Հասարակություն

Մի քանի միլիարդ դրամի արժողությամբ աշխատանքներ են տարվում համայնքում․ Գևորգ Փարսյան

Մի քանի միլիարդ դրամի արժողությամբ աշխատանքներ են տարվում համայնքում․ Գևորգ Փարսյան

Վերջին տարիների ընթացքում  Կապանն ակտիվորեն զարգանում է՝ սկսած քաղաքաշինության ոլորտից, կրթության, մշակույթի, սպորտի, սոցիալ-տնտեսականոլորտներ, բնապահպանական բազմաթիվ ծրագրեր են իրականացվում Կապանում: Այս մասին Կապանի օրվա առթիվ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

«Իհարկե, զարգացման տեմպերն ակնհայտ են և տեսանելի: Վերջին տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել և իրականացվում են: Քաղաքաշինության ոլորտում ներկա դրությամբ մի քանի միլիարդ դրամ արժողության աշխատանքներ են իրականացվում համայնքում՝ տարբեր ենթակառուցվածքների կազմակերպման, կառուցման, հիմնանորոգման և նորոգման աշխատանքներ, ինչպիսին են ճանապարհների հիմնանորոգումը, ջրագծերի կառուցումը, խաղահրապարակների, խաղադաշտերի կառուցումը, կանաչապատ այգիների կառուցումը և բարեկարգումը: Մենք նաև վերջերս իրականացրել ենք երկու փուլով մեր քաղաքի միջով անցնող գետի հունի բարեկարգման աշխատանքներ, ինչի արդյունքում բավականին տեսք են հաղորդում մեր քաղաքին և նույնիսկ դարձել է այցեքարտ»,-ասաց Փարսյանը:

Նա կարևորեց նաև մշակութային ոլորոտում իրենց ձեռքբերումները: 

«Եթե մենք տարիներ առաջ խոսում էինք այն մասին, որ պետք է մշակույթը դարձնենք Կապանի այցեքարտը, ապա այսօր կարող ենք ասել, որ այդ նպատակն արդեն իրականացված է, որովհետև արդեն երրորդ տարին է, որ Կապանում անցկացվում է միջազգային երաժշտական փառատոն, որն իր մասշտաբներով եզակին է Հայաստանում և արդեն նաև շատ ճանաչելի է դարձել Հայաստանից դուրս»,- նկատեց Փարսյանը:

Անդրադառնալով աշխատանքային զբաղվածությանը, նշեց, որ գործազրկությունը նախկին տարիների համեմատ ամենացածր ցուցանիշն է գրանցել: 

Կապանի համայնքապետը նկատեց, որ եթե նախկինում քաղաքացիների ընդունելության ժամանակ իրեն դիմում էին աշխատանքի տեղավորման, կամ այդ հարցում աջակցելու և միջնորդելու խնդրանքով գործազուրկ մարդիկ, ապա հիմա մեծամասամբ դիմում են աշխատանք ունեցող մարդիկ՝ ավելի լավ պայմաններով աշխատանքի տեղավորվելու հարցով:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեզ մոտ զբաղվածությունը բավականին մեծ է»,-շեշտեց վերջինս:

Ինչ վերաբերում է արտագաղթին, ասաց, որ պատերազմից հետո ենթադրում էին, որ արտագաղթ կլինի, սակայն ամեն տարեվերջին իրենց իրականացրած վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արտագաղթ չկա:

Զբոսաշրջության ոլորտն էլ այս տարի համեմատաբար ակտիվացել է: 

«Իհարկե, պետք է նաև անկեղծ ասեմ, որ այս տարվանից մենք էլ ենք սկսել ավելի լուրջ ուշադրություն դարձնել և կոնկրետ գործընթացներ, քայլեր իրականացնում ենք: Կարևորում ենք այդ ոլորտի զարգացումը, որովհետև դա մեր տեղային տնտեսության զարգացման ուղղություններից մեկն է: Եվ ի տարբերություն մյուս տարիների, այս տարի այս ոլորտն ավելի ակտիվ է»,- նկատեց Փարսյանը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image