Քաղաքականություն

«Հրապարակ». Բաքուն էլի թիրախավորել է Սամվել Շահրամանյանին, եւ դա Փաշինյանի «սրտով» է

«Հրապարակ». Բաքուն էլի թիրախավորել է Սամվել Շահրամանյանին, եւ դա Փաշինյանի «սրտով» է

Փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմել է դատարան՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության եւ այլ պատասխանատուների։ Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հայցի եւ հայցի ապահովման միջնորդության եզրափակիչ մասերը։ 

«Խնդրում ենք պարտավորեցնել պատասխանողներին՝ հերքել «ԼՂ հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված տեղեկությունը, թե ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր»,- ասված է պահանջում։ Հայցում նշված է, որ բնակչության ոչնչացման ու սպանդի վտանգը հաշվի առնելով՝ Արցախի տեղեկատվական շտաբի էջով տարածվել է հայտարարություն՝ Արցախը լուծարելու մասին, թեեւ նման հրամանագիր չի եղել։ Իսկ հայտարարության նպատակը, ըստ հայցվորի, Հայաստան-Արցախ միջպետական ճանապարհի ապաշրջափակումն էր եւ բնակչության սպանդի կանխումը։ 

«Որպես հայցի ապահովման միջոց՝ արգելել ՀՀ բոլոր դպրոցներում Հայաստանի պատմության 9-րդ դասարանի 2025 թվականի հրատարակության դասագրքի «ԼՂՀ-ն՝ չճանաչված պետություն» վերնագրված 5.2 գլխի «Փաստացի անկախություն» ենթավերնագրի եւ «ԼՂ-ի հայցը միջազգային ասպարեզում. վերադարձ պատերազմին» 5.3 գլխի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի ուսուցումը»,- նշված է պահանջում։ 
Ինչպեսեւ սպասվում էր՝ Ադրբեջանում բուռն են արձագանքել այս հայցին: Ողջ փորձագիտական հանրությունը, մասմեդիան, հատկապես՝ իշխանական քարոզչամեքենայի «սազանդարները», կրկին հակահայկական ու հակաարցախյան թունոտ «արտանետումներ» են անում՝ թիրախավորելով Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին: «Հայ ռեւանշիստների ճամբարում «առնետավազքը» շարունակվում է։ Ղարաբաղում օկուպացիոն խունտայի վերջին առաջնորդ Սամվել Շահրամանյանը կրկին զգացնել է տվել իր ներկայությունը։ Ի տարբերություն իր մի քանի գործընկերների, նա այժմ գտնվում է Երեւանում, այլ ոչ թե Բաքվում՝ մեղադրյալի աթոռին»,- գրում է ալիեւյան ռեժիմի խոսափող Մինվալը՝ անդրադառնալով Շահրամանյանի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի դեմ ներկայացված դատական հայցին: 
Ադրբեջանական ԶԼՄ-ներն այս թեման լուսաբանելիս չքմեղացել են եւ հերքել, թե արցախահայությանը գոյաբանական վտանգ չէր սպառնում 2023 թ. հայտնի իրադարձությունների ժամանակ: Բաքվում որոշել են «թարմացնել» Շահրամանյանի հիշողությունը՝ իրականում հերթական անգամ պնդելով, թե իրենց «հատուկ հակաահաբեկչական գործողությունը» «խաղաղասեր եւ մարդասիրական» բնույթ էր կրում: «Այն փաստը, որ անջատողական նախագիծը Ղարաբաղում ավարտվել էր, պարզ էր նույնիսկ 44-օրյա Հայրենական պատերազմում Հայաստանի պարտությունից հետո: Բայց այն փաստը, որ ադրբեջանական բանակն այդ ժամանակ չմտավ Խանքենդի (Ստեփանակերտ խմբ.), եւ ռուս «խաղաղապահները» տեղակայված էին մեր երկրի ղարաբաղյան շրջանի մի մասում, որոշակի պատրանքներ ստեղծեց անջատողական ղեկավարության մոտ: Ավելին, Հայաստանը, խախտելով բոլոր պայմանավորվածությունները, շարունակեց պահպանել 15 հազարանոց ուժեր Ղարաբաղում՝ հարյուրավոր տանկերով եւ այլ զրահատեխնիկայով, հրթիռային եւ թնդանոթային հրետանիով, էլեկտրոնային պատերազմի համակարգերով եւ այլն»,- ալիեւյան ցեղասպան ռեժիմի հայտնի թեզն է շրջանառել Մինվալը: Շարունակելով այլ քողի տակ ներկայացնել, իրականում՝ արդարացնել արցախահայության նկատմամբ էթնիկ զտումը, ցեղասպան քաղաքականությունը, Լաչինի միջանցքով Արցախի տեւական շրջափակումը եւ, ի վերջո, Արցախի հայաթափումը, Բաքվի քարոզիչները հիշեցրել են, որ սեպտեմբերի 28-ին Սամվել Շահրամանյանը «ստորագրել է Արցախը լուծարելու մասին հրամանագիրը»: Եթե հիշում եք, Շահրամանյանի սույն «հրամանագրով» 2024 թ. հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է դադարեցներ գոյությունը, եւ մինչեւ հաջորդ տարեսկիզբ պետք է լուծարվեին պետական բոլոր կառույցները։ 

