Հասարակություն

Դատավոր Պետրոսյանը Ջհանգիրյանի հարցով դիմել է Սահմանադրական ու Վարչական դատարաններ

Դատավոր Պետրոսյանը Ջհանգիրյանի հարցով դիմել է Սահմանադրական ու Վարչական դատարաններ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը դիմել է Սահմանադրական ու Վարչական դատարաններ։

Դիմումները կապված են Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ, ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների հետ։

Փետրվարի 19-ին դատավոր Պետրոսյանը դիմել էր այն ժամանակ դեռևս լիազորությունները չկասեցված ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազայանին՝ դադարեցված հայտարարել Ջհանգիրյանի լիազորությունները։ Դատավորը նշել էր, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ գլխում ներառված 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորի լիազորությունները, ի թիվս այլնի, դադարում են նաև, եթե լրացել է նրա  65 տարին: Վարչական դատարան է դիմել 2021 թվականի փետրվարի 24-ին՝ Վարդազարյանին ուղղված հայտարարությունը չիրականացնելու վերաբերյալ։ Այս գործով որպես պատասխանող է ներգրավված Ռուբեն Վարդազարյանը, իսկ որպես երրորդ անձ՝ Ջհանգիրյանը։ Գործը մակագրված է Վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանին։ Պետրոսյանի պահանջն է՝ «ՀՀ դատական օրենսգրքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով դատական իշխանության պաշտոնական կայքում «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ անհապաղ հայտարարություն տարածելուն պարտավորեցնելը»։

Իսկ երեկ ՍԴ է դիմել, որպեսզի Ջհանգիրյանի ընտրության համար կիրառված նորմի՝ Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի (Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները) 9-րդ մասի (Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում) իրավակիրառ պրակտիկան ճանաչվի հակասահմանադրական։

Կարինե Պետրոսյանի դեմ նաև Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ էր հարուցել առանց ԲԴԽ համաձայնության, որը օրենքի խախտում է։ Գործի հարուցման մասին փետրվարի 18-ին հայտարարել էր դատավորի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Գործն արդեն իսկ կարճվել է։
 
Նշենք նաև, որ Վարդազարյանին է մեղադրանք առաջադրվել ապրիլի 15-ին 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար։ Իսկ գործի հարուցման գլխավոր դերակատար է համարվում մարտի 31-ին Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ով դատավոր էր նախկինում։ Կարելի է ենթադրել, որ ԱԱԾ փոխտնօրենի ապագա պաշտոնը դեր է խաղացել այս քրեական գործի հարուցման մեջ։

- Տիկի՛ն Պետրոսյան, ԲԴԽ նախագահի դեմ քրեական գործ հարուցվեց, իշխանություններն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկան, որով ցանկանում էին ընդլայնել ԲԴԽ-ի լիազորությունները, սակայն նախագահը դիմեց Սահմանադրական դատարան՝ օրինագծի սահմանադրականությունը որոշելու համար։ Այս առումով ի՞նչ մեկնաբանություններ ունեք։

-  Դատական իշխանության նկատմամբ ճնշումներ կան բավականին տևական ժամանակ, ինչն արտահայտվում է ինչպես քրեական գործերի ու կարգապահական վարույթների հարուցմամբ, այնպես էլ ՀՀ Ազգային ժողովի իշխող խմբակցության կողմից Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության ընթացքում հնչեցված հարցերով ու վերաբերմունքով։

- Վարդազարյանի դեմ քրեական հետապնդումը համարո՞ւմ եք քաղաքական կամ ուղղորդված։

- Ես գործի փաստական հանգամանքներից տեղյակ չեմ՝ հաշվի առնելով նաև նախաքննության գաղտնիքը, հետևաբար կոնկրետ գործի վերաբերյալ դիրքորոշում կարող է հայտնել պարոն Վարդազարյանը: Բայց որպես անկողմնակալ դիտորդ, որպես կոլեգա, կարող եմ հայտարարել, որ ԲԴԽ նախագահ Վարդազարյանի նկատմամբ ամիսներ շաունակ իրականացվում է հետապնդում ոչ իրավական շարժառիթներով, ինչն առավել ակներև արտահայտվեց ԱԺ-ում իրականացված իմ վերը նշված գործընթացով և շարունակվում է առ այսօր:

- Ի՞նչ նորություն կա կապված Գագիկ Ջհանգիրյանի հետ։

- Ինչպես և խոստացել էի գործընթացը մինչև վերջ տանելու հարցում, երեկ Սահամանադրական դատարան եմ մուտքագրել դիմում՝ Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի իրավակիրառ պրակտիկան հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Սա այն նորմն է, որի կիրառմամբ ընտրվել է Գագիկ Ջհանգիրյանը, հետևապես նորմի՝ հակասահմանադրական ճանաչվելու դեպքում անօրինական կհամարվի նաև նշված անձի հետագա պաշտոնավարումը: Մենք գործ ունենք լիազորությունները տարիքի հիմքով դադարած անձի հետ, որը ժամանակավորապես, կրկնում եմ ժամանակավորապես, զբաղեցնում է ԲԴԽ նախագահի պաշտոնը և փորձում է իր ակտիվ գործողություններով հաղթահարել այդ բարդույթը:

- Իսկ, տիկի՛ն Պետրոսյան, ի՞նչ հիմնավորումներ եք նշել Ձեր դիմումի մեջ։

- ՍԴ ներկայացված դիմումը ծավալուն է։ Կարծում եմ՝ ճիշտ կինի դրա բովանդակությանն անդրադառնալ վարույթից հետո:

- Այսինքն, Դուք հո՞ւյս ունեք, որ դրա հիման վրա Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները կդադարեցվեն։

- Կանխակալ կարծիք չունեմ, բայց լիահույս եմ, որ ՍԴ-ն վերջնական լուծում կտա այդ հարցին: Բացի նշված դիմումից, այս պահին վարչական դատարանում քննվում է նաև մեկ այլ գործ, որով պատասխանող է հանդիսանում ԲԴԽ-ն՝ ի դեմս նախագահի: Ժամանակին գրավոր դիմում էր ներկայացվել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որպեսզի վերջինս հայտարարություն տար Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները տարիքի հիմքով դադարած լինելու վերաբերյալ: Քանի որ իմ դիմումը չէր բավարարվել, հայց էր ներկայացվել դատարան՝ դատական կարգով գործողության կատարմանը պարտավորեցնելու պահանջով: Նշված վարույթով այժմ ներկայացուցիչ է ուղարկելու ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ ՋՀանգիրյանը, որը նաև երրորդ անձ է որպես ֆիզիկական անձ: Նիստը նշանակված է հունիսին, ուստի այս պահին հետագա ընթացքի վերաբերյալ չեմ կարող ասել:

- Այս ընթացքում Ձեր նկատմամբ հետապնդման դեպքեր կամ ճնշման փորձեր նկատե՞լ եք։

- Իմ նկատմամբ քրեական գործի անհիմն հարուցումը հաջորդեց մամուլին տրված իմ այն հայտարարությանը, որ իրավական գործընթաց եմ սկսելու Գագիկ Ջհանգիրյանի ոչ իրավաչափ պաշտոնավարման կապակցությամբ: Իհարկե դա իմ նկատմամբ ճնշման փորձ էր: Առավել ևս, որ այն հարուցվել էր առանց ԲԴԽ համաձայնությունը ստանալու: Քրեական գործը հարուցվել էր իմ կատարած գործողության կապակցությամբ, սակայն իմ անձը կոնկրետ անուն-ազգանունով հիշատակված չէր՝ ԲԴԽ համաձայնության արգելքը հաղթահարելու համար:  Այդ իսկ պատճառով իմ կողմից բողոքարկվել է քրեական գործի վարույթը կարճելու որոշումը, որպեսզի ճանաչվի իմ իրավունքի խախտումը, և այսուհետ դատավորների նկատմամբ քրեական գործեր հարուցելիս օրենքը չշրջանցվի:

- Դուք նաև ժամանակին ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հետ կապված էլ էիք դիմել դատարան։

- Քանի որ հարցը ինստիտուցիոնալ է, ժամանակին վիճարկվել է նաև Գագիկ Հարությունյանի պաշտոնավարումը: Գործընթացը կիսատ է մնացել՝ վերջինիս հրաժարականի հանգամանքով պայմանավորված: Հենց այդ իրավակիրառ պրակտիկան էլ իմ կողմից վիճարկվում է Սահմանադրական դատարանում:


- Կարելի է ասել, որ նույն հիմքերով էլ Գագիկ Ջհանգիրյանի դեմ եք բողոք ներկայացրել, բոլոր հիմքերը նմանատի՞պ են։
- Վարչական վարույթի շրջանակներում խնդրել էի կիրառել հայցի ապահովում և արգելել Գագիկ Ջհանգիրյանի կողմից իր պարտականությունների կատարումը մինչև վերջնական դատական ակտ կայացնելը: Միջնորդությունը մերժվել է նաև ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից: Որոշումը չեմ ստացել, ստանալուց հետո կորոշեմ հետագա անելիքը։ Հնարավոր է նաև՝ բողոքարկեմ վճռաբեկության կարգով: Գործընթացը իրականացվելու է օրենքով չարգելված բոլոր միջոցներով՝ մինչև հայցի սպառումը:


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image