Եկեղեցին չունի բանակ։ Նրա բանակը մե՛նք ենք՝ հավատավոր ժողովուրդը։ Աշխարհաքաղաքական այս իրավիճակում, երբ Հայաստան աշխարհի գոյության հարցն է դրված՝ Կաթողիկոսը գտնվում է երկու քարի արանքում՝ խոսել՝ վտանգավոր է, չխոսել՝ ավելի վտանգավոր։ Եթե նա խոսի, նրան մեղադրելու են քաղաքականության մեջ խառնվելու, իշխանությանը դեմ դուրս գալու համար։ Եթե լռի՝ նրան կմեղադրեն դավաճանության, համակերպման և հավատքի լռեցման համար։ Երկակի պատ է ստեղծվել։ Կաթողիկոսը իր հոտը մենակ չպիտի թողնի։ Դա նրա առաքելությունն է՝ ամենակարևոր առաքելությունը։
Նա իր հոտի, իր ժողովրդի աչքերով է նայում իշխանությանը։ Իսկ ժողովրդի աչքերն այսօր սարսափած, այլայլված են, երբ տեսնում է, որ սեփական իշխանությունն աշխատում է օտար օրակարգով։ Ժողովուրդը ահաբեկված է, երբ տեսնում է, որ Հայաստան աշխարհը դառնում է օտարների փայ, ահաբեկված է, որ պետական բոլոր ինստիտուտները մեկ մարդու քմահաճույքով փլուզվել ու մնացել է վերջինը՝ Եկեղեցին։ Անհաղո՞րդ մնա Եկեղեցին իր հոգևոր արժեքների փլուզման, իր հավատավոր ժողովրդի ձայնին։ Այս իշխանությունը հենց դա՛ է ուզում, որ Եկեղեցին մնա իր ժողովրդի ցավին ու դավին անտեղյակ, անհաղորդ։ Կաթողիկոսի լռությունը ես հասկանում եմ։ Նրա խոսքը պիտի լինի դատապարտում կամ օրհնություն՝ երրորդ տարբերակ չկա։ Հենց այդ պատճառով է այդ խոսքը վտանգավոր․
դատապարտելը կարող է սասանել պետության հիմքերը, լռելը՝ արդարացնել անարդարությունը, խեղել պատմական ճշմարտությունը։
Մենք այս միջակայքում ենք։ Չպետք է անտեսել, որ երբ լռությունը երկարաձգվում է, դառնում է իշխանության տարածք։ Այսօր իշխանությունը փորձում է զբաղեցնել հենց այդ տարածքը՝ քարոզչությամբ, կեղծ բարոյականությամբ և իբր նոր արժեքային օրակարգով։ Երբ Եկեղեցին լուռ է, այդ դատարկությունը լցվում է պետական քարոզով։ Լռությունը սկսում է աշխատել ոչ թե Եկեղեցու, այլ իշխանության օգտին։ Հենց դա է պատճառը, որ Եկեղեցին հայտնվել է հոգևոր շանտաժի դաշտում, որտեղ յուրաքանչյուր բառ կամ լռություն կարող է վերածվել զենքի։ Եկեղեցին չունի բանակ, չունի ուժային կառույցներ, վարչական լծակներ։ Եկեղեցու բանակը մենք ենք։ Նրա պաշտպանության խնդիրը դրված է հավատավոր ժողովրդի վրա։