Հայոց եկեղեցու դեմ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի նախաձեռնած պատերազմն ունի երեք ուղղություն. առաջինը նրա լայվերն ու ֆեյսբուքյան գրառումներ են, երկրորդը նրա ներկայությամբ անօրինական պատարագների կազմակերպումն է, երրորդը՝ տիրադավների հայտարարությունները: Ամանորից հետո առաջինը կարծես թե մղվեց երկրորդ պլան, երկրորդն ու երրորդը միավորվեցին: Առաջին հայացքից ինքը դեռ վայելում է երկրորդի առումով հաղթանակը. իր ներկայությամբ զեղչվում է Վեհափառի անունը: Բայց իր բացակայության դեպքում պատարագները կրկին օրինական հիմքի վրա են դրվում: Ի՞նչ է դա՝ եթե ոչ հենց անհաջողություն: Անցնենք 10 տիրադավ հոգևորականների հարցին. մինչ այսօր դրանք հանրային դաշտում գործում էին արտաքնապես ինքնուրույն. խոսքը հայտարարությունների մասին է: Սակայն նախորդ օրը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն իր կարգավիճակով միացավ 10-ի դավադրությանը: Ինչն, իհարկե, հանցագործություն է՝ լիազորություննների չարաշահում, բայց դա էական չէ՝ մեկով ավելի կամ պակաս: Բայց դա ևս հաջողության տանող ուղի չէ՝ եթե ապօրինությունը չպսակվի հայաստանյան իրավապահ (իրականում՝ չիրավապահ) համակարգի մասնակցությամբ:
Կա նաև «աշխատանքի» չորրորդ ուղղությունը. խոսքը տարբեր մակարդակի նիկոլականների ելույթների մասին է: Չնայած դրանք ամենօրյա են, սակայն հիմնականում նույն բնույթի են: Թեև առկա են նաև մեկ-երկու, առաջին հայացքից, ինչ-որ հետաքրքրություն ներկայացնողներ: Դրանցից մեկն այն էր, որ կուսության ուխտը խախտելու պահից Գարեգին Բ-ի բոլոր ձեռնադրումները պետք է համարել անօրինական: Ինչը «Կտրիճ Ներսսյանն այլևս կաթողիկոս չէ» ծեծված պնդումի վերափոխված տարբերակն է: Դրա հեղինակն, ի դեպ, ինձ հայտնի չէ, թեև դրանից ոչինչ չի փոխվում: Եթե առաջնորդվենք դրանով, ապա մի քանի ծեր հոգևորականներից բացի մնացած բոլորը դուրս են մնում օրինական դաշտից: Ինչն էլ նշանակում է, որ դաշտն ազատվում է: Եվ սարկավագ, քահանա կամ եպիսկոպոս ձեռնադրել կարող է նաև «մեծարգո» վարչապետը: Ինչպես, օրինակ, 16-րդ դարի առաջին կեսի Անգլիայի թագավոր Հենրի 8-րդը:
Սակայն եթե առաջնորդվենք այդ ՔՊ-ական կամ ՔՊ-ամերձ մտածողությամբ, ապա նույն տրամաբանությամբ 2018-ի մայիսի 8-ից՝ փողոցի բռնի ուժով, ԱԺ պատգամավորներին ճնշումների ենթարկելով վարչապետ կարգված Նիկոլի ողջ գործունեությունը ևս ապօրինի է: Եվ այդ թվում նաև 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի ԱԺ ընտրությունը, քանի որ ինքը դրանց մասնակցել է որպես վարչապետ՝ ձևական հրաժարական տալով, սակայն օգտագործելով ողջ պետական ապարատն ու իշխանական լծակները: Բացի դրանից, ձևական այդ հրաժարականը ևս լեգիտիմ չէ, քանի որ այն իրականացվել է մերժված Սերժի կողմից նախկինում ընդունված օրենքներով: Այնպես որ, վատ չէր լինի գիտակցելը, որ սուրը լինում է երկսայրի. եթե ինչ-որ պահից սկսած ապօրինի է հայտարարվում Գարեգին Բ-ի ողջ գործունեությունը, ապա նույնչափ ապօրինի է Փաշինյանի, որպես վարչապետի, գործունեությունը 2018-ի մայիսի 8-ից սկսած:
Երկրորդ «հանճարեղ» գաղափարը պատկանում է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբինյան Ռուբենին, ով եկեղեցու դեմ պայքարում ամենաակտիվ նիկոլականներից մեկն է: «Վայելենք» վերջինիս խոսքը. «Այն պահին, երբ Կտրիճ Ներսիսյանը Հայաստանի և այլ երկրի միջև ընտրեց այլ երկիրը, իսկ Հայաստանի ժողովրդի ու վերջինիս թալանողների միջև ընտրեց թալանողներին, նա դարձավ հերձվածող: Մաքուր հերձվածող»: Թե ինչ ընտրության մասին է խոսքը՝ էական չէ, քանի որ ապատեղեկատվությունն իր բնույթով հենց այդպիսին է: Կարևորը ոչ թե ինֆորմացիայի ամբողջությունն է և ճշմարտացի լինելը, այլ մեղադրանքը. դա գեբելսյան սկզբունքներից մեկն էր: Իսկ թե որ երկիրն է իբրև թե ընտրել Վեհափառը՝ դժվար չէ գուշակելը: Այն հստատապես ո՛չ Թուրքիան է և ո՛չ էլ Ադրբեջանը, որոնց առջև ծնկաչոք խաղաղություն է մուրում կուսակցական իր առաջնորդը: Եվրոպան ու Ամերիկան չեն լինի, մնում է Ռուսաստանը: Թե ինչ հիմքով է կատարվել ընտրությունը՝ թողնենք Ռուբենի երևակայությանը: Ինչ մնում է ժողովրդին թալանողների ընտրությանը, ապա դա ճիշտ կլիներ, եթե ընտրվեր գործող իշխանությունը: Ով վաղուց զբաղված է ժողովրդին թալանելով՝ կարմիր գծեր, գույքահարկ, տրանսպորտ, աղբահանություն և այլն: Եթե այդ ամենը թալան չէ, ապա ի՞նչ է:
Ռուբենի գրառման շարունակության մեջ խոսվում է Վեհափառի կողմից չապաշխարելու մասին: Հետաքրքիր է, այն «հոգևորականները», որոնց միջոցով Ռուբենի առաջնորդը փորձում է հանգստի ուղարկել Վեհափառին, անցե՞լ են արդյոք ապաշխարանքի ճանապարհը: Նրանք, ովքեր բազմակի անգամ ավելի ծանր մեղքեր են գործել, թե՞ այդ դեպքում ևս գործում է «Այն, ինչ թույլատրված է Զևսին, թույլատրված չէ եզին» կանոնը: Մնում է, որ հայոց եկեղեցու ղեկավարությունը հեռացնի ու բանադրի բոլոր նրանց, ովքեր ոչ միայն մեկ ուխտ են խախտել, այլ բազմաթիվ ուխտեր: Ու չնայած այդ հանգամանքին, իրենց իրավունք են վերապահում ներկայանալ որպես եկեղեցու բարենորոգիչներ: Ռուբենի չսիրած ռուսը մի համապատասխան խոսք ունի այս առումով. «Чья бы корова мычала, а твоя бы молчала!»: Որպեսզի Ռուբենն իրեն լավ զգար՝ կարող էի դիմել ԱԲ-ի օգնությանը՝ ասացվածքի թուրքերեն տարբերակի համար, բայց դա թողնում եմ իրեն:
ՀԳ. Ուղտաերթի մասին դեռ բան չեմ ուզում գրել, ուզում եմ մի երկու օր անցնի, որ պարզվի դրա իմաստը: