Հայ-ռուսական հարաբերությունները մակընթացությունների հերթական փուլ են մտել։ Վերլուծաբանները գուժում են ճակատագրական հետեւանքների մասին։
Կրքերը բորբոքվեցին նախ Նիկոլ Փաշինյանի` իտալական «Լա ռեպուբլիկա» թերթին տված հարցազրույցից, որտեղ Փաշինյանն ավելի բաց էր քննադատում ՌԴ-ին՝ հայտարարելով, թե Ռուսաստանը որոշ քայլերի, անգամ իր անգործության բերումով հեռանում է տարածաշրջանից, եւ հնարավոր է` մի օր արթնանանք ու տեսնենք, որ Ռուսաստանն այլեւս տարածաշրջանում չէ։ Ռուս խաղաղապահների մասին էլ ասել էր, թե նրանք չեն կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնած առաքելությունը, քննադատել էր ՀԱՊԿ-ին․ «Հայաստանի հանրությունը խոր հիասթափություն է ապրել եւ ապրում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործելակերպի վերաբերյալ, կարծում եմ՝ ակնհայտ է, նաեւ սա է պատճառը, որ ՀԱՊԿ 2022 թ. աշնանը Երեւանում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը չվավերացրեց, չմիացավ մի շարք փաստաթղթերի, եւ քանի որ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունում են կոնսենսուսով, այդ դեպքում որոշում չընդունվեց»։
Ինչպեսեւ սպասելի էր, Ռուսաստանից պատասխանը չուշացավ՝ սկզբում պետական «ՏԱՍՍ» գործակալությունը, հղում տալով ՌԴ ԱԳՆ դիվանագիտական աղբյուրին, գրեց․ «Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ եւ հարեւան, չի պատրաստվում լքել Հարավային Կովկասը, եւ Երեւանը չպետք է Արեւմուտքի գործիքը դառնա՝ ՌԴ-ին դուրս մղելու համար», որն Արեւմուտքի ծրագիրն է, եւ որտեղ Երեւանը որպես գործիք է օգտագործվում` այդ նպատակին հասնելու համար։ Մինչդեռ Ռուսաստանում Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում են ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ որպես հավասար փոխշահավետ, իր արդյունավետությունն ապացուցած համագործակցություն։
Հաջորդիվ հնչեցին նաեւ անվանական քննադատություններ։ Նիկոլ Փաշինյանը «գնալով ավելի լկտի» հայտարարություններ է անում Ռուսաստանի դեմ` հայտարարեց ՌԴ խորհրդարանի ստորին պալատի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Պուտինի խոսնակ Պեսկովն էլ վերահաստատեց, որ Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ ո՛չ տարածաշրջանից, ո՛չ Արցախից եւ ո՛չ էլ Հայաստանից:
Նշենք նաեւ, որ հարցազրույցից ուղիղ երկու օր անց ՀՀ կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկեց խորհրդարան, որը եթե առանց վերապահումների վավերացնեն, կնշանակի՝ պարտավոր են կատարել դրանից բխող՝ Պուտինին ձերբակալելու պահանջը։ Երեկ ՌԴ ԱԳՆ-ից հայտնեցին նաեւ, որ այս համաձայնագրի վերաբերյալ էլ են հայկական կողմից պարզաբանումներ պահանջել։ ԱԳՆ խոսնակը, երկրորդ անգամ անդրադառնալով Փաշինյանի աղմկահարույց հարցազրույցին, նշել էր նաեւ․ «Պետք է կարողանալ պատասխանել սեփական արարքների համար, այլ ոչ թե շարունակ մեղավորներ փնտրել»։
Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումը, Ադրբեջանի սպառնալիքներն ու խաղաղության օրակարգի դե ֆակտո ձախողումը թերեւս ավելի իրատեսական են դարձնում կանխատեսումները, որ Հայաստանին ճակատագրական զարգացումներ են սպասվում։ Հիշեցնենք, որ նույն հարցազրույցում Փաշինյանը, խոսելով խաղաղության պայմանագրի մասին, նշել էր, որ առանցքային կետերի շուրջ համաձայնությունը չի կայացվել, նախօրեին էլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ փաստաթղթի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները