տրանսպորտի նոր սակագներին, հիմա ցասման մեջ են՝ ո՞նց կարող է բարեփոխված ավտոբուսը ձմեռային անվադող չունենա»:

Սուքիասյանի խոսքով, քաղաքապետարանն էլեմենտար հաշվարկներ չի արել, որովհետեւ նման իրավիճակում, երբ քաղաքային տրանսպորտը չունի ձմեռային անվադողեր, առնվազն, քաղաքն այնպիսի ինտենսիվությամբ պետք է մաքրել, որը թույլ կտա ավտոբուսները շահագործել: «Բոլորը կենտրոնացել են քաղաքային իշխանության պատասխանատվության վրա, որն օրինաչափ է, բայց, իմ կարծիքով, այս քաոտիկ վիճակի համար պատասխանատուն միայն քաղաքապետարանը չէ, նախեւառաջ Նիկոլ Փաշինյանն է, առնվազն նրա լոյալ վերաբերմունքը  քաղաքային իշխանություններին... հետեւաբար, հարցն էլի քաղաքական բնույթի է, այստեղ ո՛չ արտաքին թշնամիները կապ ունեն, ո՛չ երկրի արտաքին քաղաքական օրիենտացիան»,- «Հրապարակ»-ին ասում է Սուքիասյանը, որի համոզմամբ՝ Երեւանի կառավարման համակարգի ճգնաժամը հետընտրական կեղծիքներով «կարկատան արած մեծամասնություն» ունենալու, սեփական քաղաքական թիմին փոխկապակցված տարբեր ՍՊԸ-ներից մեկ անձից գնումներով հարստանալու ու կառավարումը որպես պատասխանատվություն չդիտարկելու հետեւանքն է, ու այդ առումով, քաղաքային իշխանությունը բացառություն չէ, որովհետեւ համապետական օրինաչափությունն է այդպիսին:

«Ամբողջ ՔՊ-ն տապալվել է թե՛ ՏԻՄ մակարդակով, թե՛ համապետական: Իրենք կուսակցական օրինաչափ ինկուբատորից արձակված կադրեր են, եւ պատասխանատվությունն էլ, վստահ եմ, պետք է լինի կոլեկտիվ»,-եզրափակում է ավագանու ընդդիմադիր անդամը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image