Ըստ հայցադիմումի՝ Շահրամանյանը որոշումն ընդունել է հանուն Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության եւ կենսական շահերի ապահովման։ Ի դեպ, բուն հրամանագրի տեքստը չի հրապարակվել, դրա մասին միայն տեղեկություն է տարածվել, նախ՝ ռուսերեն, ապա՝ հայերեն։ Ու տեղադրվել է ոչ թե նախագահականի կայքում, այլ՝ այդ օրերին Ստեփանակերտից ստացվող պաշտոնական լրատվության հարթակ դարձած Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում։ 

Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլեւս գոյություն չունի, այս մասին 2023 թ. դեկտեմբերին «Ազատության» հետ զրույցում պնդել էր Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի՝ հոկտեմբերի 1-ից Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, դատավորները, մարդու իրավունքների պաշտպանը, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանակերտի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։ Շահրամանյանի այդ հրամանագրում նաեւ նշվում է, որ 2023 թ. հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են: Իսկ Բաքվում դարձյալ լկտիաբար հերքում են Շահրամանյանի վերջին պնդումը՝ կապված Արցախին եւ արցախցիներին սպառնացող վտանգի հետ, որով էլ պայմանավորված է եղել հայտնի թղթի գոյությունը: Պնդում են, թե «Ադրբեջանի իշխանություններն անմիջապես հայտարարեցին, որ իրենք ղարաբաղցի հայերին եւ նրանց ժառանգներին համարում են իրենց քաղաքացիներ եւ պատրաստ են ապահովել անվտանգության երաշխիքներ, քաղաքական եւ քաղաքացիական իրավունքներ»: 
Բայց այս ամենում ամենից ուշագրավն այն փաստն է, որ Ադրբեջանի եւ պաշտոնական Երեւանի տեսակետներն Արցախի եւ արցախահայության, նաեւ՝ Սամվել Շահրամանյանի հարցում, խիստ նման են իրար: 

Բավական է իրար կողքի դնել Նիկոլ Փաշինյանի, նրա ռեժիմի տարբեր տրամաչափի գործիչների հայտարարություններն ու գործողությունները: Հիշո՞ւմ եք, Արցախն Ադրբեջանի լիակատար վերահսկողության տակ անցնելուց ուղիղ մեկ տարի անց վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ Լեռնային Ղարաբաղը լուծարել, հանձնել ու դավաճանել են վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն ու նրա դաշնակիցները` Ստեփանակերտում եւ Երեւանում: Մինչդեռ հենց ինքն է վերջին տարիներին պարբերաբար հայտարարել՝ ԼՂ լուծարումն անխուսափելի էր, Ադրբեջանն էլ Արցախում ցեղասպանության էր նախապատրաստվում: ԼՂ լուծարման համար Սամվել Շահրամանյանին մեղադրելիս Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները շրջանցում են անցած տարիների բանակցային գործընթացի վերաբերյալ իրենց իսկ արած բազմաթիվ հայտարարությունները: 44-օրյա պատերազմից հետո նրանք բազմիցս են պնդել, որ Արցախի հարցը փակվել է դեռ 90-ականներից, բանակցություններն էլ կեղծ էին: Արցախի անկումից հետո Հայաստանի իշխանությունը դադարեց խոսել ղարաբաղյան խնդրից եւ արցախահայերի վերադարձի իրավունքից: Ավելին, Հայաստանի իշխանություններն անամոթաբար պնդում են, թե Արցախի պետական մարմինների պահպանումը սպառնալիք է Հայաստանի համար (հաստատապես դրանով են պայմանավորված Արցախի նախկին քաղաքապետերի եւ համայնքապետերի հետապնդումները, կալանավորումները)։ Եվ, այո, այս ամենը հերթական անգամ վկայում է, որ փաշինյանական եւ ալիեւյան ռեժիմները նույնպիսի հանցավոր դիրքորոշում ունեն Արցախի եւ արցախահայության հարցում: Մնացյալն ընթերցողի խորհելիքն է...

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image