Դանիել Իոաննիսյանը շատ սխալ ուղով է տանում Նիկոլ Փաշինյանին: Կարելի է ասել՝ քթից բռնած ման է տալիս դափնիների պուրակում, դրդում ինքնախաբեության: Դանչոն գիտի, որ ինքնախաբեությունն այն լավագույն միջոցն է, որով կարելի է զսպել Նիկոլ Փաշինյանի հանկարծահաս պոռթկումները, որոնք վարչապետի աթոռը կորցնելու վախի արգասիք են, ուրիշ՝ ոչինչ: Դանչոն Փաշինյանին սառը ջուր հասցնելու մեծ վարպետ է, ինչը չի կարելի ասել Նիկոլի նույնիսկ ամենամերձավոր շրջապատի որեւէ ՔՊ-շնիկի մասին: ՔՊ-շնիկները, հատկապես վերջին շրջանում, Նիկոլին ավելի շատ նյարդայնացնում են, քան՝ հանգստացնում: Անցած ութ տարիների խայտառակությունը քիչ էր, հիմա էլ էս ձախողված քարոզարշավն ու Պետոյի մոտ դրանց անփառունակ «նահատակությունները»: Ինչքա՞ն պիտի Նիկոլը ծամի, որ կարողանա հանրությանը միայնակ ապացուցել, որ ամեն ինչ նորմալ է, ինքն էլ՝ չաղ ու բախտավոր: Չի ստացվում, մարդիկ չեն հավատում, երբ Նիկոլի կողքին որեւէ՝ անկախ իր պաշտոնից ու դիրքից, ՔՊ-շնիկ են տեսնում: Նիկոլն էլ մարդ է, չէ՞, ի վերջո, նյարդայնանում է: Բա ինքն այսքան բան անի, ու մի Ալեն Սիմոնյան, մի Արարատ Միրզոյան ամեն ինչ փչացնե՞ն:
Դուք Դանիել Իոաննիսյանին Նիկոլի կողքին չեք տեսնի: Հնարավորինս հեռու է «ֆռֆռում», որ իր կերպարով վարչապետի կերպարը չնսեմացնի: Եվ Դանչոյի այդ վարքը դուր է գալիս Նիկոլին: Տեսեք՝ անգամ Աննային է դատի տվել Դանչոն, բայց Նիկոլը նրան որեւէ նկատողություն չի անում: Չի նախատում նրան, որովհետեւ կարող է զրկվել նրա ծառայություններից ու ինքնախաբեության հասցնող հնարքներից:
Եվ, ուրեմն, ի՞նչ է անում Դանչոն: Նա նկարում է ընդդիմության հանրահավաքներն ու այդ լուսանկարներն ուղարկում Նիկոլին: Իսկ Նիկոլը կառավարության ամառանոցում աչքի է անցկացնում դրանք եւ հանգիստ շունչ քաշում՝ մարդ չկա: Ու, Աստված չանի՝ այդ պահին Ալենը ներս ընկնի, թե՝ կորած ենք, շեֆ, ամեն ինչ գնաց գրողի ծոցը, հրապարակը լեփ-լեցուն է մարդկանցով: Ալենին «տռաս կհանի» ու կշարունակի թերթել Դանչոյի ուղարկած «վավերագիր»-լուսանկարներն ու ինքնախաբվել:
Ի՞նչ կարելի է խորհուրդ տալ Նիկոլին այս դեպքում: Հիմա կասեք՝ նրան խորհուրդներ տալու ժամանակն անցել է… Գուցե: Բայց մի բան, այնուամենայնիվ, պետք է անել: Մտածում եմ՝ Նիկոլին հիշեցնել 44-օրյա պատերազմի մասին Արծրուն Հովհաննիսյանի հոգեպարար երգերը, որոնք ինքնախաբեության էին դրդում ոչ միայն իրեն՝ Նիկոլին, այլեւ մի ողջ ժողովրդի… Հօդս ենք ցնդեցնում, զգետնում ենք, «գյոռբագյոռ» ենք անում… Հադրութի մասին էլ, հիշո՞ւմ եք, մի հայրենասիրական երգ էր գրել՝ ես հիմա Հադրութում եմ, եւ այստեղ ոչ մի թուրք չկա:
