Վերջին տարիների ընթացքում Կապանն ակտիվորեն զարգանում է՝ սկսած քաղաքաշինության ոլորտից, կրթության, մշակույթի, սպորտի, սոցիալ-տնտեսականոլորտներ, բնապահպանական բազմաթիվ ծրագրեր են իրականացվում Կապանում: Այս մասին Կապանի օրվա առթիվ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:
«Իհարկե, զարգացման տեմպերն ակնհայտ են և տեսանելի: Վերջին տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել և իրականացվում են: Քաղաքաշինության ոլորտում ներկա դրությամբ մի քանի միլիարդ դրամ արժողության աշխատանքներ են իրականացվում համայնքում՝ տարբեր ենթակառուցվածքների կազմակերպման, կառուցման, հիմնանորոգման և նորոգման աշխատանքներ, ինչպիսին են ճանապարհների հիմնանորոգումը, ջրագծերի կառուցումը, խաղահրապարակների, խաղադաշտերի կառուցումը, կանաչապատ այգիների կառուցումը և բարեկարգումը: Մենք նաև վերջերս իրականացրել ենք երկու փուլով մեր քաղաքի միջով անցնող գետի հունի բարեկարգման աշխատանքներ, ինչի արդյունքում բավականին տեսք են հաղորդում մեր քաղաքին և նույնիսկ դարձել է այցեքարտ»,-ասաց Փարսյանը:
Նա կարևորեց նաև մշակութային ոլորոտում իրենց ձեռքբերումները:
«Եթե մենք տարիներ առաջ խոսում էինք այն մասին, որ պետք է մշակույթը դարձնենք Կապանի այցեքարտը, ապա այսօր կարող ենք ասել, որ այդ նպատակն արդեն իրականացված է, որովհետև արդեն երրորդ տարին է, որ Կապանում անցկացվում է միջազգային երաժշտական փառատոն, որն իր մասշտաբներով եզակին է Հայաստանում և արդեն նաև շատ ճանաչելի է դարձել Հայաստանից դուրս»,- նկատեց Փարսյանը:
Անդրադառնալով աշխատանքային զբաղվածությանը, նշեց, որ գործազրկությունը նախկին տարիների համեմատ ամենացածր ցուցանիշն է գրանցել:
Կապանի համայնքապետը նկատեց, որ եթե նախկինում քաղաքացիների ընդունելության ժամանակ իրեն դիմում էին աշխատանքի տեղավորման, կամ այդ հարցում աջակցելու և միջնորդելու խնդրանքով գործազուրկ մարդիկ, ապա հիմա մեծամասամբ դիմում են աշխատանք ունեցող մարդիկ՝ ավելի լավ պայմաններով աշխատանքի տեղավորվելու հարցով:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեզ մոտ զբաղվածությունը բավականին մեծ է»,-շեշտեց վերջինս:
Ինչ վերաբերում է արտագաղթին, ասաց, որ պատերազմից հետո ենթադրում էին, որ արտագաղթ կլինի, սակայն ամեն տարեվերջին իրենց իրականացրած վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արտագաղթ չկա:
Զբոսաշրջության ոլորտն էլ այս տարի համեմատաբար ակտիվացել է:
«Իհարկե, պետք է նաև անկեղծ ասեմ, որ այս տարվանից մենք էլ ենք սկսել ավելի լուրջ ուշադրություն դարձնել և կոնկրետ գործընթացներ, քայլեր իրականացնում ենք: Կարևորում ենք այդ ոլորտի զարգացումը, որովհետև դա մեր տեղային տնտեսության զարգացման ուղղություններից մեկն է: Եվ ի տարբերություն մյուս տարիների, այս տարի այս ոլորտն ավելի ակտիվ է»,- նկատեց Փարսյանը: