Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը (դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ) դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Նշենք, որ դատավորը դատավճիռը կարդալիս դողում էր, հավանաբար, գիտակցում էր, թե ինչ անմարդկային բան է անում, եւ հուզմունքից անգամ Քրեական օրենսգրքի հոդվածը շփոթեց` Աջապահյանին մեղավոր ճանաչեց ՔՕ 442-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար, մինչդեռ նա մեղադրվում էր 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` ԶԼՄ-ներով «իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել»` 2024 թ. փետրվարի 3-ին, ապա 2025 թ. հունիսի 21-ին տված հարցազրույցների ժամանակ։
Այս եւ այլ հարցերի մասին զրուցել ենք հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի հետ:
- Ամիսներ առաջ, երբ Մայր Աթոռում մեծ թվով մարդիկ էին հավաքվել եւ աջակցություն էին հայտնում Հայ առաքելական եկեղեցուն, Ամենայն հայոց կաթողիկոսը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին ժպիտով ճանապարհեց կալանավայր, չնայած հավաքված բազմությունը դեմ էր դրան եւ պատրաստ էր պաշտպանել Սրբազանին: Այժմ, երբ 2 տարվա ազատազրկման դատապարտեցին Սրբազանին, ո՛չ Եկեղեցին, ո՛չ ընդդիմությունը ակցիա չիրականացրին, որեւէ կոնկրետ քայլ չարեցին: Իսկ Աջապահյանի դեպքը կարող էր նոր պայքարի սկիզբը դառնալ: 2020 թ. պատերազմի պարտությունից հետո հավաքական ընդդիմությունը մի քանի խոշոր հնարավորություն է բաց թողել` իշխանափոխություն անելու, այս առիթը նույնպես չօգտագործեցին: Ըստ Ձեզ` ի՞նչն է այդ ամենի պատճառը:
- Մայր Աթոռը հայտարարություն է արել: Այն ինստիտուտ է: Չի կարող այնպես լինել, որ կաթողիկոսն այդ հայտարարության մասին տեղյակ չլինի, սակայն ինչ վերաբերում է բուն պայքարին եւ այլնին, ես կարծում եմ, որ մեր պրոբլեմն այն է, որ մեր երկրի ընդդիմությունն ու իշխանությունը նույն հայացքով են նայում Եկեղեցուն` քաղաքական լիդերի տեսանկյունից: Ընդդիմությունն ասում է` Եկեղեցին պետք է իքս քայլերն անի ու լավ կանի, որ անի, իշխանությունն էլ ասում է` անում է, սակայն լավ կլինի, որ չանի: Առողջ, նորմալ դեմոկրատական համակարգերում Եկեղեցուց չպետք է նման ակնկալիքներ ունենալ: Պետք է ամեն մեկն իր վրա վերցնի իրեն հասանելիք քաղաքական պատասխանատվությունը: Եկեղեցին չպետք է մնա քաղաքական պատասխանատվության տակ: Բոլոր այն մարդիկ, ովքեր Եկեղեցուց սպասում են, որ մինչեւ վերջին արյան կաթիլը թափելու է իշխանության դեմ, այդ մարդիկ լավ չեն ճանաչում Հայոց եկեղեցու պատմության տրամաբանությունը: Գուցե շատ սիրում են մեր Եկեղեցին, սակայն լավ չեն ճանաչում Եկեղեցու պատմության օրինաչափությունները: Չի կարելի Եկեղեցուց նման ակնկալիքներ ունենալ:
- Բայց, ներողություն, որեւէ դեմոկրատական երկրում իշխանության առաջին դեմքն ամենաեղկելի հայհոյանքները չի տալիս հոգեւորականությանը, կաթողիկոսին, հոգեւորականներ չի կալանավորում` խոսքի համար, եւ այլն...
