Դեկտեմբերի 3-ին Բրյուսովի անվան պետական համալսարանի լեզվաբանության եւ մանկավարժության ֆակուլտետի ուսանողուհիները դասամիջոցի ժամանակ՝ ժամը 13:50-ի սահմաններում կոշտ վիճաբանություն են ունեցել, որը վերաճել է կռվի: Աղջիկներն իրար ծեծել են, հայհոյել են, միմյանց վրա ջուր են լցրել, քաշքշել են մազերից, եւ այդ կադրերը հայտնվել են համացանցում: Երեկ սոցցանցերը հեղեղած այս լուրը ոչ միայն նրանով էր արտառոց, որ ծեծող-ծեծվողները աղջիկներ են եղել, այլ նաեւ նրանով, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել բուհում՝ Բրյուսովի համալսարանում: Այս բուհը երկար տարիներ բարձր վարկանիշ է ունեցել, որպես լեզվաբանական լավագույն կրթօջախ, ու հանկարծ ապագա թարգմանչուհիներն ու մանկավարժներն առանց կանոնների մարտի են բռնվում դասախոսների աչքի առաջ, ցուցադրելով այն պարզ ճշմարտությունը, որ ուսանողության եւ դասախոսական կազմի մակարդակը ներկայում շրիշակից ցածր է եւ բռնությունը հիմնավորապես մուտք է գործել մեր կյանքի բոլոր ոլորտներ:
Բայց ինչո՞ւ են աղջիկներն իրար մազ պոկել: Քննչական կոմիտեից պատճառների մասին նախաքննության փուլում չեն ուզում խոսել, նշելով, որ «դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Ֆիզիկական ներգործությունը՝ մի խումբ անձանց կողմից)»: Նաեւ տեղեկացնում են, որ ձերբակալված անձինք չկան, թեեւ ոստիկանությունը երեկ հաղորդել էր, որ ծեծկռտուքի բոլոր մասնակիցները ձերբակալվել են: Եթե աղջիկներին ազատել են, ուրեմն, լուրջ բան չկա՞: ՔԿ խոսնակն այլ հարցերի չի ցանկանում պատասխանել:
Ոստիկանության հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ կռվի մասնակիցները, որոնք հինգն են եղել՝ Երևանի բնակիչներ 20-ամյա Ս. Ա.-ն, Ն. Հ.-ն, Արագածոտնի մարզի բնակիչ Մ. Հ.-ն, Երևանի բնակիչներ 21-ամյա Ծ. Տ.-ն եւ 20-ամյա Լ. Տ-ն, միմյանց պատճառել են «ֆիզիկական ցավ»: Բոլորը հրաժարվել են դատաբժշկական փորձաքննություն անցնելուց, ինչը նշանակում է, որ ամենայն հավանականությամբ գործը կջրվի, աղջիկները կհաշտվեն:
Իսկ ուսանողության ու դասախոսների շրջանում կատարվածի շուրջ տարբեր վարկածներ են շրջում: Պատմում են, որ կռվի մասնակիցներից երկուսը քույրեր են: «Մի աղջիկ անցնելուց ուսով հրել է իր կողքով անցնող երկու քույրերին ու վատաբանել է նրանց: Հետո թեյը լցրել է քույրիկներից մեկի վրա: Ու հետո կռիվը սկսվել է», - պատմում է ծնողներից մեկն այն, ինչ լսել է մյուսներից:
Մեկ այլ աղբյուրի համաձայն, աղջիկները իրար են ծեծել մի տղայի պատճառով: Համացանցում տարածվում է նաեւ այդ տղայի մասնակցությամբ տեսանյութ: Նա պարում է գիշերային ակումբում: Որքանով է ճշգրիտ այդ տեղեկությունը, հայտնի չի:
Պատմում են նաեւ, որ կոնֆլիկտը իրեն լիդեր համարող ուսանողուհու եւ քույրերի միջեւ մի օրում չի ծագել, այլ հասունացել է երկար ժամանակ: Ուսանողներն ունեն կոլեկտիվ չատեր, որոնց բոլոր մասնակիցները հետեւել են, թե ինչպես է հասունանում թշնամանքը քույյերի նկատմամբ: Հետաքրքիր է, որ, ըստ որոշ տեղեկությունների, այդ չաթերին մասնակից են եղել նաեւ դասախոսներ ու ծնողներ: Այլ կերպ ասած՝ կոնֆլիկտից շատերն են տեղյակ եղել, այդ թվում մեծերը, եւ ոչինչ չեն ձեռնարկել, որ կանխեն:
Համալսարանի մի խումբ ծնողներ, որոնք էլ բարձրաձայնել են խնդիրը, նամակ ուղարկելով լրատվամիջոցներին, կատարվածի մեջ մեղադրում են բուհի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին, որն անցյալ տարի է նշանակվել այդ պաշտոնին, ինչպես նաեւ նրա նշանակած կադր՝ Լեզվաբանության եւ մանկավարժության ամբիոնի դեկան Լեւոն Սարգսյանին, որը, ըստ ծնողների, չի զբաղվում ֆակուլտետով:
Փորձեցինք լսել բուհի տեսակետը եւս, սակայն Բրյուսովի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը չցանկացավ խոսել կատարվածի մասին եւ նույնիսկ կոպտեց․ «Սխալ տեղ եք զանգել, զանգեք իրավապահ մարմիններին»: Ապա, լսելով մեր պատասխանը, թե կուզեինք իրեն լսել, եթե իր համար մեկ չի, թե ինչ է կատարվում բուհում, արձագանքեց. «Դուք չեք կարող ինձ լսել, մեկ չի, իհարկե: Դուք արդեն ավելորդ եք խոսում, ցտեսություն»:
«Նա միշտ էլ այդպես է ասում, նորմալ է իր դեպքում, իր համալսարանը քանդվում է, նա ասում է՝ զանգեք իրավապահներին», - ռեկտորի պատասխանը մեկնաբանեց Բրյուսովի համալսարանի նախկին պրորեկտոր Ցոլակ Ակոպյանը: Նա եւս լսել էր, որ նախապես քննարկում է գնացել չաթերում, որից տեղյակ է եղել Լեզվաբանության եւ մանկավարժության ֆակուլտետի դեկանը՝ Լեւոն Սարգսյանը: «Նա, ոնց հասկացա, որպես դեկան, մանկավարժ պարտավոր էր խնդիրը արագ կարգավորել, եւ պետք չի մեղքը բարդել ոչ մեկի վրա: Իրավապահներն, իհարկե, կանեն իրենց գործը, բայց կարծում եմ, այստեղ նախ եւ առաջ թերացել է բուհի ղեկավարությունը», - ասում է նախկին պրորեկտորը:
Նա հիշեց, որ երբ ինքը պրոռեկտոր էր, եթե նմանատիպ կոնֆլիկտ էր հասունանում ուսանողների միջեւ, երկար բանակցություններից, ուսանողների ու նրանց ծնողների հետ խոսելուց, քննարկելուց հետո հաջողվում էր կանխել սրացումը: «Չի կարելի ձեռք լվանալ, ասել՝ դա իրավապահների գործն է: Դու՝ որպես ռեկտոր պետք է նաեւ այդ երեխաների անվտանգությունն ապահովեիր», - ասում է Ցոլակ Ակոպյանը: