Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը ներկայացնում է որպես մարզերում կատարվող աննախադեպ աշխատանքներ։ Այդ ծրագրերն իրականացվում են պետական բյուջեի եւ տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ։ Սուբվենցիոն ծրագրերով համայնքներում ճանապարհներ են ասֆալտապատվում, սալիկապատվում, տուֆապատվում, ջրագծեր կառուցվում, այլ աշխատանքներ են իրականացվում։
Իշխանական քարոզչությունը սուբվենցիոն ծրագրերը հանրությանը ներկայացնում է մոտավորապես այսպես` տարիներ շարունակ տվյալ բնակավայրի ճանապարհը ցեխոտ էր, փոսառատ, խնդիրը չէր լուծվում, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ականջալուր եղավ համայնքի խնդրին, եւ դրան լուծում տրվեց։ Իշխանական լրատվության մեջ, որպես կանոն, նշվում է, որ սուբվենցիոն ծրագրում կառավարության ներդրումը կազմում է այսքան միլիոն դրամ: Մինչդեռ դրանք կառավարության գումարները չեն, այլ՝ հարկատուների մուծած հարկերից գոյացած պետական բյուջեի փողերը, որոնք ընդամենը տնօրինում է կառավարությունը։ Ընդ որում` վատ է տնօրինում, որովհետեւ շարունակ վարկեր է վերցնում արտերկրից, միջազգային ֆինանսական կազմակերպություններից։
Այնպես որ, պետական եւ սուբվենցիոն ծրագրերը նաեւ այդ վարկերի շնորհիվ են իրականացվում։ Սակայն մարզերի բնակիչները, գոհունակությամբ ընդունելով սուբվենցիոն ծրագրերը, հաճախ չեն խորանում, որ այդ ծրագրերի իրականացման համար է կառավարությունն արտերկրից մեծ վարկեր վերցրել, որոնք մարելու է` տոկոսներով հանդերձ, եւ հենց դրանք փակելու համար է պարբերաբար բարձրացնում քաղաքացիներից գանձվող հարկերն ու տուրքերը։ Պետական պարտքի 14 միլիարդ դոլարը հենց նման եղանակով է գոյացել: Սուբվենցիոն ծրագրերի հաստատումը կատարվում է մարզպետարանների, մարզպետների միջոցով, այդ ծրագրերը միջոց են՝ համայնքապետարանները, համայնքների ղեկավարներին իշխանությունից կախման մեջ պահելու համար։ Շատ են դեպքերը, երբ խախտվում են սուբվենցիոն ծրագրերի իրականացման ժամկետները, դրանք տարիներով ձգձգվում են։
Հունիսի 20-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում էի կատարել Տավուշում սուբվենցիոն ժամկետանց ծրագրերի վերաբերյալ։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Սուբվենցիոն ծրագրերի իրականացման պատվիրատու են հանդիսանում համայնքապետարանները։ Նմանատիպ խնդիրների կարգավորման ուղղությամբ համայնքապետարաններն իրականացնում են համապատասխան պայմանագրերով սահմանված գործառույթներ»: Դեկտեմբերի 16-ին նույն խնդրով տեղեկատվական նոր հարցում եմ արել Տավուշի մարզպետին․ «Որո՞նք են Տավուշի մարզում իրականացվող պետական եւ սուբվենցիոն ծրագրերը, որոնք պետք է ավարտված լինեին նախորդ տարիներին, 2025 թվականին, սակայն չեն ավարտվել, յուրաքանչյուր դեպքում ի՞նչն է եղել ծրագրի ժամկետի ձգձգման պատճառը»։
Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Տեղեկացնում եմ, որ սուբվենցիոն ծրագրերն ունեն դինամիկ ընթացք՝ մինչեւ ավարտը, նույնիսկ՝ ավարտից հետո: 2025թ. սուբվենցիոն ծրագրերից մինչեւ տարեվերջ կավարտվեն 3 ծրագրեր, 4 ծրագրեր կավարտվեն մասնակի, մնացած 8 ծրագրերը՝ իրենց ենթածրագրերով, կտեղափոխվեն 2026 թ.: Այլ հարցերի դեպքում կարող եք դիմել համապատասխան համայնքապետարան՝ տեղեկատվություն ստանալու նպատակով»:
Սակայն յուրաքանչյուր ծրագիր ունի հստակ ժամանակացույց, իրականացման ժամկետ, ուստի տարօրինակ է ծրագրի դինամիկ ընթացքի եւ անգամ ծրագրի ավարտից հետո դրա «դինամիկայի» մասին մարզպետի աշխատակազմի պնդումը։ Այդկերպ մարզպետի աշխատակազմը փորձում է արդարացնել սուբվենցիոն բազում ծրագրերի տարիներով ձգձգումը, դրանց իրականացման ժամկետների մեծ խախտումները։ 2026 թվականին կկայանան ԱԺ հերթական ընտրությունները, ՔՊ-ական իշխանությանը շատ են հարկավոր ընտրողների քվեները։ Այդ պատճառով համայնքներում պետք է ավելի շատ ծրագրեր իրականացվեն, ուստի ավելացվում է համայնքներին տրվող պետական լրավճարը՝ դոտացիան։ Տավուշի մարզխորհրդի տարեվերջյան նիստում մարզպետ Հայկ Ղալումյանը հայտարարել է, որ 2025-ին Տավուշի համայնքներին՝ Իջեւանին, Դիլիջանին, Նոյեմբերյանին եւ Բերդին տրամադրված պետական դոտացիան եղել է 6 միլիարդ 14 միլիոն դրամ, 2026 թվականին մարզի համայնքների պետական դոտացիան կավելանա 685 միլիոն դրամով։