- Մենք հիվանդ պետական կյանքով ենք ապրում: Իշխանությունն իրեն պահում է խուլիգանախմբի նման, ընդդիմությունը քաղաքական ակնկալիքներ ունի այլ ընդդիմադիր սուբյեկտներից, օրինակ` Եկեղեցուց, Եկեղեցին էլ իր հերթին է սկսել զբաղվել քաղաքականությամբ, եւ այդպես շարունակ: Այս ամենը նորմալ պետական կյանքի մասին չէ: Իմ հույսն ու պայքարը նորմալ պետական կյանք վերադառնալն է, որտեղ ինստիտուտները կգործեն իրենց նշանակությամբ: Այն, ինչ այսօր տեղի է ունենում, այս ատելության մթնոլորտը, ամեն օր հարուցվող քրեական գործերը, որոնք Նիկոլ Փաշինյանի խաթրին կպնելու համար են եւ այլն, հետեւանքն են այն բանի, որ պարտվածը չհեռացավ: Նա այն ժամանակ որ պետք է հեռանար, նախընտրեց մնալ, որպեսզի հեռանանք մենք, եւ դա բերեց մի իրավիճակի, որ երկրում մթնոլորտը սկսեց թունավորվել: 70-ամյա պապիկների են դատում, բարկացած ժամանակ Նիկոլի մասին ինչ-որ բաներ ասելու եւ խնձոր նետելու համար, եւ այսպես մինչեւ վերջ թունավորելու են մեր հասարակության կյանքը, որովհետեւ չունեն ետդարձի ճանապարհ: Նիկոլ Փաշինյանենք որոշում են կայացրել, որ իրենց մնալու միակ երաշխիքը մեր չլինելն է: «Մեր» ասելով՝ նկատի ունեմ մեր տեսակը, այն մարդկանց տեսակը, ովքեր հպարտ ու հաշտ չեն պարտությամբ, ովքեր երջանիկ չեն, որ հազարամյակներով հայկական տարածքները հայաթափվել են, ովքեր հաշտ չեն այն փաստի հետ, որ երբ «զաժիգալկա» են վառում մեր առաջ, պետք է չորեքթաթ մոտենանք….
- Միքայել Աջապահյանը, ըստ Ձեզ, ինչո՞ւ ենթարկվեց նման խիստ պատժի:
- Դատարանը չէր կարող այլ դատավճիռ կայացնել: Եթե դատարանն այդ վճիռը չկայացներ, դատավորի մանկապարտեզի մահճակալի կողքի «տումբըչկայում», օրինակ, կարող էին կոկաին գտնել եւ հենց դատավորին կդատեին այդ դեպքում, կամ ասենք` այլ տեղում: Ես չեմ կարող կոնկրետ մոտիվներ ասել, որովհետեւ այժմ դատական համակարգը լցված է շատ տարբեր մարդկանցով: Մեջները կան նաեւ կարիերիստներ, ովքեր սողալու եղանակները հրաշալի հասկացել են, կան նաեւ մարդիկ, ովքեր ուղղակի վախենում են, կան նաեւ դատավորներ, ովքեր ՔՊ-ի քաղաքական համախոհներն են: Չեմ կարծում, որ, օրինակ, Մասիս Մելքոնյանը վախենում է իրավիճակի հետեւանքներից, դրա համար է նման դատավճիռներ կայացնում: Նա ՔՊ-ի ակտիվիստներից է եւ խոր գաղափարական համոզմունք ունի, որ այն, ինչ անում է ՔՊ-ն, ճիշտ է անում: Այնպես է ստացվել, որ այդ մարդու վրա ոչ թե քիլլերի պարտականություն է դրված, այլ՝ մարդ դատելու, եւ նա իդեալական անում է իր գործը: Գուցե Արմինե Մելիքսեթյանն էլ Ոստիկանության ակադեմիայում նիկոլական ոստիկանների հետ է մտերմացել, դրա համար է նման վճիռ կայացրել կամ առաջ գնալու ճանապարհ է գտել իր համար, կամ գուցե կոմպրոմատ կա իր վրա, գուցե ատում է բոլոր տեսակի ընդդիմադիր գործիչներին: Ամեն դեպքում, նա արել է անտրամաբանական, աննորմալ ու անհամաչափ քայլ, ինչը ստիպում է մտածել, որ գուցե այլ շարժառիթ ունի: