Քաղաքականություն

«Հրապարակ». Հո՞ւյս ունեն, թե՞ հստակ տեղեկություններ

«Հրապարակ». Հո՞ւյս ունեն, թե՞ հստակ տեղեկություններ

Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստանում է։ Նա հանդիպել է ՀՀ նախագահի հետ, այցելել Թումո, մեկնելու է Սեւան, հանդիպելու է ուսանողների հետ, այցելելու հատուկ կարիքներ ունեցող երեխաների մանկապարտեզ։ ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը եւս Հայաստանում է։ Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում նա հրաժարվել է խոսել արցախահայերի՝ Արցախ վերադառնալու մասին եւ հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն կարեւորում է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում, իրենց ուշադրությունն այն ոլորտների վրա է, որտեղ «Հայաստանը կարող է հավելյալ արժեք ստեղծել, այդ թվում՝ տնտեսության, շրջակա միջավայրի եւ կլիմայի հարցերում»։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Եվրոպայից այս այցելությունները դիտարկում է որպես աջակցություն Նիկոլ Փաշինյանին, բայց կարծում է, որ այլ խնդիրներ էլ կան․ «Քանի որ, իրենց պատկերացմամբ, տարածաշրջանում կարող է խաղաղություն լինել, իրենք պիտի փորձեն ավելի ակտիվացնել իրենց ներկայությունը եւ այդ հնարավոր խաղաղությունից իրենց բաժին շահաբաժինը ստանան։ Իրենց հիմնական խնդիրն իրենց ազդեցության տարածումն է, փորձում են ոգեւորել, թարմ պահել Հայաստանի արեւմտյան, եվրոպական մղումները եւ ամրապնդել իշխանությունների դիրքերը, որովհետեւ ակնհայտ է, որ նախընտրական փուլում, իրենց պատկերացմամբ, պրոռուսական ուժերն ակտիվանալու են։ Իրենք վտանգ են տեսնում, որ այդ ուժերի հաջողության դեպքում Հայաստանը կարող է շեղվել արեւմտամետ ընթացքից եւ կրկին փոխել աշխարհաքաղաքական վեկտորը»։

Բնականաբար, հիմնական նպատակը տարածաշրջանից Ռուսաստանը դուրս մղելն է, եւ բոլոր քայլերը դրան են ուղղված։ Ընտրություններին ընդառաջ աջակցության տարատեսակ դրսեւորումներն արեւմտյան երկրներից ավելի ինտենսիվ կլինեն։ ՀՀ իշխանությունն էլ կփորձի ընդդիմությանը ներկայացնել որպես դրսից ղեկավարվող ընդդիմություն՝ Հայաստանի դեմ, եւ այդ հարցում կա շահերի համընկնում։ Ռուսաստանից կլինի՞ հակազդեցություն, քաղաքագետը կարծում է, որ դա թույլ է, սակայն ընտրությունների մոտենալուն զուգահեռ կմեծանա ռուսական ակտիվությունը։ «Նրանք կփորձեն իրենց ձեռքի տակ եղած մեխանիզմներով ճնշել, ազդել Հայաստանի քաղաքական գործընթացների վրա, ինչպես դա անում է Արեւմուտքը»։ Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի հայտարարությանը՝ Վալտենոնի հետ ասուլիսում, թե հույս ունի, որ Ադրբեջանը բաց կթողնի հայ գերիներին, Բաղդասարյանը նշեց՝ ինքն էլ հույս ունի, որ Արարատ Միրզոյանը հենց այնպես չի ասել դա՝ խոսքերի տողատակում կոնկրետ ինֆորմացիա կա։ «Վստահ չեմ, որ Ադրբեջանն Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ կարձակի, որովհետեւ նրանք օգտագործվելու են քաղաքական նպատակներով՝ Հայաստանի Հանրապետության դեմ, բայց կարող են մի քանի գերու, պատանդի ազատ արձակել․․․ որովհետեւ, եթե դա տեղի չունենա, էական ազդեցություն կունենա ե՛ւ իր հեղինակության, ե՛ւ իր վարկանիշի, ե՛ւ, ընդհանրապես, իշխանությունների լրջության վրա»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image