Հարցազրույց

ՌԴ-ից կողմնորոշվել դեպի Ֆրանսիա, իսկ ի՞նչ է լինելու Արցախի հետ

ՌԴ-ից կողմնորոշվել դեպի Ֆրանսիա, իսկ ի՞նչ է լինելու Արցախի հետ

Ընտրություններին մասնակցող 25 քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերն արդեն իսկ տեղադրված են ԿԸՀ կայքում։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո բնական է, որ հասարակությունը բեւեռացած է երկու ճամբարում՝ պրոռուսական եւ հակառուսական։ Հակառուսական ճամբարում արմատավորվել են արեւմտյան կողմնորոշմամբ ուժերը՝ Հայաստանի եվրոպական կուսակցություն, ԱԺԲ, «Հանրապետություն», «Շիրինյան- Բաբաջանյան» դաշինք, ՔՈ, «Ինքնիշխան Հայաստան» եւ այլն։ Եվրասիական դաշտում խաղացողներն են՝ ԲՀԿ, «Հայաստան», «Պատիվ ունեմ», Տիգրան Ուրիխանյանի «Մեր տունը Հայաստանն է» եւ այլն։ Վերջիններս մի շեշտադրում են անում՝ վերականգնել Ռուսաստանի հետ արժանապատիվ գործընկերային հարաբերությունները, որոնք չեն կարող լինել Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում։ Մենք զրուցել ենք ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ։

- Ինչպե՞ս են ՌԴ-ում ընկալվում մեր քաղաքական ուժերի ուղերձները՝ ՌԴ-ի հետ նոր, արժանապատիվ հարաբերությունների վերադառնալուն։ Ռուսական կողմն ի՞նչ է դրա տակ հասկանում։

- Ես «արժանապատիվ» բառի իմաստը չեմ հասկանում։ Հիմա արժանապատի՞վ չեն։

- Քաղաքական ու քաղաքագիտական շրջանակների մեծամասնությունը կարծում է, որ՝ ոչ։ Համատեքստը Ձեզ համար հասկանալի չէ՞։

- Ես կարծում եմ, որ արժանապատիվ փոխհարաբերությունների բանաձեւը ենթադրում է, որ ՌԴ-ի հետ ներկայիս հարաբերությունները ոչ արժանապատիվ են։ Այդպե՞ս է։ Հետեւաբար՝ նա, ով նման հարց է բարձրացնում, պետք է բացատրի, թե ինչու է նա դրանք ոչ արժանապատիվ համարում։

- Քաղաքական ուժերի մի մասը հայտարարում է, որ ՌԴ-ն այս պատերազմում եւ հետո ապացուցեց անվտանգային համակարգերի նկատմամբ հայկական կարծրատիպերի սնամեջությունը, նախկիններն էլ համարում են, որ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ արժանապատիվ հարաբերություններ ունենալ Վլադիմիր Պուտինի հետ։

- Անկեղծ ասեմ, որ չգիտեմ, թե ինչ նկատի ունեն այդ քաղաքական ուժերը, որովհետեւ «արժանապատիվ հարաբերությունները» հռետորաբանություն է։ Պետք է ասել, որ այս, այս, այս տեղերում դուք ձեզ սխալ եք պահում, իսկ մենք ամեն ինչ կուղղենք։ Իսկ որտե՞ղ է ապացույցը, որ ներկայիս հարաբերությունները ոչ արժանապատիվ են։ Սա՝ առաջին, եւ երկրորդ՝ չլիներ Ռուսաստանը, Ղարաբաղն առհասարակ գոյություն չէր ունենա, եւ սա նույնպես լավ արդյունք է, որ այն դեռ կա, որ այնտեղ մարդիկ վերադարձել են։ Չլինեին ռուս խաղաղապահները, Արցախում առհասարակ հայ չէր մնա։ Ու սա արժանապատիվ արդյունք է։ Ռուսաստանը Հայաստանում 1․5 ռազմաբազա ունի․ Գյումրին եւ «Էրեբունին», Ռուսաստանն օգնում է սահմանների պահպանության հարցում, օգնում է Սյունիքում։ Սրանք անարժանապատի՞վ հարաբերություններ են։ Իսկ արժանապատիվ հարաբերությունները երեւի Ֆրանսիան են եւ ռուս խաղաղապահների ու սահմանապահների հեռացումը եւ կամ Արցախի հարցում պայմանավորվածություններից հրաժարումը եւ ֆրանսիացի սահմանապահներին սպասե՞լը։