Դանիել Իոաննիսյանի լուսանկարները, ընդդիմության հավաքները հնարավորինս սակավամարդ ցուցանելուց զատ, մի բացասական կողմ էլ ունեն, որ Նիկոլը չի նկատում: Այդ լուսանկարներից չի երեւում, թե ինչու է ընդդիմությունը հավաքվել կամ ինչ է ուզում ընդդիմությունը՝ առհասարակ: Հանրահավաքի բովանդակությունը չկա, բացակայում է լուսանկարներից: Լավագույն օրինակը «Ուժեղ Հայաստանի» հունիսի 3-ի հանրահավաքի լուսանկարներն են: Տարբեր փողոցներով ընթացող երթը դեռ հրապարակ չէր հասել, որ Դանչոն արդեն նկարել էր հրապարակն ու ուղարկել Նիկոլին, թե մարդ չկա, առավելագույնը՝ 17 հազար: Իսկ 17 հազարն ի՞նչ է Նիկոլի համար… Եվ այդ թվից արդեն Նիկոլն ինքնախաբվում է, սկսում հավատալ Դանչոյի ստեղծագործ տաղանդին: Իրականությունը, մինչդեռ, այն է, որ «Հայաստան» եւ «Ուժեղ Հայաստան» դաշինքների, ինչպես նաեւ՝ «Բարգավաճ Հայաստան»-ի հանրահավաքներում արդեն իսկ առկա է այն կրիտիկական զանգվածը, որ բավարար է՝ Փաշինյանի նման մի քանի վարչապետի գրողի ծոցն ուղարկելու համար: Դանչոյի լուսանկարներում դա չի երեւում: Չի երեւում նաեւ ընդդիմության հանրահավաքների բովանդակությունը, որն ըստ էության մեկ բանի մասին է՝ տակավին գործող խայտառակ իշխանությանը «տուն ուղարկելու»: Այս մասին Նիկոլին, իհարկե, զեկուցում են, բայց Նիկոլը, ինչպես ասացի, ինքնասիրահարվածի պես սիրահարվել է Դանչոյի լուսանկարներին եւ հաճույքով ինքնախաբվում է, չի ուզում հավատալ պարզ իրականությանը:
Մի փոքր էլ բացենք իրականությունը: Պարոն Փաշինյան, Դուք ասում էիք, որ եթե ժողովուրդը պահանջի, ռադներդ կքաշեք: Ձեր բառերն են: Այդ պահանջն այսօր ձեւակերպված է, հնչում է ընդդիմության բոլոր հանրահավաքներում: Եվ, ուրեմն, ինչո՞ւ եք ծամոնը ձգում մինչեւ ընտրություններ, հրաժարական չեք տալիս ու մարդավարի հեռանում: Անպայման ժողովուրդը պիտի ռա՞դ անի, որ դրա համն էլ զգաք: Դուք ասում էիք՝ եթե ժողովուրդը որոշի, որ կանգնեմ գնդակահարության պատի տակ, ապա ես կկանգնեմ: Ընդդիմության հանրահավաքներում, ի դեպ, ժողովուրդը հենց դա է պահանջում, բայց որոշում կայացնելու որեւէ մեխանիզմ, ցավոք, դեռ չունի: Դանչոն էլ միտումնավոր Ձեզ այնպիսի լուսանկարներ չի ուղարկում, որոնցում արտացոլված լինի, թե ինչպես է երկրիս իրավապահ համակարգը «պաշարում ու հսկում» հրապարակները, որ այդ որոշումը հանկարծ չկայացվի:
Շարունակեք ինքնախաբվել, պարոն Փաշինյան, ի՞նչ ասեմ: Ամբողջ Հայաստանը ճիպոտով քշիր, բեր քո հանրահավաքին ու ինքնախաբվիր Դանչոյի՝ այդ պահի լուսանկարներով: Չմոռանաք, սակայն, բովանդակության մասին: Հանրահավաքը պետք է նաեւ բովանդակություն ունենա: