Չորրորդ կարգի ցորենի մասին է հանրությունը խոսում։ Իշխանությունն արդեն մի կողմ է քաշվել և նրա պարագլուխն ասում է՝ ես տեղյակ չեմ, թե ով է բերել ցորենը, իսկ ժողովուրդը մտածում է՝ «հավի ձվի տեղն էլ գիտես»։ Առանց քո «դաբրոյի» ո՞վ կարող է տոննաներով ցորեն ներկրել։ Իսկ եթե, նույնիսկ, հավատանք ու ասենք, որ Նիկոլը տեղյակ չէ, ուրեմն ընդունում ենք, որ բարդակ երկիր է, ով ինչ ուզում, որքան ուզում՝ բերում է։ Ի դեպ Փաշինյանը նույնը ասում է Հայաստանում կատարվող ցանկացած անօրինականության մասին։
Տեղյակ չէ, որ գեներալները դավաճան են, նոր-նոր իմանում է, տեղյակ չէ, որ սահմանամերձ Սյունիքում մեկ անձ բիզնեսներ է «գնում» և ինչու, ում համար է անում։ Տեղյակ չէ, թե ով է Սյունիքում հայտարարել՝ զորքերը հետ քաշեք, մոռանալով, որ ինքն արդեն խոստովանել է, որ դա իր հրամանն է եղել։ Տեղյակ չէ, թե պատերազմը ում մեղքով է եղել, թե ո՞նց են կորցրել Արցախը, ՀՀ սուվերեն տարածքները։ Տեղյակ չէ ու փորձում է պարզել, թե ո՞վ է պատերազմի խայտառակ պարտության պատճառը։ Տեղյակ չէ, թե ինչու չի ընդունել Ռուսաստանի խաղաղության առաջարկը․․․ Ոչ մի բանից տեղյակ չէ։ Մնում է հարցնել, թե տեղյա՞կ է, որ ինքը ի՞նչ պաշտոնի է և ինչի՞ համար է նշանակվել։ Կամ տեղյա՞կ է, որ 44- օրյա պատերազմի ընթացքում ինքն իրեն հռչակել է Գերագույն հրամանատար՝ դրանով ողջ պատասխանատվությունը վերցնելով իր վրա։ Հիմա ցորենից է խոսում, ասում ՝ տեղյակ չէ, թե ով է բերել ցորենը։ Մի այնպիսի անփույթ տոնով է ասում, ասես մեկը գնացել ու իր հավանոցի համար երկու պարկ ցորեն է բերել։
Այս «տեղյակ չեմ»-ները չեն կարող փոխել այն պարզ ճշմարտությունը, որ եթե իշխանությունը չորրորդ կարգի է, ապա մեր մոտեցումը պետք է սկսվի երկրին ու իշխանությանը գնահատելուց՝ ոչ թե ցորենի՝ այլ իշխանության որակով։ եթե իշխանությունը չգիտի՝ ինչ է անում և ինչի համար է նշանակվել, հարցրեք նրան՝ տեղյա՞կ է արդյոք իր իսկ պաշտոնի չափանիշներից և այդ պաշտոնով ստացած պատասխանատվությունից։ Ժողովրդին էլ չեմ հասկանում։ Եթե իշխանությունը չորրորդ կարգի է, մեզ տված ցորենը ո՞ր կարգի պիտի լինի։ Գոհ ու շնորհակալ եղեք։ Փորձեք ձեր անսահման հանդուրժողականությամբ մարսել ցորենն ու ասել՝ խեղջ Նիկոլն ի՞նչ անի, ոչ մի բանից տեղյակ չի․․․ Չգիտի՝ էդ ցորենը մեզ համա՞ր են բերել, թե՞ հավի։ Կամ գուցե հավն էլ հրաժարվի։