Երկու լուր լրահոսից ցնցեց ինձ։ Մեկն այն մասին էր, որ ավտովթարից ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել բարձրաստիճան ոստիկան, ով «անուն է հանել» ընդդիմադիր պատգամավորների եւ հոգեւորականների նկատմամբ, մեղմ ասած, ոչ վայել պահվածքով։ Իրեն այցի եկածներին նա ասել է. «Աստված ինձ պատժեց…»։ Ոչ, հարգելիս, Աստված քեզ չի պատժել ... ընդամենը զգուշացրել է։
Զգուշացրել է, որ կա մի սահման, որից հետո մարդն այլեւս չի «ծառայում», այլ վերածվում է գործիքի։ Զգուշացրել է, որ ուժը, եթե բիրտ է եւ անարդար, վերջում խփում է հենց ուժը կիրառողին։ Պատիժը վերջակետ է, զգուշացումը՝ ստորակետ։ Կյանքն էլ այդ երկուսի միջնամասում է։
Երկրորդ լուրը, որն արդեն մեկ ամիս է՝ քննարկում է ողջ երկիրը, միլիոնավոր դրամների պարգեւավճարն է։ ՀՀ ֆինանսների նախարարը կառավարության հերթական անարդար որոշումը՝ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման ու պարգեւավճարների շռայլ բաշխման մասին, բնորոշել է որպես «համարձակ քայլ»։ Ինչ խոսք՝ շա՜տ համարձակ քայլ է։ Ո՞վ կհամարձակվեր օրը ցերեկով պետական բյուջեի դռները «ջարդել» ու ... համարձակ կողոպտել մեր ընդհանուրի գանձարանը: Համարձակություն է պետք, որ սեփական ձախողումների, աղքատության, պարտքերի, արտագաղթի ֆոնին մարդ կարողանա ինքն իրեն ու իր ապաշնորհ թիմին պարգեւատրել՝ առանց աչք թարթելու։ Մենք հասկացանք, որ մեր երկրում կա մի անթերի, 100 տոկոսանոց աշխատող հոդված՝ պարգեւավճարների հոդվածը։
Գագիկ Անտոնյան