Մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչով «հանճար» է: Ամբողջ աշխարհի պետությունների ղեկավարները՝ համահավաք, այնքան առատ նյութ չեն տալիս լրագրողներին, երգիծաբաններին, վերլուծաբաններին, ինչքան մեն-մենակ Նիկոլ Փաշինյանը: Եկեք տեսնենք, թե ինչպես է գործում այն իշխանությունը, որը հայտարարում է, թե պայքարում է «եկեղեցու սրբապղծության» դեմ: Այդ նպատակի համար նա որոշել է օգնության դիմել բոլորին՝ անգամ սատանային, բայց առայժմ «դիմում է» միայն մարդկանց, որոնց մասին բազում առասպելներն ու իրական պատմություններն են շրջանառվում։ Ահա՝ լրագրողը պարզ եւ անկեղծ հարց է ուղղում նրան. «Տեղյա՞կ եք, որ Ձեր կողքին կանգնած հոգեւորականն այսպես եւ այսպիսի բաներ է արել»: Պատասխան. «Տեղյակ չեմ»։
Միանգամից ուզում ես հարց տալ․ «Ինչպե՞ս թե տեղյակ չես, հենց այն փաստը, որ տիրադավ է եւ կանգնած է քո կողքին, մի՞թե սրբապղծություն չէ»: Պարզ է, որ իշխանությունը փորձում է պարտադրել հասարակությանը՝ ստի հագուստով «անտեղյակություն»։ Սակայն դա պետք է սթափեցնի սովորական քաղաքացուն, որն իրեն նեղություն չի տալիս՝ հարցնելու․ «Հարգարժան վարչապետ, բայց լրագրողի հարցից հետո իմացա՞ք, թե՞ էլի չիմացաք՝ ինչն ինչոց է: Գուցե էլի՞ անտեղյակ եք կամ անտեղյակ եք ձեւանում, որովհետեւ հարմար է «անտեղյակ» խաղալը»:
Բայց վարչապետը, որն ինքն իրեն ներկայացնում է որպես բարոյականության եւ ճշմարտության մարգարե, ոչ միայն չի գիտակցում իրականությունը, այլեւ փորձում է թաքնվել անտեղյակության տակ՝ անտեղյակությունը մատուցելով որպես ազգափրկիչ սկզբունք։ Բայց զավեշտը ծաղկում է, երբ նա հայտարարում է. «Մեզնից ոչ մեկը սուրբ կամ անմեղ չի»: Կամ` «այդ մարդիկ ապաշխարել են իրենց արածների համար»: Ո՞ւմ են ապաշխարել` իրե՞ն, միանալով եկեղեցակործան իր ծրագրին: Մինչդեռ հենց ինքը փորձում է սրբապղծության դեմ պայքարել՝ իր կողքին ունենալով «պղծվածներ», որոնց մասին ողջ երկիրն է խոսում։
Սա քաղաքական կրկես է. այստեղ գլխավոր դերակատարը՝ վարչապետը, իրեն ներկայացնում է որպես կույր դատավոր, որի տեսադաշտում չեն տեղավորվում սեփական դաշնակիցների արատները, բայց գերազանցապես տեղյակ է բոլորի «մեղքերի» մասին եւ «թողություն» է տվել այդ մեղքերին։ Նրա «անմեղ» դեմքը խոսում է անտեղյակության «բարձր արվեստի» մասին, բայց իրականում դա ոչ այլ ինչ է, քան ստի քողարկված արվեստ, դերասանություն, կեղծիք։
Երկիրը կանգնած է ստի եւ անտեղյակության խաչմերուկում, որտեղ իշխանությունը բացահայտորեն օգտագործում է իր լեգիտիմությունը՝ արդարացնելու սեփական անտեղյակությունը։ Եվ ամենավտանգավորը՝ այդ «անտեղյակությունը» դառնում է օրենք, հրահանգ, որը պարտադրում է ժողովրդին։ «Անտեղյակների» այդ կուսակցությունը՝ ՔՊ-ն, ստի գլխավոր դաշնակիցը, արդեն չի էլ թաքցնում սուտն ու կեղծիքը, իսկ հասարակությունը ծափահարելով զարմանում է, թե ինչպես է ստախոսությունը դառնում քաղաքական վարքագիծ, ճշմարտությունը՝ հանցանք, պղծությունը` բարենորոգման ուղենիշ։
Հայաստանի վարչապետը նոր մասնագիտություն ունի․ նա մեր երկրի գլխավոր անտեղյակն է։ Ոչ թե պարզապես ինչ-որ բան չի իմացել, այլ անտեղյակ է, եւ դա այնքան հմտորեն, այնքան համակարգված է անում, որ այդ անտեղյակությունը դառնում է քաղաքական մեթոդ, փիլիսոփայություն, գրեթե՝ պետական գաղափարախոսություն։ «Տեղյակ չեմ»,- ասում է նա, երբ հիշեցնում են ժամանակին իր ստացած ծրարների եւ դրանց բացահայտման մասին, որը մի քանի տարի առաջ ողջ հանրությունն էր քննարկում։ Եվ վերջ։ Քննարկումը փակված է։ Ճշմարտությունը պարտվել է անտեղյակությանը։
Վարչապետը հայտարարում է, որ պայքարում է սրբապղծության դեմ։ Պայքարում է՝ օգտագործելով ամեն տեսակի ամբիոններ, բարոյախրատական մեթոդներ, ձեռքը սրտին է դնում, անմեղ աչքեր է անում։ Եվ այդ պայքարում իր կողքին կանգնած են մարդիկ, որոնց մասին հասարակության մեջ տարիներ շարունակ շրջանառվում են ամենածանր մեղադրանքները։ Բայց վարչապետը ոչինչ չգիտի։ Ոչ մի բան։ Սպիտակ թուղթ։ Դա այլեւս պարզապես «չգիտեմ» չէ։ Դա արդեն քաղաքական ալիբի է։
Անտեղյակ եմ - նշանակում է՝ պատասխանատու չեմ։
Անտեղյակ եմ - նշանակում է՝ կարող եմ դատել բոլորին, բացի ինձնից։
Անտեղյակ եմ - նշանակում է՝ բարոյականության չափանիշը ես եմ։
Եվ երբ հավելում է․ «Մեզնից որեւէ մեկը անմեղ կամ սուրբ ձեւանալու մտադրություն չունի», հարց է առաջանում․ իսկ ինչո՞ւ եք ձեւանում մաքրագործման առաջնորդ։ Եթե բոլորս մեղավոր ենք, ապա ինչո՞ւ եք քար նետում մի քանիսի վրա։ Ինչպե՞ս իմացաք, որ Կճոյանն ու մյուսները ապաշխարել են, իսկ Ձեզ քննադատող սրբազանները` ոչ:
Եթե սրբություն հաստատելուն եք ձգտում, ապա ինչո՞ւ եք խաղում սրբապղծության բառապաշարով։ Եթե անտեղյակ եք Ձեր դաշնակիցների հանցանքների մասին, ապա ինչպե՞ս եք այդքան լավ տեղեկացված Ձեր հակառակորդների «մեղքերի» մասին։
Սա դասական կրկես է, որտեղ կույր արդարադատության տակ ոմն անձ որոշել է հարվածել մեր արմատներին, ոչնչացնել իր հակառակորդներին, փակել իրեն քննադատողների բերանը։ Ֆարսն այն է, որ այս ամենը տեղի է ունենում տեսախցիկների առաջ, բաց տեքստով, առանց ամոթի։ Ստախոսությունը նույնիսկ չի թաքցվում․ այն ներկայացվում է որպես պարզություն, անկեղծություն, բարենորոգում, պետական շահ։ Իրականում սա վտանգավոր բանաձեւ է․ երբ իշխանությունը բարոյական դատավորի դեր է խաղում, բայց հրաժարվում է իմանալ, հաշվի նստել փաստերի հետ եւ խրվում է անբարոյականության տիղմի մեջ: Խնդիրը ոչ թե Եկեղեցին է, ոչ թե հոգեւորականները, ոչ էլ անգամ մեղադրանքները, այլ խնդիր է դրված. «Ստախոսությունը հռչակվել է անտեղյակություն, եւ անտեղյակությունը դարձել է քաղաքական զենք»։
Գագիկ Անտոնյան