«Մեծարգո» վարչապետի նախորդների օրոք քաղաքում կազմակերպվող եկեղեցական երթերը իրականացվում էին երկու Սուրբ Սարգիս եկեղեցիների միջև: Դրանք, բնականաբար, անց էին կացվում հոգևորական դասի ներկայացուցիչների մասնակցությամբ և Արարատյան թեմի առաջնորդ Կճոյանի գլխավորությամբ: Նախորդ օրվա «ուղտերթն» աշխարհիկ բովանդակություն ուներ, քանի որ կազմակերծվել էր գործող իշխանության կողմից: Եվ երթն էլ գլխավորում էր ոչ թե Կճոյանը, այլ «մեծարգոն»: Այնպես որ այն՝ նույնիսկ եթե դիտարկվի որպես «ուխտերթ», որևէ կապ չունի եկեղեցական երթի հետ: Ենթադրում եմ, որ դա գիտակցում էր նաև նախաձեռնողը, ով իր շուրջն էր հավաքել տեղական կամ պետական կառավարման կառույցների աշխատակիցներին: Ու հենց այդ գիտակցումի դրսևորումն էր նրա այն հայտարարությունը, թե «եկեղեցին ու պետությունն այլևս իրար հետ են»: Որ բարձրաձայնվեց երթի վերջում, Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակում անցկացված միտինգին: Բայց եթե չգիտակցեր էլ, նրա ազդեցության տակ ընկած 10 կղերականները նրան կասեին, որ երթը սովորաբար ավարտվում է աղոթքով և մոմավառությամբ և ոչ թե քաղաքական ելույթով:
Ինչպես «Հրապարակ»-ի իմ գործընկեր Էդիկ Անդրեասյանն էր բացահայտել, հայերեն բառարաններում բացակայում է «ուխտերթ» բառը: Ճիշտն ասած, ես էլ նայեցի. Իրոք, նման բառ չկա: Բայց քանի որ «մեծարգոն» անընդհատ ինչ-որ նորություն է մատուցում հայաստանցիներին, ապա «ուխտերթն» էլ կարող է լինել դրանցից մեկը: «Ուխտերթի» ընթացքում վերջինիս երկնած մյուս նորությունը «եկեղեցու ու պետության՝ այլևս իրար հետ լինելու» հանգամանքն է: Չնայած դա մեզանում նորություն է, սակայն միջազգային մակարդակում այդ երևույթը գոյություն ունի վաղուց: Բյուզանդական կայսրությունում, օրինակ, կայսրը միաժամանակ եկեղեցու գլխավորն էր: Նույն երևույթը հաստատվեց Անգլիայում Հենրի 8-րդի (16-րդ դարի առաջին կես) օրոք: Ավելին, այսօր այն գործում է նաև մեր հարևան Իրանում: Իրանի հոգևոր առաջնորդը՝ ռախբարը, միաժամանակ պետության ղեկավարն է: Չգիտեմ, գիտակցում է, թե ոչ «մեծարգո» վարչապետը, սակայն հենց այդպիսի միասնություն է ենթադրվում՝ երբ պետությունն ու եղեղեցին լինում են իրար հետ: Սակայն որպեսզի դա տեղի ունենա, ապա ինքը պետք է հրաժարական ներկայացնի՝ վարչապետի կարգավիճակը զիջելով Վեհափառին: Կամ էլ ինքն իրեն պետք է ընտրի կաթողիկոս՝ մնալով վարչապետի պաշտոնին: Ինչ մնում է այդ գործընթացում ՀՀ Սահմանադրություն խախտելուն, ապա դա կլինի բազմաթիվ խախտումներից հերթականը:
Հա, մի բան էլ ասեմ «ուղտերթի» (կամ «ուխտերթի») մասին ու փակենք թեման: «Մեծարգոյի» կողմից ՀՀ ԱԺ նախագահ նշանակված Սիմոնյան Ալենն ի տես այդ գործողության՝ արտահայտել է իր կարոտախտը երթերի առումով: Ու ես հիշեցի 2018-ի հոկտեմբերին դեռևս «դուխով» Նիկոլի կազմակերպած երթը: Որին, ինչ մեղքս թաքցնեմ, մասնակցել եմ նաև ես՝ չնայած դադարեցրել եմ այն ավելի շուտ՝ քաղաքի Երրորդ մասի հրապարակում: Եվ կարող եմ վկայել, որ 2018 թվականի համեմատությամբ նախորդ օրը տանյակներով անգամ պակաս մարդ էր հավաքվել «մեծարգոյի» շուրջը: Բայց դա էր երբեմնի «դուխով» Նիկոլի այսօրվա հնարավորությունը: Ինչի համար արժե, որ ազգովի «ցավակցենք» նրան: Որպեսզի ինքն էլ հոգեբանորեն պատրաստվի կես տարի անց հեռանալու բաղձալի այդ պաշտոնից: Ինչ մնում է եկեղեցու բակում «մեծարգոյի» ելույթի բովանդակությանն անդրադառնալուն, ապա դա լավագույնս կատարել է քաղաքագետ ու կուսակցականապետ Սուրեն Սուրենյանցը: Այն ներկայացված է «hraparak.am»-ում