- Այո, կան քաղաքական ուժեր, որոնք այդպես են մտածում՝ արեւմտամետ։

- Գիտեմ։ Եվ, հետեւաբար, ՌԴ-ից կողմնորոշվել դեպի Ֆրանսիա, այս ընթացքում ի՞նչ է լինելու Արցախի հետ։ Ռուս խաղաղապահների հեռացումն Արցախից՝ հայերի հետ միասին։ Համաձայն եմ Տեր-Պետրոսյանի երեկ հնչեցրած տեսակետի հետ, երբ նա ասաց, որ եթե Արցախում ռուսներ չլինեն, այնտեղ հայեր չեն լինի։

- Նա նաեւ ասաց, որ ՌԴ-ն 5 տարի անց չի հեռանա Արցախից։

- Կարդացել եմ, բայց ես, հակառակը, կարծում եմ, որ միանգամայն հնարավոր է, որ 5 տարուց ռուս խաղաղապահների մանդատը չերկարաձգվի։ Կա նման հավանականություն։

- Ֆանտաստիկայի ժանրից է հնչում։

- Ռուս խաղաղապահները երկակի մանդատ ունեն՝ հայկական ու ադրբեջանական կողմերից։

- Այսինքն՝ կարծում եք, որ Ադրբեջանը 5 տարի անց ռուս խաղաղապահներին խնդրելու է հեռանա՞լ։ Ռուսներն էլ հենց այնպես կվերցնեն ու կհեռանա՞ն։

- Այո, որովհետեւ Ադրբեջանը կարող է եւ չերկարաձգել մանդատը։ Եվ երկրորդ․ Հայաստանի ներսում էլ ավելացել են տրամադրություններ, որ ՌԴ-ին պետք է փոխարինել։ Ահա եւ վերջ։

- Հայաստանում միշտ էլ եղել են քաղաքական ուժեր, որոնք ունեցել են նման տրամադրություններ՝ եվրոպամետ, բնական է, որ դրանք պատերազմից հետո ավելացել են։

- Գիտեմ, բայց հիմա նման հայտարարություններ հնչում են Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցի համատեքստում։ Որ ավելի լավ է՝ Ֆրանսիան․․․

- Իսկ ինչպե՞ս ՌԴ-ում գնահատվեց Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը։

- Ոչ մի կերպ։ Այն ծիծաղելի է։

- Ինչո՞վ։

- Նրանով, որ Սերժը մտածում էր այդ ձայնագրությամբ մերկացնել Փաշինյանին։ Փաստորեն, ստացվեց, որ չմերկացրեց։

- Ինչո՞ւ, որովհետեւ ՌԴ-ն էլ անհարմա՞ր դրության մեջ հայտնվեց, երբ պարզվեց, որ Պուտինը, Նազարբաեւը, Լուկաշենկոն, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներն այսպես ոչ ֆորմալ գաղտնապահական մթնոլորտում հայկական կողմին նման նուրբ առաջարկներ են անում՝ Ալիեւի անունից։

- Ուրեմն այսպես․ Ռուսաստանը եղել ու մնում է միջնորդ, եւ դա թե՛ ԵԱՀԿ ՄԽ, թե՛ խաղաղարար մանդատն է։ Եթե ՌԴ-ն չփոխանցեր Իլհամի դիրքորոշումը, այն չէր հանդիսանա միջնորդ երկիր, որի խաղաղապահները չէին լինի Արցախում, իսկ Արցախում  արդեն վաղուց հայ չէր լինի։

- Իսկ ինչո՞ւ արեւմտյան համանախագահները նման ոչ ֆորմալ մթնոլորտում նման առաջարկներ չեն անում։

- Որովհետեւ վերջին պատերազմում, ինչպես մենք գիտենք, ԵԱՀԿ ՄԽ-ն կաթվածահար էր։

- Բայց չէ՞ որ, դատելով բովանդակությունից, խոսակցությունը եղել է 2018-ին։

- Դա եղել է թե՛ 2009-ին, թե՛ 2011-ին, թե՛ Կազանի հանդիպման ժամանակ, թե՛ մոսկովյան։ Եվ հանդիպման, այսպես ասած, տերերը, բոլորը կողմերին փոխանցում էին մյուս կողմի դիրքորոշումները։ Երեւանից՝ Բաքվին, Բաքվինը՝ Երեւանին։ Սա նորմալ է։ Ավելին՝ նրանք պարտավոր են դա անել։

- Ինչո՞ւ, ուրեմն, Սերժ Սարգսյանի նման խելոք եւ հաշվարկներ ունեցող անձը հրապարակայնացրեց այդ ձայնագրությունը։

- Կարծում եմ՝ սխալվեց։
 


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image