Քաղաքականություն

Ալիեւի խորամանկ ժպիտներն ու Փաշինյանի սեթեւեթանքը

Ալիեւի խորամանկ ժպիտներն ու Փաշինյանի սեթեւեթանքը

BRICS-ի գագաթնաժողովին Փաշինյանը հերթական անգամ Բաքվից «խաղաղության պայմանագիր» աղերսեց, ասաց՝  նախագիծը համաձայնեցված է առնվազն 80-90 տոկոսով, հայտարարեց, թե Երևանը Բաքվին առաջարկել է Նախիջևանի հետ կապի ապահովման համար սահմանային և մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգերի մեխանիզմներ կիրառել ու հերթական անգամ Ռուսաստանի համար զգայուն շեշտադրում արեց՝ նորից հերքելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրվածը, որի տակ ինքը ստորագրել է: «Բոլոր պնդումներն առ այն, որ Հայաստանը, իբրև, համաձայնել է, որ որևէ 3-րդ երկիր ապահովի իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը, կամ որ դա նշված է որևէ փաստաթղթում, չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարեց Փաշինյանը։ 

Բայց հայտարարություններից առավել ԶԼՄ-ների ուշադրությունը գրավեցին գագաթնաժողովի լիագումար նիստին Փաշինյան-Ալիեւ զրույցի կադրերը։ Դեմքի գոհ արտահայտությամբ, երջանիկ ժպիտով ու թեթեւ։ Մավրիտանիայի նախագահի ելույթի ընթացքում  արված զրույցի կադրերն այդ էմոցիաներն էին փոխանցում։ Հայաստանի վարչապետը լայն ժպտում էր իրեն ժամանակին ծաղրածու անվանած եւ «Նոլդու Փաշինյան» գոչող Ադրբեջանի նախագահին, որի երկրի բանտում են արցախյան գործիչները, հայրենիքը պաշտպանած հայ զինծառայողները եւ սպասում են, որ հայրենիք իշխանությունը իրենց հայրենիք կվերադարձնի։

Ալիեւ-Փաշինյան զրույցը շարունակվեց նաեւ ՌԴ նախագահ Պուտինի ելույթի ժամանակ, սոցիալական ցանցերում օգտատերերի ուշադրությունն էլ գրավեց այն կադրը, որտեղ Փաշինյանի դիմաց՝ սեղանին «Ադրբեջան» գրառմամբ ցուցանակն էր։ Իսկ մինչեւ նիստի մեկնարկը Փաշինյան-Ալիեւ ինտենսիվ զրուցի կադրերն էին տարածվել, որտեղ նրանց են միանում ԱԳ նախարարները։

«Կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, սահմանագծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով»,-Կազանում Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին ստանդարտ տեքստ  տարածեց ՀՀ կառավարությունը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնեցին՝ հանդիպումը տեւել է մեկ ու կես ժամ, իսկ Փաշինյանի ընտանեկան թերթի կայքը վերնագրում հատուկ ընդգծեց՝  «Կազանում առանց միջնորդի հանդիպել են Փաշինյանն ու Ալիեւը»։ Սա պատահական շեշտադրում չէր։ Սրանով, ըստ էության, ընդգծում է, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում Ռուսաստանը միջնորդ չէ ու առհասարակ, գործընթացը երկկողմ է՝ մի բան, որ 30 տարի երազել էր Ադրբեջանը՝ այն ժամանակ ապարդյուն ջանքեր գործադրելով ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ձեւաչափից Արցախյան հարցի կարգավորումը դուրս բերելու ուղղությամբ։ Հիմա, Ալիեւին պարտված, Արցախը նրան հանձնած իշխանությունը հպարտանում է, որ հանդիպումն առանց միջնորդների է ընթանում` ինչպես գայլը գառի հետ կհանդիպեին։ 

Նախօրեին էլ Արարատ Միրզոյանն էր ԱԺ ամբիոնից նույնը շեշտել՝ պատասխանելով 3+3 ձեւաչափի շրջանակում բանակցելու առաջարկի մասին հարցին, որը ՌԴ ԱԳ նախարար Լավրովն էր դաշտ նետել։ Միրզոյանն ասել էր, թե Երևանը նպատակահարմար չի գտնում դրական արձագանքել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները «3+3» հարթակ տեղափոխելուն։ «Մենք Ադրբեջանի հետ ունենք երկկողմ բանակցությունների ձևաչափ, ընդ որում, բոլոր ուղղություններով՝ և՛ սահմանազատման, և՛ խաղաղության պայմանագրի շուրջ»,-հպարտացել էր նա:  

Հայաստանի իշխանությունների՝ միջնորդներից խուսափելու քաղաքական կարճատեսության հետեւանքը հայ ժողովուրդն արդեն սեփական մաշկի վրա զգացել է՝ 44-օրյա պատերազմով ու Արցախի կորստով։ ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափում բանակցային գործընթացի հետեւողական տապալումն ու փաշինյանական զրոյական կետը, փաստացի, իրավիճակը հասցրին պատերազմի։ Հիմա Հայաստան-Ադրբեջան` առանց միջնորդների գործընթացն է նույն սցենարը գուժում։ Չնայած Ալիեւի խորամանկ ժպիտներին, որից գուցե իշխանությունները հալվում են, Բաքուն չի դադարում սպառնալ ու զինվել՝  Փաշինյանին առաջադրելով նորանոր պահանջներ։

Դատելով այն փաստից, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը Կազանում ներկա են եղել նաեւ երկու երկրների ԱԳ նախարարներն ու փոխվարչապետները, կարելի է ենթադրել, որ Հայաստանն առաջիկայում նոր զիջումների է պատրաստվում` սահմանազատման անվան տակ։ Հանդիպմանը, ըստ ամենայնի, Ալիեւին զեկուցվել է այդ զիջումները նախապատրաստող կանոնակարգի «հաջող» վավերացման մասին։ 

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image