Իրավագիտության թեկնածու, դոցենտ Գեւորգ Պետրոսյանն Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից 2024 թվականի բյուջեի զեկուցմանը ԶԼՄ-ների մուտքն արգելելու մեջ հանցագործության տարրեր է տեսնում։ Մեզ հետ զրույցում Պետրոսյանը վկայակոչեց Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածը․ «Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ բառի, տառացի իմաստով խուժանություն, երբ լրագրողների մուտքն արգելվեց պետական բյուջեի մասին երկրի գլխավոր քարուքանդ Նիքոլ Փաշինի կազմակերպված քննարկմանը։ Այսպիսի բան երբեք չի եղել։ Իհարկե, նա պետական բյուջեն այնքանով կարող էր զեկուցել, ինչքանով ես, օրինակ, նամազի ժամանակ Ղուրան կարդամ։ Այդպիսի արհամարհանք չորրորդ իշխանության նկատմամբ երբեւէ չի եղել, եւ դա ենթակա է որակման Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածով, մասնավորապես ՔՕ 237-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար։ Ընդ որում, հոդվածն ունի նաեւ որակյալ մաս, այսինքն՝ ծանրացնող մաս․ «Պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով լրագրողի աշխատանքին խոչընդոտելը», որի համար, ՔՕ 237-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, նախատեսված է ընդհուպ մինչեւ 2-5 տարի ազատազրկում։ Հիմա, եթե մեր երկրում գործում է Սահմանադրությունը, որի 28-րդ հոդվածի համաձայն՝ բոլորը հավասար են օրենքի առաջ, պետք է ՔՕ 237-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական վարույթ նախաձեռնվի երկրի գլխավոր քանդարար Նիքոլ Փաշինի նկատմամբ։ Դուք ունե՞ք ինֆորմացիա՝ կա՞ այդպիսի վարույթ, թե՞ ոչ․ ես վստահ եմ, որ չկա, որովհետեւ մեր երկիրն ապրում է երկակի ստանդարտների ժամանակահատվածում, երբ բոլոր միջամտությունները, օրենքի կիրառման բոլոր դեպքերն իրականացվում են ընտրանքային ձեւով․ ում հանդեպ ուզում` անում են, ում հանդեպ չեն ուզում` չեն անում։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ այսպիսի բան լիներ այն ժամանակ, երբ Նիքոլ Փաշինն ընդդիմադիր գործիչ էր, չգիտեմ, թե ով էր վարչապետը կամ նախագահը, ու լրագրողների մուտքն արգելեին․․․։
Եվ, վերջապես, մի ճշմարտություն կա․ ժողովրդավարության կարեւոր դրսեւորումներից մեկն այն է, քանի որ Սահմանադրությունը հռչակում է Հայաստանը որպես ժողովրդավարական պետություն, կարեւոր դրսեւորումներից մեկն այն է, որ ժողովուրդն իրազեկված լինի իր կյանքը կազմակերպելու վերաբերյալ իշխանության ծրագրերի մասին, իսկ ժողովրդի չորրորդ իշխանությունը լրատվական իշխանությունն է, այսինքն՝ ժողովուրդը, որ կարող է իրազեկվել, թե ինչ է իրեն սպասվում, որ ծրագրին ինչքան գումար է հատկացվում եւ այլն, այսօր ժողովուրդը զրկված է դրանից, որովհետեւ արգելվում է լրագրողների մուտքն ԱԺ այդ լսարան, որտեղ խոսվում է պետական բյուջեի մասին։ Այսպիսի խուլիգանություն, խուժանություն ոչ մի իշխանության օրոք չի եղել։ Ես ոչ մի իշխանության ո՛չ գովերգելու նպատակ ունեմ, ո՛չ էլ ցանկություն, բայց պետք է նաեւ իրատես լինել․ այսպիսի այլանդակություն, ժողովրդավարության այսպիսի սպանդ ոչ մի իշխանության օրոք չի եղել, սա միայն ու բացառապես Նիքոլ Փաշինի իշխանության օրոք է»։
Հարցին, թե ինչից է վախենում Փաշինյանը, ինչ կարող էին նրան լրագրողներն անել, Պետրոսյանը պատասխանեց․ «Գիտեք՝ ինքը չափազանց վախկոտ անձնավորություն է։ Մի ժամանակ վախենում էր փողոց դուրս գալ, հիմա արդեն վախենում է լրագրողներից։ Երեւի մտածում է, որ մի լրագրող կարող է իրեն այդ պահին ինչ-որ մի վնաս պատճառել։ Բացի այդ, ինքը նաեւ վախենում է հարցերից, որովհետեւ ինքը չափազանց անգրագետ անձնավորություն է, եւ նա ոչ մի բանի լիարժեք չի տիրապետում։ Ես որեւէ կադր չեմ նայել, բայց վստահ եմ, որ նա այդ ամենը կարդալով կամ անգիր անելով է զեկուցել, նաեւ դրանից է ամաչում, որ ժողովուրդը հերթական անգամ կհամոզվի, որ ունի անգրագետ վարչապետ, որը ոչ մի բանի չի տիրապետում։ Ես վստահ եմ, որ եթե այդ տեքստն իր դիմացից վերցվի, ու իրեն ասեին՝ բանավոր ասա, ինքը պարտիզանի նման կլռեր, դրա համար էլ վախեցել է ինչպես ֆիզիկական ներգործությունից, այնպես էլ լրագրողների խելացի հարցերից»։