տեւական ժամանակ է՝ անարձագանք են մնացել Ադրբեջանի կողմից: Իսկ մեր թշնամի պետությունում ռազմական վարժանքներ են իրականացվում, սահմանին զինտեխնիկա է տեղակայվում, նոր զենքեր են ներկրվում։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՔՊ-ական անդամ Գուրգեն Արսենյանը, ով, ըստ լուրերի, առաջիկայում ՌԴ-ում ՀՀ դեսպան է նշանակվելու, մեզ հետ զրույցում ասաց, թե հայ-ռուսական հարաբերություններում արտասովոր լարում չկա, հարաբերությունները ճշգրտելու բնականոն ընթացք է, եւ պետք չէ արհեստական լարում մտցնել։ Ի՞նչ կարծիքի է ռուսաստանյան այն տեսակետի մասին, թե Հայաստանն Արեւմուտքի ձեռքին հակառուսական գործիք է դարձել, որը կարող է վատ հետեւանքներ ունենալ։ Գուրգեն Արսենյանը դիվանագիտական պատասխան տվեց․ «ՀՀ վարչապետի կողմից հնչեցված թեզերը նկարագրությունն են այն իրավիճակի, որն այս պահին կա: ՌԴ-ի պատկան մարմինների կողմից հնչեցված տեսակետները մի քիչ ներվային արձագանք են այն իրականությանը, որում մենք ապրում ենք, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի եւ Ռուսաստանի պետական մարմինների կողմից գործողություններ են արվում, որպեսզի վատթարացվեն հայ-ռուսական հարաբերությունները: Դրանք ընթացիկ, օրակարգային, առօրյա վիճակ են: Առօրյա՝ որովհետեւ ՀՀ ղեկավարությունը սպասարկում է Հայաստանի շահերը, Ռուսաստանի պատկան մարմինները ձգտում են իրականացնել իրենց երկրի շահերը։ Ուստի սրանք ընթացիկ, ոչ մի ցնցում չպահանջող գործընթացներ են, եւ ստրատեգիական հետեւություններ անելու հիմքեր չկան»։
Գուրգեն Արսենյանի խոսքով՝ այս իրավիճակում փորձագետի անվան տակ հայտնված քարոզիչները միայն դժնդակ կանխատեսումներ են անում․ «Աշխատանքային նորմալ պրոցես է, մենք մի բան ենք ասում, իրենք` մի ուրիշ բան, մենք ուզում ենք հասնել մեր նպատակներին»։ Ինչ վերաբերում է Զատուլինի արձագանքին, ապա, ՔՊ-ական պատգամավորի գնահատմամբ, Զատուլինն ունի անձնական դրդապատճառ․ «Իրեն էլ կարելի է հասկանալ»:
Ըստ Արսենյանի՝ այդ կոշտ դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է․ «Աշխարհաքաղաքական լուրջ շրջադարձ ակնկալող պրոցես չկա»: Մեր դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունների գործողություններից տեսանելի է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության միտումը, պատգամավորն արձագանքեց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին վեկտորային պրոցեսները փոքր-ինչ խամրել են, որովհետեւ ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական, տեկտոնական լուրջ տեղաշարժեր են տեղի ունենում՝ դրսում, մենք մեր ազատությունը չունենք: Սակայն հասկանալով, որ նման պրոցես է տեղի ունենում, մենք ամրապնդում ենք մեր կայունությունը»։
Ոչ վաղ անցյալում հակառուսական որոշ արտահայտություններ արած Արսենյանի դիրքորոշումներում նկատելի փոփոխություններն արդյոք պայմանավորվա՞ծ են նրանով, որ առաջիկայում հնարավոր է դաշնակից պետությունում դեսպան նշանակվի: Այս հարցին Գուրգեն Արսենյանը չցանկացավ պատասխանել։
Նշենք նաեւ, որ նախօրեին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Հանրայինի եթերում վստահեցրել էր. «Հայ-ռուսական հարաբերությունները վերականգնելու անհրաժեշտություն չկա, քանի որ դրանք ընդհատված չեն ․․․ Ընդհանրապես, տրամաբանություն չկա այն պնդման մեջ, որ Հայաստանը հակառուսական գործիք է, չկա դրա մասին վկայող որեւէ փաստ, եւ չի կարող դրա մասին լինել արժանահավատ վերլուծություն»։