Երեկ ձերբակալվել էր քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ «Քննչական կոմիտեում ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների համաձայն՝ Տիգրան Վարդանյանը և Ալեն Ղևոնդյանը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել: Ստացված հաղորդումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնց շրջանակում Տ.Վ.-ի և Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ալեն Ղևոնդյանը ձերբակալվել էր։ Ղևոնդյանի համար խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, հրապարակային խոսքի արգելքը։ Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է:
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը մեզ հետ զրույցում խոսելով գործի մանրամասների մասին, ասում է․ «Այն գրառումը, որի հիմքով հարուցվել է այս վարույթը, չի պարունակում սահմանադրական կարգի տապալման կամ իշխանազավթման կոչեր, և առհասարակ, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի որևէ գրառում չի պարունակում հանցանքի տարրեր։ Ցավոք, ես չեմ կարող ասել, թե որ գրառման մասին է խոսքը, քանի որ դա համարվում է նախաքննական գաղտնիք, սակայն կարող եմ վստահեցնել, որ այդ գրառման մեջ չկա սահմանադրական կարգի տապալման նույնսիկ մեկ տարր և իշխանազավթման կոչ։ Սա հերթական զավեշտն է, իշխանության նպատակը քաղաքագետին լռեցնելն էր»։
Փաստաբան Հայկ Ալումյանն էլ խոսելով քաղաքագետ Ղևոնդյանին առաջադրված մեղադրանքի մասին, ասաց․ «Ամեն անգամ, երբ ինչ-որ ընդդիմադիր գործչի են ձերբակալում, կամ կալանավորում, ես հիշում եմ մի անեկդոտ, հին սովետական անեկդոտ է․ մի մարազմատիկ սովետական ղեկավար կար, այդ անեկդոտը իր մասին է։ Երկու փաստաբան Մոսկվայում իրար են հանդիպում, մեկը մյուսին հարցնում է, ասում է՝ դու մի պաշտպանյալ ունեիր, էն որ ասել էր՝ Բրեժնևը դեբիլ է, ի՞նչ արեցին նրա հետ, փաստաբանը ասում է՝ հինգ տարի տվեցին, ո՞նց, ասում է, վիրավորանքի համար առավելագույն ժամկետը մեկ տարի է, չէ, ասում է, նրան ոչ թե վիրավորանքի համար դատեցին, այլ պետական գաղտնիք հրապարակելու։ Հիմա սրանցն է»։